ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ռեքվիեմ ողջերի համար
18:00 11.10.2019

Ռեքվիեմ ողջերի համար

«Любите ли вы театр, как я его люблю? Тогда пососите лимон, чтобы унять непроизвольные движения гортани.

Чем был театр и чем он стал – вот в чем вопрос. 

                                                                                                    Михаил Веллер

Նախաբան

Հեռուստատեսության մուտքը շռնդալից եղավ, մտավախություն կար, թե թատրոնը կդառնա լոկ շենք, բայց այն գործում է նույնիսկ կարծրատիպերը կոտրած ինտերնետի դարաշրջանում: Իսկ ինչպե՞ս է այն գործում: Արդյո՞ք արժե զբաղվել թատրոնով: Չկարծեք, թե դնելով այս հարցերը, ես պիտի տամ դրանց հստակ պատասխանները, այնպիսի պատասխաններ, որոնք լիովին բավարարեն ձեզ: Ուղղակի օգտվում եմ առիթից, որ չորս տարի սովորել եմ թատերական ինստիտուտում և ունեմ աշխատանքային չորսամյա փորձ, իրավունք եմ վերապահում խոսել թատրոնի լճացմանը նպաստող այն խնդիրների մասին, որոնք չեն վրիպել իմ աչքից, նաև թատերական ինստիտուտի համակարգային սխալներից և ուսանողների անհասկանալի պատկերացումներից:

Քաոսը սկսվում է ԵԹԿՊԻ-ից

Քաոսը սկսվում է ընդունելության քննություններից: Հանձնաժողովը տեղում է, ներս է մտնում բարակիրան մի աղջիկ․ նա արդեն ընդունված է, քանի որ երկար ոտքեր ունի: Ահա մի տղա, նրան էլ ընդունում են, որովհետև լավ պաթոսային արտասանություն ունի․․․ Կարծում եմ՝ ծիծաղելի է քննական ծրագիրը. արդյո՞ք ճիշտ է հենց առաջին քննությանը դիմորդից պահանջել դերասանների, ռեժիսորների, նկարիչների, կոմպոզիտորների կենսագրությունը:

Դե, իհարկե, հայտնի Մհեր Մկրտչյանի խաղացած դերերն իմանալը յուրաքանչյուր դիմորդի պարտականությունն է ըստ իս: Բայց կարծել, թե տաղանդի պակաս ունի որևէ պիես չկարդալու համար, կարծում եմ՝ անտեղի է: Կամ, օրինակ, ռեժիսոր դառնալ ցանկացող դիմորդից պահանջում են ներկայացնել բեմադրական պլան, այսպես ասած՝ էքսպլիկացիա: Մինչդեռ բեմադրական պլան պետք է գրեն ավարտական տարում: Հարցին, թե ինչ է պետք թատերական ընդունվելու համար, կարելի է պատասխանել՝ երգել, պարել, արտասանել:

Առաջին կուրսում ուսանողները ծանոթանում են իրար հետ, թատերական մթնոլորտին, փորձում հասարակության մեջ առանձնանալ իրենց յուրահատուկ արտաքին տեսքով: Օրինակ՝ լայնեզր գլխարկ են դնում, վարսերը ձևափոխում և գունավորում։ Եվ իհարկե, աղջիկների մեծամասնությունը սկսում է ծխել։ Հա, ի դեպ, ես միակ աղջիկն էի մեր կուրսում, որ չէի ծխում։ Զգում էի, որ սկզբում ծխում էին արտիստիկ երևալու համար, չնայած իմ կարծիքով արտիստիզմը դրա հետ ոչ մի կապ չունի, իսկ հետո արդեն չէին կարողանում կտրվել։ Առաջին կուրսում դեռ դպրոցական առարկաներ են ուսումնասիրում՝ հայոց լեզու, պատմություն և այլն, ուսանողները էտյուդներ են «բեմադրում»:

Բախտ եմ ունեցել լինել Հրաչյա Ղազարյանի կուրսում։ Բարեբախտաբար, այդ չորս տարվա ընթացքում նրա միջոցով զգացի թատրոնի վեհությունը, նրա անսահման հնարավորություններ, և որ նա երեխայի պես է, սիրում է չափերի մեջ երես առնել։ Երբեմն մռայլվել ու հանդարտվել։ Մեր կուրսից դուրս՝ մյուս լսարաններից միջակության հոտ էր գալիս։ Վերջերս կյանքից հեռացավ ռուս տաղանդավոր ռեժիսոր Մարկ Զախարովը։ Ես գրեթե չեմ հանդիպել թատերականում սովորող մի ուսանողի, բացի մեր կուրսի մի տղայից, որ իմանա, թե ով է Զախարովը։ Շատերն էին խոսում հոլիվուդյան ֆիլմերից ու դերասաններից, շատերն էին սելֆի անում ճաշարանում Մոնրոյի նկարի տակ, բայց քչերը գիտեին Եվգենի Միրոնովին, ով ֆանտաստիկ դերասան էր և նույնքան ֆանտաստիկ խաղացել է մոնոներկայացում Շեքսպիրի «Համլետ» պիեսում։ Երկրորդ տարում փոխվում են առարկաները, էտյուդների րոպեները՝ ավելանում: Բոլոր ուսանողները, այդ թվում և ես, խոստովանում եմ, իրենց համարում են վաստակավոր արտիստներ և առաջին կուրսեցիների հանդեպ իշխող: Երրորդ կուրսում էտյուդների րոպեները ժամեր են դառնում. այս շրջանում նրանք այլևս ժողովրդական արտիստներ են: Միայն չորրորդ կուրսում են հասկանում, որ ընդամենը բեմի փոշի են, որովհետև դերասան ուսանողի մոտ դերերը չեն ստացվում, իսկ թվացյալ ռեժիսորը չի կարողանում իր ընկերների հետ բեմադրություն անել: Այս երիտասարդներին մի քանի ամիս անց փողոցում հանդիպելիս մարդիկ ցանկանում են լուսանկարվել, նրանցից ինքնագիր վերցնել: Հարցն այստեղ լուսանկարվելը չէ, այլ արտիստի միֆական էությունը, որն այլևս չկա:

Թատրոններում՝ «բարդակ»

Փոքր բեմ տանիքում, այն առանց վարագույրի է, դահլիճը երկու պատշգամբ ունի, նստարանները ամֆիթատրոնի պես են՝ դեպի վեր բարձրացող: Ամենաֆանտաստիկ տեղը թատրոնում քաջ հայտնի կուլիսներն են: Հենց աստեղ էլ ամեն բան կոտրվեց իմ մեջ. ցավալի էր տեսնել դերասանուհու՝ մտամոլոր ծխելիս, ով տասը տարի անընդմեջ խաղում է նույն դերը: Նոր ներկայացումների մեջ նորերն են, ովքեր մեծ համակրանք ունեն թատրոնում, միայն թե ոչ տաղանդի համար: Խաղացանկն առհասարակ ուշ-ուշ է թարմացվում, նման դեպքերում էլ՝ միայն կոմերցիոն ներկայացումներ: Որոշների մոտ էլ նոր թրենդ է. ռեժիսոր են խաղում, նույնքան կեղծ էլ բեմադրում պիեսներ: Նրանք փորձում են ինչ-որ նորարարություններ անել, բայց Չեխովի «նոր ձևերը» սխալ են հասկանում: Անսպասելի էր ինձ համար տեսնել, որ դերասանը ներկայացումից առաջ հաց է ուտում՝ տրամադրվելու փոխարեն, երբ ներկայացումից առաջ կորչում է դեկոր կամ ռեկվիզիտ, կամ, օրինակ, դերասանուհին գալիս է, երբ ներկայացումն արդեն սկսված է: Սա մեր հայկական թատրոնների մեծ մասի վիճակն է:

Երեկոյան գրական քննարկումների փոխարեն թատրոններում կերուխում է: Մինչդեռ, հաճախ քիչ փող ունենալուց բողոքող տնօրենները կարող են սեղանին դրված գրիլի փոխարեն որևէ ռեկվիզիտ գնել: Չեմ հասկանում՝ նաև ինչու՞ են դրամարկղի աշխատող պահում․ մեկ է՝ տոմս չի վաճառվում: Մի առիթով էլ առաջարկեցի դռները փակել, գնալ տուն. ի՞նչ իմաստ ունի բեմադրված աշխատելը. ասել է թե՝ տոմս վաճառել ծանոթներին, բեմադրությունն էլ հարմարեցնել նրանց քմահաճույքներին: Ցավոք, «սեփական նախաձեռնությամբ» քչերն են տոմս գնում կամ հետաքրքրվում խաղացանկով: Ուստի թատրոնի ղեկավարությունը ստիպված դիմում է պետական կառույցներին, հիմնարկ-ձեռնարկություններին, բարերարներին:

Այլ աստվածային «խայտառակություն» 

Վերջերս մեկնարկեց Կապանի պետթատրոնի 84-րդ թատերաշրջանը։ Հանդիսատեսի դատին էր հանձնված ռեժիսոր Հայկ Մնացականյանի «Այլ աստվածային comedy» ներկայացումը։ Դերասանները, եթե իհարկե նրանց մի մասին կարելի է այդպես անվանել, զուրկ էին պլաստիկայից, համապատասխան արտաքին տեսքից առհասարակ։ Պատկերացնու՞մ եք, բեմ դուրս եկավ մի պերսոնաժ, ում մերկապարը հակաէսթետիկ էր։

Գլխավոր դերասանուհին մի երիտասարդ աղջնակ էր, ով խաղում էր Եվա, լավ բեմական խոսք ուներ, ինչ խոսք, բայց երբ կենակցում էր Ադամի հետ, հասկացվում էր, որ ռեժիսորը ճիշտ խնդիր չէր տվել․ քանզի չէր հասկանում՝ ինչ է անում։ Աչքի համար տհաճ դեկորներ ու ռեկվիզիտ էր բեմում։ Բեմանկարչությունն ու երաժշտական ձևավորումը զրո էին։ Իսկ ամենասարսափելին արարչի կերպարն էր, քրիստոնյայի պատկերացմամբ Արարիչը բոլորովին այլ մարմնավորում ունի։ Բայց քանի գնում, համոզվում եմ, որ ռեժիսորը նույնպես չի հասկացել՝ ինչ է ուզում անել։ Ծաղրելով հանդիսատեսին՝ մատուցեց ժամկետանց ինչ-որ բան։ Թատրոնը չի սիրում միջակություն։ Այդ ներկայացման մեջ բոլորն անխտիր գոռում էին։ Տպավորություն էր, թե հանդիսականները խուլեր են, ես անձամբ վիրավորվել եմ, որ ինձ՝ որպես հանդիսատեսի, ձեռք են առել։ Մի՞թե այդ պատկառելի մարդու կողքին չկար հասուն մեկը, ով ասեր, կա՛նգ առեք․ մի՛ պատվազրկեք թատրոնը, հեռացե՛ք րոպե առաջ։ Մի՛ զբաղվեք ինքնախաբեությամբ և ամեն երեկո մեր գլուխը աղբով մի՛ լցրեք։

Վերջաբան

Ողբերգական պատկեր է: Թատրոնն այսօր հիվանդ է, և նրա ճակատագիրն ինձ համար՝ անորոշ։ Ուսմանս վերջին տարում կարծում էի, թե կարող եմ նպաստել նրա բուժմանը, բայց, անկարող լինելով, պարզապես փակեցի սենյակի դուռը: Կրկնակի ցավալի է, որ պետական մակարդակով վերահսկողություն չկա, գործիքակազմ ու սկբունքներ չկան։ Պետք է գիտակցել, որ մշակույթով են որոշում պետության դեմքը։ Բա լավ, ինչքա՞ն պիտի անդեմ լինենք։ Այո՛, ժամանակին Հենրիկ Մալյան կար, թատրոններում Մարատ Սադ էին խաղում, իսկ հիմա՞․․․

Հ.Գ.

Ընդունվելուս համար որոշիչ գործոն հանդիսացավ ակնոց կրելը. դասախոսները հավանաբար իրար ականջի շշնջացին, որ այս տեսակից էլ ամեն դեպքում պետք է ինստիտուտին: «Այս» ասելով նկատի ունեմ «գիրք կրծող»՝ սիրում եմ կարդալ:

Անուշ Միրզոյան

18:00 11.10.2019

Ամենաշատ ընթերցվածները