ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Նրա վրձինը բազմերանգ է
20:00 11.10.2019

Նրա վրձինը բազմերանգ է

«Հայրենի բնաշխարհ» խորագրով կապանցի գեղանկարիչ Լորիկ Մինասյանի անհատական ցուցահանդեսն է բացվել Կապանի երկրագիտական թանգարանում։ Արվեստասեր հասարակության դատին է հանձնվել հեղինակի վերջին երեք տարում ստեղծած մոտ 50 կտավ, որոնցից յուրաքանչյուրը արտացոլանքն է մեկ ապրած օրվա կամ ակնթարթի, կամ էլ տևական ժամանակ կուտակված հույզերի։ Երբ շրջում ես թանգարանի բակում, բաց երկնքի տակ ցուցադրության հանված կտավներից լույս ու ջերմություն է ճառագում, հեղինակի գունային խաղը այնքան բնական է, ներդաշնակ, որ կտավը դիտելիս կարելի է մտովի հասնել Դադիվանք, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Գեղամա ծով․ շարքը կարելի է շարունակել։

Գեղանկարիչը խնամքով է աշխատել, ինչպես ինքը ներկայացրեց բացման խոսքում, ցանկացել է դրական լիցքեր փոխանցել կտավների միջոցով, որպեսզի ցուցահանդեսից մարդիկ հեռանան հոգեպես բավարարված։  Ցուցահանդեսը բացվել է Եվրոպական մշակութային օրերի շրջանակում։

Թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը արվեստագետի մասին խոսելիս վերհիշեց․ «Երևանի պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժինը ավարտելուց հետո, երբ պետք է  նշանակվեր Երևանում կամ մոտակա տարածքներում աշխատանքի, Լորիկ Մինասյանը նախընտրեց գալ Կապան, ավելի կոնկրետ հեռավոր Ծավ գյուղ՝ ուսուցչություն անելու, քան մնալ Երևանում»։ Արվեստագետին բնութագրելիս էլ ասում է․ «Ինքը ծուռումուռ գնացողներից չէ, ինքը կեղծիքների հետևից ընկնող չէ, ինչ-որ բան արտագրելուց, այն զարգացնելուց և գործ սարքելուց Լորիկը շատ հեռու է։ Նրա արվեստում և բնավորության մեջ մեծ որակ ունեն լրջությունը, խոհեմությունը, Աստծո նկատմամբ պատկառանքը, այսինքն՝ հավատը»։

Լորիկ Մինասյանի աշխատանքային կենսագրության մեջ իրենց տեղն ունեն Հայաստանի գիտությունների ակադեմիան, Կապանի արվեստի մանկական դպրոցը, Կապանի երկրագիտական թանգարանը, թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Ավելի քան 30 տարի առաջ ստեղծագործելու ճանապարհն ընտրած արվեստագետը խոստովանում է՝ իրեն այլ աշխարհում չի պատկերացնում։

Լորիկ Մինասյանի վրձինը բազմերանգ է։ Տաք ու սառը գույների համադրությամբ հեղինակը կտավին է փոխանցում շրջապատող բնաշխարհը, մարդուն՝ իր աշխարհայացքով ու զգացողություններով,  շեշտում՝ պետք է ստեղծագործել էմոցիաներով։ Մինչ պատերազմը այլ կոլորիտով էր նկարում, հետո աստիճանաբար փոխեց։ Հոգեկան ներդաշնակություն գտնելու որոնումների մեջ գեղանկարիչը Աստծո խոսքի հետ է առնչվել, և վերջին տարիների նրա ստեղծագործությունների մեջ սկսել է գերակշռել հոգևոր թեման։

 

Երիտասարդ գեղանկարիչներին կամ նրանց, ովքեր դեռ նոր են այս ուղին ընտրում, Լորիկ Մնասյանը խորհուրդ է տալիս ազգային արժեքներին ու ակունքներին մոտ լինել․ «Պետք է դուրս գալ, ուսումնասիրել աշխարհի տարբեր երկրների գեղանկարիչների փորձը և քոնը ասել, քո հայկականը»։  1992 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է, Կապան քաղաքի զինանշանի հեղինակն է, մի շարք միջազգային ու հանրապետական ցուցահանդեսների է մասնակցել։ Գեղանկարիչ Հրանտ Էլչյանի խոսքով՝ ցուցահանդեսում ներկայացված շատ աշխատանքներում Լորիկ Մինասյանի վերելքը տեսավ․ «10, 20 տարի առաջ և այսօր նկարիչը օր օրի կարողանում է կատարելագործվել, իր խոսքը ասել, գտնել նաև իր տեղը ժամանակակից բնանկարչության մեջ»։   

«Կյանքի այս փուլում  զգում եմ, որ այն, ինչ մինչ այժմ արել եմ, շատ քիչ է, դեռ անելիքներ շատ ունեմ ու ավելի մեծ եռանդով շարունակելու եմ ստեղծագործել», - եզրափակեց խոսքը գեղանկարիչ Լ․Մինասյանը։

Նելլի Միրզախանյան

 

20:00 11.10.2019

Ամենաշատ ընթերցվածները