ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Առանց հետ նայելու, միայն առաջ
19:00 12.10.2019

Առանց հետ նայելու, միայն առաջ

«Ես այն երջանիկներից եմ, ում բախտ է վիճակվել շփվել և տեսնել շատ մեծերի: Ինձ դասավանդել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք էին Սոս Սարգսյանը, Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Արմեն Էլբակյանը, Վարդուհի Վարդերեսյանը: Դասեր եմ քաղել նաև Խորեն Աբրահամյանից», - ժպիտը դեմքին, մեծ խանդավառությամբ և հպարտությամբ է հիշում Գայանեն իր ուսանողական տարիները:

Վրձինը ձեռքին՝ կտավի վերջին երանգները ուղղելով, պատմում է իր` թատրոնում լինելու 30 տարիների և վերջերս բացահայտված նկարչի «Պոգա»-ի մասին: Գայանե Ավագի Պողոսյանը ծնվել է Քաջարան քաղաքում 1969թ. հունվարի 13-ին: Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում և 1986-ին ավարտել: Դեռ մանկուց վստահ էր, որ դերասանուհի է դառնալու: Մորաքրոջ որդու հետ, որը պետք է ռեժիսոր դառնար, բեմադրություններ էին անում և խաղում հենց տանը՝ ծնողների համար, չնայած այդ ամենին՝ չէր սիրում, երբ իրեն անվանում էին դերասան:

«Դպրոցն ավարտելուց հետո մի օր ընկերուհիս, «Ավանգարդ» թերթը ձեռքին, եկավ մեր տուն և ցույց տվեց թերթում գրված հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիան կատարում է ընդունելություն: Մեկնեցի մայրաքաղաք», - պատմում է։ 1986թ․ ընդունվելով ստուդիա` հաջողությունը ժպտում է: Իր համակուրսեցու հետ դեր են ստանում մասսայական տեսարաններում խաղալու համար: Առաջին ներկայացումը «Ռամուս, պունկուս տուկեր» մանկական ներկայացումն էր: Հենց այդ ներկայացումից հետո էլ նա «սիրահարվում» է բեմին:

1989-ին ուսումն ավարտելով՝ վերադառնում է Կապան և աշխատանքի անցնում Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում: Առաջին դերը Կապանի թատրոնում «Տաքսի-տաքսի» ներկայացման մեջ Ադելաիդան էր, որին շատ մեծ պատասխանատվությամբ էր մոտենում:

Մինչ այսօր բազմաթիվ կերպարներ կերտած Գայանեն պատմում է, թե ինչպես եղավ, որ սկսեց նկարել. «Երևի, տասը տարի առաջ էր, երբ Մոսկվայում էի: Այնտեղ փաստաբան ընկերուհի ունեմ, զրույցի մեջ ասաց, որ սկսել է նկարել: Հետաքրքիր է, հենց այդ պահին, կարծես մի ներքին ձայն ինձ ասաց, որ ես նույնպես պետք է նկարեմ։ Չնայած համարյա արդեն տասը տարի հետո մի օր արթնացա՝ նկարելու անսպառ ցանկությամբ: Վերցրի վրձինը ու նկարեցի: Կարծում եմ՝ ստացվեց, բայց կյանքիս մեջ առաջին անգամ էր վրձինը ձեռքիս»: Արտիստուհին հուզմունքով է հիշում իր առաջին կտավը. հեքիաթային ծաղիկ էր:

Բազմաթիվ կտավների շունչ տված Գայանեն, սակայն, իրեն նկարիչ չի համարում՝ կարծելով, որ նկարիչ լինելու համար շատ երկար ու դժվարին ճանապարհ պետք է անցնել: Նա իր նկարների տակ ստորագրում է «Պոգա» և պատմում անվան ծնվելու պատմությունը. «Պոգան իմ անվան և ազգանվան համակցությունն է: Մի անգամ կուրսեցիներով հավաքվել էինք: Երկար տարիներ չէինք հանդիպել, պատմեցի իմ նկարչուհի դառնալու առեղծվածային պատմությունը, և նրանք էլ որոշեցին, որ նկարներիս տակ պետք է գրվի «Պոգա»: Նկարչությունը ինձ համար հոբբի է: Չեմ կարող երբեք թողնել բեմը: Պատկերացրեք, բեմն է, որ բացահայտեց «Պոգա»-ին: Նկարելիս կտրվում եմ իրականությունից, փորձում ազատել հոգիս և զգացողությունս փոխանցել կտավին»:

Պոգան շատ պլաններ ունի, սակայն չցանկացավ փակագծեր բացել. «Ունեմ կարգախոս, որով միշտ առաջնորդվում եմ և նայում միայն առաջ, առանց հետ նայելու: Ուզում եմ, որ մարդիկ հաճախ այցելեն թատրոն: Հավատացեք, թատրոնում է, որ կարող ես նորից վերագտնել քեզ և բացահայտել այն, ինչի մասին երբեք չես էլ մտածել»:

Մեր զրույցն ավարտվեց շատ ջերմ մթնոլորտում՝ մեկ գավաթ տաք թեյով:

Տիգրան Ղուկասյան

19:00 12.10.2019

Ամենաշատ ընթերցվածները