ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ձեռնտո՞ւ տարբերակ
19:00 10.10.2019

Ձեռնտո՞ւ տարբերակ

Վերջին տասնամյակի ընթացքում մի շարք երկրների, օրինակ, Վրաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Մոլդովայի իրավական համակարգում, լայն տարածում է գտել պրոբացիայի ծառայությունը։ Այն արդեն երեք տարի է՝ գործում է նաև Հայաստանում։ Արդարադատության ոլորտում հանցագործների հետ աշխատանք տանելու այս մեթոդը ստեղծվել է քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների կիրառման հիմքի վրա։

Ծառայությունն ունի որոշակի լիազորություններ, խնդիրներ ու նպատակներ։ Սյունիքի մարզային մարմնի ղեկավար Անդրեյ Գրիգորյանը նշում է․ «Պրոբացիայի ծառայությունը նպատակ ունի խթանել շահառուների վերասոցիալականացում, կրկնահանցագործությունների կանխարգելման և կրճատման միջոցով նպաստել հասարակության անվտանգության ապահովմանը, այլընտրանքային խափանման միջոցների և ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումների իրականացմանը։ Ներկայացնում է խորհրդատվական զեկույցներ, միջնորդություն և օրենքով սահմանված այլ լիազորություններ»։

Մարզային մարմնի ղեկավարի խոսքով՝ շահառու են դառնում դատարանի որոշմամբ, այն անձինք, ովքեր կատարել են քրեորեն պատժելի արարք, որը դասվում է միջին՝  ոչ մեծ ծանրության, հանցագործությունների խմբին։ «Ներկա դրությամբ պրոբացիայի ծառայության մարզային մարմնում հաշվառված է թվով 90 շահառու, որոնցից 13-ը՝ կին։ Կա 3 շահառու՝ կրկնակի պատիժ ստացած։ Փորձաշրջանով ունենք 36 շահառու, պայմանական վաղաժամկետ ազատմամբ՝ 5։ Հանրային աշխատանքներ են իրականացնում 17, իսկ որոշակի պաշտոններից ու գործունեության իրավունքից զրկված՝ 21, ինչպես նաև տուգանք պատժատեսակով՝ 14 շահառու։ Բարեբախտաբար, անչափահաս չունենք», - ներկայացնում է Անդրեյ Գրիգորյանը։

Զրուցեցինք նաև շահառուներից մեկի հետ, ով ցանկացավ անունը չհայտնել, սակայն պատմեց իր կյանքից մի դրվագ։ «2018թ․ զինված ուժերում ծառայելու ժամանակ սպաների հետ ծեծկռտուքի մեջ ընկա։ Դատարանը ինձ կարող էր ազատազրկել 4-8 տարի ժամկետով, սակայն որոշվեց, որ պատիժս պետք է կրեմ պրոբացիոն ծառայությունում, որպես շահառու։ Ունենք հստակ պարտականություններ և իրավունքներ։ Պարտականությունները հետևյալն են․ ամիսը երկու անգամ պարտադիր կերպով ներկայանալ պրոբացիոն ծառայություն, ստորագրել։ Նպատակն այն է, որ չբացակայեմ տարածքից։ Մեծ հնարավորություն է տրված․ կարող եմ աշխատել, ինտեգրվել հասարակությանը»։

Հանդիպեցինք մեկ այլ շահառուի, ով նույնպես չցանկացավ ներկայանալ։ Նա հանրային աշխատանք է կատարում 600 հազար դրամ տուգանք վճարելու փոխարեն։ «Դիմել եմ պրոբացիոն ծառայությանը, որ չեմ զլանում վճարել այդ գումարը, սակայն հնարավորություն չունեմ։ Նրանք էլ հայցով դիմել են դատարան, որպեսզի փոխարինվի տուգանքը հանրօգուտ աշխատանքով համապատասխան ժամաչափով՝ 1800 ժամ տևողությամբ։ Խոտ եմ հնձում, հետևում որոշակի տարածքի մաքրությանը»։

Էլի խնդիրներ

Չնայած մեր զրուցակիցների համար պրոբացիոն ծառայությունը ձեռնտու տարբերակ է, այնուհանդերձ փորձենք հասկանալ, թե ծառայության ոլորտում ինչ էական բացեր կան։ Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանի խոսքով՝ այդ բացերը կազմակերպական ու օրենսդրական են։ «Օրինակ, պրոբացիայի մասին օրենքով սահմանված են միջոցներ, որոնց նկատմամբ պիտի հսկողություն իրականացնի պրոբացիայի ծառայությունը, ենթադրենք՝ տնային կալանքը։ Բայց մինչև այսօր ծառայությունը չունի այդ հսկողության համար բավարար նյութատեխնիկական միջոցներ»։

Տիգրան Խաչիկյանը նշում է, որ իրավական բնույթի բացերը ծագում են ՀՀ քրեական օրենսգրքից։ «Նախատեսում է պատիժը կրելիս պայմանական վաղաժամկետ ազատելու կապակցությամբ պրոբացիայի ծառայության կողմից տրամադրվող եզրակացությունները։ Այն ժամանակ, երբ դեռ նախարարությունում էի, մի խնդիր կար դրված, որը չափազանց կարևոր էր․ էականորեն սահմանափակել պրոբացիայի ծառայության աշխատակցին այս եզրակացությունը տրամադրելու հարցում օրենքով տրամադրվող հայեցողական լիազորությունը։ Սա լուրջ խնդիր էր։ Այս եզրակացությունը տրամադրելու օբյեկտիվ օրենսդրական  ուղենիշներ ծառայության աշխատակիցը չունի։ Շատ հաճախ այդ գնահատումը իրականացվում է խիստ հայեցողական հիմունքներով։ Մի դեպքում գնահատումը իրականացվում է բավարար, մյուս դեպքում՝ ոչ բավարար, և այդ դեպքերի հստակ ցուցիչները որոշակի չեն։  Պրոբացիայի  ծառայության աշխատակիցների վերապատրաստման հարցը ևս շատ կարևոր է։ Նրանց մի մասը քրեակատարողական ծառայությունից տեղափոխված անձինք են, իսկ նրանք անպայմանորեն պետք է վերապատրաստվեն պրոբացիայի ծառայության գործառույթների իրականացման համատեքստում։ Պրոբացիան վերականգնողական արդարադատության բաղադրիչ է և ոչ թե սոսկ պատիժ կատարող հիմնարկ», - խոսքը եզրափակեց Տիգրան Խաչիկյանը։

Անուշ Միրզոյան

19:00 10.10.2019

Ամենաշատ ընթերցվածները