ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Արևային ջրատաքացուցիչը Շիկահողում կխնայի փայտը
16:00 09.10.2019

Արևային ջրատաքացուցիչը Շիկահողում կխնայի փայտը

Շիկահողում մեկ ամիս է՝ տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ։ Դա հնարավոր է դարձել «Պահպանվող տարածքների աջակցման  ծրագիր - Հայաստան» ծրագրի շնորհիվ։ Այն կյանքի է կոչվել վարչական ղեկավարի նախաձեռնությամբ։ Արևային ջրատաքացուցիչը չի ջեռուցում տունը,  սակայն ապահովում է 24-ժամյա տաք ջուր՝ թեթևացնելով բնակիչների կենցաղային խնդիրները։ Բացի դրանից՝ ծրագրին դիմելու գլխավոր նպատակը վառելափայտը խնայելն է։

Եղանակային պայմանները արևային ջրատաքացուցիչի օգտագործմանը չեն խոչընդոտի 

«Շիկահողի 56 տնից 10-ում արդեն տեղադրվել և շահագործվում են արևային ջրատաքացուցիչները։ Ասեմ, որ սարքն ունի համակարգիչ, որը տեղադրվում է յուրաքանչյուրի տանը,  օգտագործման կարգի մասին մանրամասն գրված է, կարծում եմ, կկարողանան ճիշտ օգտագործել։ Բացի դրանից՝ ծրագրի ավարտից հետո կազմակերպելու ենք դասընթացներ ջրատաքացուցիչի ճիշտ օգտագործման վերաբերյալ, գյուղի երիտասարդների և տեղադրողների հետ միասին այցելելու ենք բնակիչների տները, որ օգնենք նրանց», - ասաց վարչական ղեկավար Նարե Ղազարյանը։

«Շտիգեն» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ եղանակային պայմանները էական ազդեցություն չեն ունենա սարքի վրա․ տաք ջուրը տարվա բոլոր եղանակներին  հասանելի կլինի։ Ասում է՝ հաշվի են առել ընտանիքների քանակը․ ջրատաքացուցիչի տարողությունը 150 լիտր է․  «Ամենակարևորն այն է, որ տաք ջուր ունենալու համար պետք չէ վառարան վառել, թեյնիկով ջուր տաքացնել, էլեկտրական տաքացուցիչ օգտագործել, միայն պետք է ծորակը բացել և տաք ջուրը օգտագործել․ սա ժամանակաշրջանի կատարելագործված տարբերակներից է», - ասաց «Շտիգեն» արևային էներգետիկ համակարգերի ընկերության Սյունիքի մարզային ներկայացուցիչ Վահրամ Հարությունյանը։

Ջրատաքացուցիչի տեղադրումը բախվեց գյուղի խնդիրներին

Ջրատաքացուցիչը խնայում է ոչ միայն վառելափայտ, այլև էլեկտրաէներգիա։ Տաքանում է արևից, եթե եղանակը ցրտում է, օգնության է գալիս տաքացուցիչը։ Վահրամ Հարությունյանի խոսքով՝ տեղադրման ժամանակ հիմնականում բախվում են տանիքների խնդրին․ հին են, փայտանյութը՝ փտած․«Գրեթե բոլոր համայնքներում, որտեղ տեղադրել ենք արևային ջրատաքացուցիչներ, հիմնական խնդիրը անմխիթար տանիքներն են։ Փորձում ենք հնարավորինս կարգի բերել, հետո իրականացնել տեղադրումը։ Ինչ վերաբերում է ջրի ջերմաստիճանին, ասեմ, որ հենց լույսը բացվում է, սարքը 35 աստիճան ջերմություն  հավաքում է, օրվա ընթացքում արևը, պարզ եղանակը բերում հասցնում են 40-45 աստիճանի, որը կենցաղում օգտագործման համար հարմար է։ Եթե սահմանված ջերմաստիճանը չի բավարարում,և կարգավորիչով ջրի ջերմաստիճանը հասցնում ենք 80 աստիճանի, ապա այդ դեպքում հազիվ կարող է ամսվա կտրվածքով 1000 դրամի հոսանք ծախսվել։ Եթե եղանակը չխանգարի, նախատեսում ենք տաքացուցիչների տեղադրումն ավարտել հոկտեմբերի վերջին»։

Գյուղում մասամբ նաև ջրամատակարարման խնդիր կա, այդ դեպքում էլ օգտագործվում է պոմպ։ Բացի դրանից՝ կարևոր է արևային ջրատաքացուցիչի խնամքը։ Տարածաշրջանի ջուրը մի քիչ ավազոտ է։ Սարքն ունի ջրի ֆիլտր, պետք է միայն պարբերաբար մաքրել։ «Գյուղում այնպիսի մարդ չկա,  որ ջուր չունենա, բայց կան մարդիկ, որոնց տանը ճնշումը ցածր է։ Հարցը և՛ իմ, և՛ համայնքապետի ուշադրության կենտրոնում է։ Առաջիկայում կաշխատենք այդ հարցը կարգավորել», - նշեց վաչական ղեկավարը։

Գյուղի բնակիչ Հրանտ Մանուչարյանի տանը մի քանի օր է՝ տեղադրել են ջրատաքացուցիչը։ Արդեն հասցրել է օգտագործել․«Ջրի ջերմաստիճանը նորմալ է, այլևս չեմ մտածի հավելյալ վառելիք օգտագործելու մասին, ամենակարևորը՝ փայտը կխնայվի։ Չգիտեմ մինչև երբ, բայց դեռ գոհ եմ։ Կարծում եմ՝ արդյունավետ կլինի ոչ միայն փայտի խնայման տեսանկյունից, այլև հոսանքի»։

Նարե Խաչատրյան

16:00 09.10.2019

Ամենաշատ ընթերցվածները