ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մեդիագրագիտության պակասը ՝ ագրեսիայի պատճառ
14:00 13.10.2019

Մեդիագրագիտության պակասը ՝ ագրեսիայի պատճառ

Մարդիկ, ովքեր ոչ մի կերպ չեն տարբերվում ուրիշներից, առցանց հարթակում բավականին տարբերվում են այն մարդկանցից, ովքեր ստատուսներ և մեկնաբանություններ են գրում սոցիալական ցանցերում և կայքերում: Այսօր համացանցը վերածվել է «կռվի դաշտի», որտեղ յուրաքանչյուրը մտածում է, որ հենց իր մեկնաբանությունն է ամենաճիշտը և տվյալ պարագայում իրավիճակ փոխողը: Շատերի մոտ ագրեսիան և դժգոհությունը՝ կյանքից, շատ ավելի բարձր մակարդակի վրա են: Սոցցանցերը հնարավորություն են տալիս ապատեղեկատվություն տարածել և քարոզել, դա էլ իր հերթին պատճառ է դառնում ցանցերում ագրեսիվ պահվածքի, հոգեբանական ճնշումների և վիրավորանքների տարածման: Երբ նստած ես համակարգչի առաջ, շատ ավելի ապահով ես, քան այն դեպքում, երբ նայում ես մարդու աչքերին: Նախ՝ կարող ես կեղծանունով ներկայանալ, երկրորդ՝ եթե նույնիսկ քո անունով ես ներկայանում, միևնույն է՝ քիչ է հավանականությունը, որ նա, ում, ենթադրենք, վիրտուալ տարածքում վիրավորել ես, քեզնից հաշիվ կպահանջի: Վերջերս շատ են քննարկում համացանցում ֆեյքերի թեման, քանի որ վերջիններս համարվում են հիմնական ագրեսիա տարածողները: Ինչպես նշում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ֆեյքերի դեմ պայքարը այսօր համարվում է համաշխարհային մակարդակի խնդիր: «Այսօր որևէ հասարակություն չի կարող ֆեյք լուրերը տարբերակել սովորական լուրերից, քանի որ ֆեյք լուրերն արտադրողները հմտացած են։ Սա ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է, և միայն Հայաստանը չէ կանգնած այս խնդրի առաջ», - ասում է փորձագետը: 

Իսկ ինչպես լուծել ամեն օր սոցիալական հարթակում հայհոյանքներ հնչեցնող կեղծ օգտատերերի խնդիրը: Կարելի է մտածել, որ եթե գոնե մեկ նման օգտատիրոջ բացահայտեն և պատժեն օրենքի սահմաններում, մնացածի համար սա դաս կարող է լինել, բայց արդյո՞ք նրանց գտնել հնարավոր է: «Սոցցանցերում հնչող հայհոյանքները կանխելը անլուծելի խնդիր է համարվում: Եթե ձեզ որևէ մեկը հայհոյել է կեղծ օգտատիրոջ անվան տակ, հնարավոր է քրեական գործ հարուցել, բայց այդ մարդուն դեռ գտնել է պետք: Այս խնդիրը հիմնականում լուծվում է տեխնիկական ձևով, այսինքն՝ բողոքելով և արգելափակելով տվյալ օգտատիրոջը: Նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ ֆեյքերի դեպքում նրանց գտնելը կարող է անհնար լինել», - նշում է փորձագետը։

Նրա խոսքով՝ վերոնշյալ հարցը այս պահին լուծում չունի, քանի որ, եթե մարդկանց տրվել է հեռարձակելու հնարավորություն, բայց նրանք չունեն համապատասխան դաստիարակություն, առնվազն ստանում ենք այն, ինչ ունենք հիմա: Մնում է հույսը դնել միայն հասարակության մեդիագրագիտությունը բարձրացնելու վրա, որի համար նույնպես պետք է տարվեն աշխատանքներ:

Այսօր սոցցանցերի հիմնական վտանգը ոչ միայն դրանցից կախվածության մեջ հայտնվելն է, այլև քննադատական մտածողությունից և կեղծ տեղեկատվությունը ճշտից զատելու ունակություն չունենալն է: Մեդիագրագիտության մակարդակը Հայաստանում, եթե համեմատենք զարգացած երկրների հետ, ցածր է, բայց այդպիսի իրավիճակ է տիրում ոչ միայն Հայաստանում: Զարգացած երկրներում այդ գիտելիքները ինչ-որ ձևով դեռ դպրոցում են փոխանցվում, քննադատական մտածողությունը զարգանում է, նրանք սովորում են կասկածել, ստուգել, քննարկել, վերլուծել, ոչ թե մտածել, որ այն, ինչ կարդում կամ լսում են, ուրեմն ճիշտ է: Արդեն մի քանի տարի է, ինչ հկ-ները մանկավարժների հետ աշխատում են այս ոլորտում փոփոխությունների հասնելու համար: Մեդիագրագիտությունը մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, դրա դերն ու նշանակությունը հասկանալու, տեղեկատվության հսկայական ծավալի մեջ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու, մեդիայի գործողություններին արձագանքելու հմտությունների ամբողջությունն է։ Դրա հիմքում քննադատական մտածողությունն է, որը ձևավորվում է առաջին հերթին հենց դպրոցում։  Ցանկալի է՝ հետագայում այն Հայաստանում ևս որպես առարկա ուսուցանվի դպրոցում։

Հասարակության մեջ կա թյուր կարծիք, որ մեդիագրագիտությունը հիմնականում անհրաժեշտ է լրագրողներին: Բայց  ինֆորմացիան ճիշտ տարբերակելը յուրաքանչյուրի համար էլ կարևոր է, առաջինը հենց սթրեսներից խուսափելու համար: Մեդիագրագետ մարդը, անկախ մասնագիտությունից, կարողանում է գտնել, տարածել, քննարկել, մեկնաբանել տեղեկատվությունը՝ պահպանելով գրագիտության որոշակի սահմաններ, քանի որ մեդիագրագիտություն ասելով՝ հասկանում ենք տեղեկություն ստանալու, վերլուծելու կարողություն: Հայաստանի պարագայում կարևոր է այս չափանիշների պահպանումը հատկապես սահմանային լարվածության ժամանակ։ Պետք է հստակ գիտակցել, որ մեդիան հզոր զենք է, երկրի հայելին է, և պետք է ծայրահեղ զգույշ լինել ցանկացած ինֆորմացիա տարածելիս։

Սոնա Օհանջանյան

14:00 13.10.2019

Ամենաշատ ընթերցվածները