ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Աշուն՝ դեպրեսիայի և փոփոխությունների շրջան
20:00 10.10.2019

Աշուն՝ դեպրեսիայի և փոփոխությունների շրջան

Եղանակի փոփոխություններն ազդում են մարդկանց հոգեկան վիճակի և տրամադրության վրա, քանի որ մարդը բնության մի մասն է: Ուղղակի կան մարդիկ, ովքեր արդյունավետորեն դիմակայում են այդ փոփոխություններին, և կան եղանակային փոփոխությունների նկատմամբ ավելի զգայուն մարդիկ: Այստեղ մեծ դեր են խաղում մարդու խառնվածքը, անձնային կառուցվածքը, զբաղվածությունը, հետաքրքրությունների առկայությունը: 

Տրամադրության անկում, տագնապայնություն, ախորժակի անկում,  անընդհատ տանը մնալու ցանկություն,  ցածր աշխատունակություն, հոգնածություն, ինքնագնահատականի իջեցում  և ընդհանուր թուլություն. սրանք զգացողություններ են, որոնք շատերի մոտ առաջանում են աշնան մեկնարկի հետ, որը անվանում ենք աշնանային ընկճախտ: Այս ամենի հիմնական պատճառը ֆիզիոլոգիական է՝ օրերը դառնում են ավելի կարճ, իսկ գիշերները՝ ավելի երկար, սա հանգեցնում է նրան, որ օրգանիզմը արտադրում է մեծ քանակությամբ մելատոնին, որը համարվում է քնի հորմոն, և օրգանիզմը այն արտադրում է գիշերային ժամերին: Սրա հետևանքով մարդը դառնում է ավելի քնկոտ և իրեն աշխատունակ չի զգում: Այս հորմոնն էլ հենց նպաստում է դեպրեսիոն վիճակի առաջացմանը: Սակայն այլ պատճառներ ևս կան: Մենք հասկանում ենք, որ ավարտվել է ամառը, այսինքն՝  հանգստի շրջանը, և սկսվում է նոր ուսումնական/աշխատանքային տարի, որը մեզնից շատ ջանքեր կպահանջի: Ինչպես նաև գիտակցում ենք, որ մոտենում է տարեվերջ՝ մենք ստիպված կլինենք ամփոփել մեր տարին, և միշտ չէ, որ այն համապատասխանում է մեր սպասելիքներին: 

Աշնանային ընկճախտը, հոգեբան Հասմիկ Սիմոնյանի համոզմամբ, բնականոն երևույթ է, որովհետև աշունը հենց բնության դեպրեսիայի շրջանն է, իսկ մարդը՝ որպես բնության մի մասնիկ, այն զգում է: «Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ  աշունը կանանց մոտ ավելի հաճախ է տխրություն առաջացնում, քան տղամարդկանց: Սրա հիմնական պատճառը կանանց ավելի զգացմունքային լինելն է: Աշնանային դեպրեսիայից խուսափելու կամ այդ վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է  ֆիզիկապես ավելի ակտիվ լինել, գնալ մարզասրահ, լողավազան, պարելու, թատրոն, խանութներ։  Այնտեղ, որտեղ գտնվում եք, ցանկալի է, որ լուսավոր լինի։ Փորձեք ավելի հաճախ շփվել մարդկանց հետ, զբոսնել, դիտել լավ ֆիլմեր, լիաթոք ծիծաղել: Այս դեպքում զբաղվածությունը նույնպես կարևոր նշանակություն ունի: Որքան շատ ենք զբաղված, որքան վառ են տպավորություններն օրվա ընթացքում, այնքան փոքր է աշնանը դեպրեսիայի հավանականությունը: Զբաղվե՛ք ձեր սիրած գործով։ Ինքներդ ձեր կյանքը լցրե՛ք դրական էմոցիաներով,  մտածե՛ք դրական երևույթների մասին», - նշում է հոգեբանը։

Աշունը փոփոխությունների շրջան է: Իսկ փոփոխություններից պետք չէ վախենալ, սկսեք ինքներդ ձեզնից՝ ձեր արտաքինից և ներաշխարհից: Անդրադառնալով արտաքինին, մի՛ վախեցեք, օրինակ, կարելի է ներկել վարսերը, փոխել ոճը, թարմացնել զգեստապահարանը։ Սա ևս մեկ առիթ է գնումների գնալու, որն էլ իր հերթին դրական տրամադրություն կապահովի ձեզ համար: 

Եթե առաջիկայում արձակուրդ չեք կարող վերցնել, բայց սիրում եք ճանապարհորդել, սկսեք պլանավորել ձեր ձմեռային կամ գարնանային արձակուրդը: Որոշեք, թե որ երկիր կուզեիք գնալ, ուսումնասիրեք, թե ինչ հետաքրքիր սովորույթներ և մշակույթ ունի այդ երկրի ժողովուրդը: Հանգստյան օրերին գնացեք արշավների կամ ձեր հարազատների հետ կազմակերպեք տարբեր էքսկուրսիաներ: 

Անպայման լավ լուսավորեք այն վայրը, որտեղ դուք աշխատում եք: Ուժեղ լուսավորությունը խթանում է լավ աշխատանքն ու լավ տրամադրությունը:

Եվ հիշե՛ք, միշտ չէ, որ պետք է խուսափել տխրությունից. չէ՞ որ դա էլ է մարդուն հատուկ հոգեվիճակ, և միշտ ուրախ ու երջանիկ լինել հնարավոր չէ: Աշնանը, հոգեբանի խոսքով, մարդը նույնիսկ առանց դա գիտակցելու զգում է, որ տարին ավարտվում է, և գալիս է ամփոփման մի փուլ, իսկ աշնան հետ եկող տխրությունը երբեմն հնարավորություն է տալիս վերանայել շատ հարցեր և գուցե որոշակի փոփոխություններ կատարել առօրյա կյանքում և մտածելակերպում։

Սոնա Օհանջանյան

20:00 10.10.2019