ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սպասումի հույսով լցված
17:00 12.10.2019

Սպասումի հույսով լցված

Հայաստանում ծերերը համարվում են խոցելի խմբեր: Նրանց մի մասը՝ 1000-ից ավելի մեծահասակներ, գտնվում են ծերանոցներում:

2017թ. ՀՀ-ում գործել է տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման 9 կազմակերպություն, որից 5-ը` պետական է, 4-ը` ոչ պետական:

Սյունիքի մարզում գործող «Արծվաբույն» տուն-ինտերնատը ոչ պետական կառույց է, որտեղ բնակվում է 14 հոգի, որոնցից 6-ը՝ հաշմանդամներ, շահառուներ, ովքեր ունեն առողջական խնդիրներ և անհատական օգնության կարիք:

Հոգու խորքում սպասում են, բայց ակնկալիք չունեն 

Տարեցների կենտրոնի բնակիչները, որքան էլ գոհ են պայմաններից, այնուամենայնիվ, զգում են  հարազատների կարոտն ու պակասը: Պայմաններից չեն բողոքում, բայց սպասումով են ապրում:

95-ամյա Մարուսյա Հայրապետյանը տուն-ինտերնատի ամենատարեց բնակիչներից է: Երկու ամիս է, ինչ այստեղ է բնակվում:

«Աղջիկներ ու թոռներ ունեմ, բայց հիմա Ռուսաստանում են: Չեն կարող վերադառնալ աշխատանքի պատճառով, բայց հաճախ են զանգում, օգնում: Ամեն ինչ լավ է, հիմա շրջապատված եմ ընկերներով, արդեն հարազատ դարձած մարդկանցով», - նշում է Մարուսյա տատը: Պայմանները նրա համար միևնույն են, ասում է՝ հատուկ իր համար պայմաններ չեն ստեղծի: Մի քիչ բծախնդիր է՝ ամեն բան չէ, որ ուտում է, սակայն երբեք ոչնչից չի բողոքում՝ գոհ է:

65 -ամյա Ռուզաննա Ավետիսյանը մեկ տարի է, ինչ բնակվում է ծերանոցում: 

«Ամեն ինչից գոհ ենք, հատկապես սննդից: Բայց իմ կարծիքով շենքը վերանորոգման ենթակա է: Ինչ վերաբերում է հարազատներիս, ասեմ, որ ամեն մարդ իր գործին է, մեծապատիվ են՝ չեն շփվում։ Քույր, եղբայր չունեմ, մի տղա ունեմ՝ քաղաքում կոշկակար է: Երբեմն գալիս է, բայց չեմ կարողանում շփվել, հուզվում եմ», - նշում է Ռուզաննա տատը: Մի բան կցանկանար փոխել, որ օրը ավելի հագեցած անցներ: Ասում է՝ օրը սովորական է անցնում, բայց դրան էլ է հարմարվել: Տարածքից դուրս չի գալիս, գնալու տեղ չունի:

82-ամյա Սերգեյ Հարությունյանը տուն-ինտերնատի ամենահին բնակիչներից է, արդեն 7-րդ տարին է, ինչ այստեղ է ապրում: «Հիմա մենակ ապրել չենք կարող, մեզ խնամող է պետք: Տղա ունեմ, բայց ինքը աշխատում է, բնության բարիքներից օգտվում ու փող է ստեղծում: Ուրախ եմ, որ այստեղ եմ, բայց տխուր, որ տղաս կողքիս չէ: Սպասում եմ, որ գա», - նշում է Սերգեյ պապը: Պայմաններից չի բողոքում: Ազատ ժամանակ նկարում է: Ծերանոցի պատերի բոլոր պլակատներն ու լոզունգները իր ձեռքի աշխատանքն է:

Այս ամենի մեջ տարեցները իրական հոգսերից ու աշխարհից կտրված չեն: Շուտով բերքահավաք է սկսվելու, մրգերն ու բանջարեղենը նրանք պետք է հավաքեն:

Տարեցների առօրյան ու իրավունքները

Աշխարհում կան քաղաքներ, որտեղ միայն ծերանոցներ են կառուցվում. դրանք նախատեսված են և՛ մեծահարուստների, և՛ անապահովների համար: Հայաստանում իրավիճակը մի փոքր այլ է, ծերանոցներ գնում են միայն անապահովները: Տուն-ինտերնատներ ընդունվում են 65 տարին լրացած և 18-ից բարձր հաշմանդամները, ովքեր իրենց թոշակի 75 %-ը նվիրաբերում են կենտրոնին, իսկ 25 %-ը պահում իրենց:

Ըստ Ամփոփ մեդիայի՝ կենսաթոշակի միջին չափը Հայաստանում կազմում է 40519 դրամ: Սակայն այս ցուցանիշից բարձր թոշակ ստանում են միայն Երևանի ու Սյունիքի մարզի թոշակառուները: Մյուս մարզերում թոշակի չափը տատանվում է միջինը 37000-39000 դրամի սահմաններում:
«Արծվաբույն» տուն-ինտերնատում կան թոշակառուներ, ովքեր այսօրվա դրությամբ ստանում են ընդամենը 25500 դրամ կենսաթոշակ: Այսինքն՝ ամսվա կտրվածքով նրանց մոտ մնում է ընդամենը 6375 դրամ:

Այս միտումը ընդունված է աշխարհի տարբեր երկրներում: Ծերանոց ընդունվելուց հետո թոշակառուները պայմանագիր են կնքում, որի համաձայն պարտավոր են ամսական թողնել կենսաթոշակի որոշակի տոկոսը: 75/25 հարաբերությունը ընդունված է նաև աշխարհի մյուս երկրներում:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության «Արծվաբույն» տարեցների կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Պողոսյանը նշում է, որ տարեցների համար ստեղծել են բոլոր հնարավոր պայմանները. դրանք հիմնականում վերաբերում են սննդին և սանիտարահիգիենիկ պայմաններին:

«Սնունդը հիմնականում դիետիկ է, կարող է լինել ձու, կարագ, թխվածքաբլիթ, ոլոռով ապուր, տոլմա և այլն: Միս ուտում են երեք օրը մեկ: Իսկ ինչ վերաբերում է սենյակներին, ապա կանայք և տղամարդիկ առանձին են մնում: Ամեն սենյակում բնակվում են երկուսը, որտեղ կա համապատասխան գույք՝ մահճակալներ, աթոռներ, պահարաններ», - նշում է տնօրենը:

Տարեցների կենտրոնի բնակիչները շարժվում են օրվա ռեժիմով՝ նախաճաշ, բուժքույրերի շրջայց, ճաշ, հանգստյան ժամը, սեղանի խաղեր, երգ-երաժշտություն, ընթրիք, զրույց, հեռուստադիտում և քուն: Հիգիենային հատուկ ուշադրություն են դարձնում: Հատկանշական է, որ ծերանոցում տարեցների իրավունքները չեն սահմանափակում, նրանք կարող են դուրս գալ երբ ցանկանան: Տեսակցության կարող են գալ ցանկացած ժամի, սակայն դրա համար էլ թույլտվություն է պետք: Այն վերցնելուց հետո տրվում է առանձին սենյակ հարազատների հետ հանդիպելու համար:

Մանե Բաբայան

17:00 12.10.2019