ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վ․Իսրայելյան․ «Քաղաքն առանց բանաստեղծի»
16:00 13.10.2019

Վ․Իսրայելյան․ «Քաղաքն առանց բանաստեղծի»

Կար ժամանակ, որ Երևանի հագուկապի անբաժան զարդն էին բանաստեղծները։ Քաղաքը երբեմն-երբեմն փոխում էր նրանց, ինչպես նորաձև փողկապներն են փոխում։ Փողոցներն ընդարմությունից հանող, սրճարանների գաղջ օդին ոգի տվող այդ բանաստեղծների անունները չգրվեցին գրականության պատմության մեջ, բայց քաղաքը պահպանեց իր հիշողության ծալքերում։ Հենց նրանցից մեկի մասին է պատմում  արձակագիր Վրեժ Իսրայելյանը «Քաղաքն առանց բանաստեղծի» գրվածքում։

Ոչ ոք անտարբեր չէր անցնում հայացքը միշտ վեր հառած, անցորդներին ասես արհամարհող, հաստ ու խորհրդավոր թղթապանակից անբաժան բանաստեղծի կողքով․ «Պատահում էր նրան տուն էին բերում առանց գլխարկի, առանց վզնոցի, բայց թղթապանակը միշտ ձեռքին էր»։

Մի օր բանաստեղծը որոշում է սրճարան մտնել և միայն ծխախոտ գնել։ Նա ոչ մի կաթիլ չէր ուզում խմել։ Բայց մտնելուն պես հրավերներ են ստացվում տարբեր սեղաններից։ Հաստլիկ ու կարճահասակ մեկը առանց խոսքի նրան համարյա քարշ տվեց իրենց զբաղեցրած անկյունը։ Բանաստեղծին օղի են հյուրասիրում։ Սրճարանում գինովցած մեկը օտարամոլությունից էր խոսում, մեկ ուրիշը Ֆրանց Կաֆկայի գովքն էր անում։

Բայց իսկական ներկայացումը, որ խոստացել էր կարճահասակը, առջևում էր։ Սեղանակիցները երկար չսպասեցին վարագույրների բացվելուն։ Բանաստեղծն ասաց, որ իր մանկության ընկեր մինիստրն իրեն տեղակալի պաշտոն է խոստացել։ Սեղանակիցները հեգնախառն դատողություններ ու առաջարկություններ էին անում․ «Ժամանակն է, որ բանաստեղծները ղեկավարեն երկիրը», «Հենց գործի անցնես, առաջինը էս կաշառակերների հերը կանիծես»։ Բանաստեղծը ոգևորվում էր, բայց կարճահասակի խոսքը՝ «Ինչքան բանաստեղծ կա, բոլորին կկախես հանդիպած ծառից», նրան խորապես վիրավորեց․ «Քիչ են կախել, հա՞, - գոռաց նա ու բռնեց կարճահասակի օձիքից»։ Սեղանակիցները հռհռում էին։ Կարճահասակը փորձեց կատակի տալ, բայց ոչինչ չօգնեց։ Բանը հասավ ծեծկռտոցի։ «Բա՛ց թողեք, - ասաց բանաստեղծը, - ես առաջին կարգի բռնցքամարտիկ եմ եղել, ես ջարդուփշուր կանեմ այդ փնթի սպեկուլյանտին»։ Բայց այդ խոսքերն ավելի շատ հիշեցնում էին Դոն Կիխոտի հոխորտանքը հողմաղացների դեմ կռվի նետվելուց առաջ։ Կարճահասակը հմտորեն ծեծեց բանաստեղծին։ Ծեծվողին ճանաչողներ կային, բայց ոչ ոք չցանկացավ ինչ-որ բանաստեղծի համար գլխացավանքի մեջ ընկնել։ «Ես այդ վաշխառուին փոշի կսարքեմ ու քամու բերանը կտամ»․ այս խոսքերից հետո ծեծված ու ջարդված բանաստեղծը դուրս եկավ սրճարանից։

Բայց ներկայացումը դեռ չէր ավարտվել։ Սրճարանում ոգևորության նոր ալիք բարձրացավ, երբ դրսում փոքր-ինչ կանգնելուց հետո կրկին հայտնվեց բանաստեղծը։ Նա մի հայացք նետեց ներսում գտնվողների վրա, դողդոջուն մատներով բացեց թղթապանակը, հանեց թղթերը, դեսուդեն նետեց և սկսեց ոտքերով անխնա տրորել․ «Ու՞մ համար են սրանք, այս փչացած ուղեղների՞․․․ Շռայլություն է․․․»։

Հաջորդ օրը՝ առավոտյան, տեսնելով դատարկ թղթապանակը՝ բանաստեղծը հիշեց կատարվածը և վազեց սրճարան։ Բայց հավաքարարը ամեն ինչ ավլել ու մաքրել էր։ Բանաստեղծը աղբարկղից աղբարկղ էր նետվում, թղթեր հանում ու շուռումուռ տալիս․ «Կյանքումս նման առնետ տեսած չկամ, - ասաց մի ակնոցավոր երիտասարդ, և ամբոխը նվագախմբի պես ձայնակցեց նրան»։ Մեկն էլ հեգնեց, թե գլուխգործոցն է կորցրել։ Ամբողջ քաղաքն իմացավ, որ հայտնվել է աղբարկղերի հոգին հանող մի առնետ։ Օրեր անց միայն ամբոխի հետաքրքրությունը սկսեց նվազել։ Իսկ բանաստեղծը շարունակում էր փնտրել։ Մի օր էլ նրան գտան մահացած, իսկ կողքին քամուց օրորվող թղթապանակն էր։

Տարիներ հետո քաղաքի թատերաբեմից իջան բանաստեղծները։ Մի օր բնակիչներին ինչ-որ մի տարօրինակ զգացում դուրս հանեց բնակարաններից։ Մարդիկ իրար էին նայում զարմացած։ Նրանց թվում էր, թե ինչ-որ բան են կորցրել, ինչ-որ մեծ բան։ Հանկարծ նրանք տեսան քաղաքի փողոցներով լողացող անթիվ-անհամար թղթապանակներ։ Կատաղած առնետների պես հարձակվեցին դրանց վրա․ «Բայց նրանք ուշացել էին, որովհետև նույն գիշերը առնետները բառ առ բառ, տառ առ տառ կերել էին այն, ինչ նրանք էին փնտրում»։

Ի՞նչ էին փնտրում մարդիկ՝ գլուխգործո՞ց, դոնկիխոտյան խենթությու՞ն, թե՞ այն, ինչը անուն չունի։ Մի առիթով Վ․Իսրայելյանը գրել է․ «Կարծում եմ՝ գրականությունը բառերի մեջ զսպված ուժն է»։ Հենց այդ զսպված ուժով են գրվել նրա պատմվածքները, որ ընթերցողին մղում են մտորումների։

Արթուր Իսրայելյան  

16:00 13.10.2019

Ամենաշատ ընթերցվածները