ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ռ․Մուզիլ․ «Պորտուգալուհին»
16:00 06.10.2019

Ռ․Մուզիլ․ «Պորտուգալուհին»

20-րդ դարի գեղարվեստական մտածողության վրա Ռոբերտ Մուզիլի թողած ազդեցությունը հսկայական է։ Ավստրիացի գրողը զբաղված էր մարդու «գիտակցության աշխարհը» պատկերելով ու վերլուծելով։ Դրա համար էլ բուռն ու սրընթաց գործողություններ չկան նրա արձակում։ Ամեն ինչ սովորաբար տեղի է ունենում գիտակցության ոլորտում։ Ինչպես մյուս գրվածքներին, «Պորտուգալուհին» նորավեպին էլ բնորոշ է որոշակի դժվարամարսություն, բայց ընթերցողը լիուլի վարձատրվում է, եթե կարողանում է հետևել մարդկային ներաշխարհի փոփոխությանը։ Ի վերջո, եթե փոխվում է մարդը, փոխվում է նաև աշխարհը։

Քեթթենները իրենց գերմանական կամ ռոմանական ծագումը մեծագույն առավելություն էին համարում։ Իր նախնիների գոռոզամտությունը ժառանգել էր նաև Քեթթենի Տերը։ Հենց նրա ներաշխարհի բացահայտմանն է ամբողջովին սևեռված գրողի ուշադրությունը, թեև նորավեպի վերնագիրը կարծես հուշում է, որ խոսքը առավելապես կնոջ մասին է լինելու։ Այս Քեթթենը մի տղամարդ է, որ ձգտում է տիրել ու ենթարկեցնել այն ամենը, ինչ իրեն շրջապատում է։ Այդ թվացյալ հզորությունն էլ նրան դարձնում է սիրելու անընդունակ։

Կինը՝ Պորտուգալուհին, ամուսնու հակապատկերն է։ Եթե Քեթթենի Տերը անհանգիստ է ու մշտապես շարժման մեջ, իշխանության համար կռիվ տվող, կինը խաղաղ է ու հավասարակշռված։ Թվում է՝ անհնար պիտի լիներ նրանց հետագա համատեղ կյանքը։ Կասկածը ավելի է խորացնում այն կռիվը, որ մղում էր Քեթթենի Տերը եպիսկոպոսի դեմ Տրիեստի վիճելի տարածքի համար։ Հայրն էլ առաջադրանքը ավանդել էր որդուն, և հույս կար, որ ցեղի հաջողությունը մի օր շոշափելի է դառնալու։

Տարիներ տևած արյունոտ ընդհարումները հաջորդում են միմյանց։ Քեթթենի Տերը հաճախ թեթևակի վիրավորվում էր․ «Բայց այդ ամբողջ ընթացքում երկու անգամ տասներկու ժամից ավելի երբեք իր տանը չեղավ»։ Օտարությունը խորանում էր։

Մի անգամ տունդարձի ճանապարհին ասպետին մի ճանճ է խայթում։ Ուժերն այնպես են լքում նրան, որ թվում է, թե այլևս կյանք չի վերադառնալու։ Հենց այստեղ է սկսվում տղամարդու կերպարանափոխությունը։ Ամեն ինչ ընթանում է հրաշապատում հեքիաթի օրենքներով։ Չնայած իրեն պաշարած մարմնական ու հոգևոր թուլությանը՝ տղամարդը ձգտում է վերադառնալ իր ներքին էությանը։ Այդ ճանապարհին նա հանդիպում է երեք խորհրդանիշների՝ գայլին, կատվաձագին և կնոջ ընկերոջը։ Գայլին սպանելով՝ նա մանկությունից ի վեր իր մեջ բույն դրած գիշատիչին է վերացնում։ Կատվի ձագը գայլի հակադրությունն է․ «Նա ոչ մի վայրկյան անգամ մարդկանց հասարակությունից չէր հեռանում։ Նա այնպիսի մի ձիրքով էր օժտված, որ կարծես մարդկանց պատրաստում էր իրենց ժամանակը իրեն հատկացնելու»։ Հեքիաթային «փոխարինողներից» մեկն է նա, որ իրեն երբեք մարդկանց չէր պարտադրում։

Երրորդ «փոխարինողը» Պորտուգալուհու մանկության ընկերն է։ Բարեկիրթ շարժուձևով այդ երիտասարդի մեջ կինը տեսնում է այն, ինչ չէր տեսնում ամուսնու մեջ։ Բայց մի օր Քեթթենի Տերը որոշում է մագլցել զառիթափ ժայռը․ «Նրան թվաց, որ ոչ թե ինքը, այլ Այն կողմից եկած փոքրիկ կատուն էր այդ ճանապարհը անցնելու»։ Իր և կնոջ միջև ձևավորված օտարության մթնոլորտը այդպես է հաղթահարում․ «Մահվան հետ մենամարտի այդ ողջ ընթացքում ուժն ու առողջությունը կամաց-կամաց սկսել էին անդամների մեջ հոսել, կարծես թե նրանք դրսից մարմնի մեջ վերադառնալիս լինեին»։

Նորավեպին խորհրդավոր երանգ են հաղորդում ամուսնուն ուղղված կնոջ խոսքերը․ «Եթե Աստված կարող էր մարդ դառնալ, նա կարող է նաև կատու դառնալ»։ Բայց ընթերցողը վստահ է, որ Քեթթենին սիրո հրաշագործ ուժն է փոխել։ Ժայռի հաղթահարումը վերադարձ է խորհրդանշում։ Իսկ մագլցողը, ի վերջո, տղամարդն էր։

Բայց միշտ չէ, որ այդ դժվարին ու ցանկալի փոփոխությունը կատարվում է։ Մուզիլի «Երեք կին» եռերգության նորավեպերից մեկն է «Պորտուգալուհին»։ Մյուս երկուսում տղամարդիկ այդպես էլ չեն կարողանում իրագործել իրենց տրված հնարավորությունը։

Արթուր Իսրայելյան

16:00 06.10.2019

Ամենաշատ ընթերցվածները