ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հաջողության գրավականը
18:00 14.10.2019

Հաջողության գրավականը

WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովի թեման էր «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Սակայն մենք ուշադրություն կդարձնենք մեկ այլ բաղադրիչի, որը կարմիր թելի պես անցնում էր ամբողջ համաժողովի ընթացքում․ որն է հաջողության գրավականը տարբեր հանրաճանաչ մարդկանց տեսանկյունից: Այսօր հայ հանրությունը երջանիկ լսում և ընդունում էր Քիմ Քարդաշյանի ասելիքը տոնային քսուքի, ինչպես նաև հատուկ ներքնազգեստի արտադրության մասին: Եկեք պատկերացնենք մի պահ, որ սա մի միջին վիճակագրական հայ կին էր ասում բեմից, այլ ոչ՝ Քիմ Քարդաշյանը: Պատկերացրի՞ք, դժվարությա՞մբ, այ հենց դրա մասին էլ կխոսենք:

Փողի և սպառողական մտածելակերպի քաղաքականությունը

Քիմ Քարդաշյանի շպարաներքնազգեստային, ինչպես նաև շոուբիզնեսային ապրելակերպը և հաջողությունը ներկայացվեցին WCIT-2019-ին ամբողջությամբ: Չնսեմացնելով այդ կնոջ հաջողությունները՝ այնուամենայնիվ նշենք, որ այդ հաջողության գրավականը չի կարող կիրառվել Հայաստանում: Ուղղակի մի պահ պատկերացրեք, որ մեր հասարակությունը հանգիստ է վերաբերվում կանանց, որոնք գումար են վաստակում սոցիալական ցանցերի միջոցով, ամուսնացած են հայկական պատկերացումներից հեռու ռեփերի հետ ու ընդհանրապես վաստակում են հետևորդների շնորհիվ, որոնք երազում են լինել այդպես գեղեցիկ, մոդայիկ ու ներքնազգեստի բիզնեսում բանիմաց: Հասկանում ենք, որ միլիոնավոր հետևորդներ ունեցող Քիմը անուղղակիորեն գովազդում է Հայաստանը, սակայն անհատական ընդունելությունը վարչապետի նստավայրում նշանակում է, որ Քիմ Քարդաշյանի ապրելակերպը, ընկալումները և վարվեցողությունը մեկին մեկ բռնում են մեր՝ հայկական ապրելակերպի և մտածելակերպի հետ: Իհարկե, դա այդպես չէ: Մյուս կողմից էլ, քանի դեռ փողը ու սպառողական մտածելակերպը տիրել են աշխարհին, ինչու՞ մենք էլ հետ մնանք: Հետոն ցույց կտա՝ որն էր ճիշտը:

Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Քրք Քրքորյանի հիմնադրամ էր ստեղծվում, Հյուսիսային պողոտա էր կառուցվում, այդպես էին այն ժամանակվա պատկերացումները երկրի զարգացման վերաբերյալ, իսկ հիմա ազգովի սպասում ենք Քիմ Քարդաշյանի ներքնազգեստի արտադրության գործարանի բացմանը: Թե՛ նախկինների, թե՛ ներկաների օրոք խնդիրը մեկն է․ մենք՝ որպես ազգ, չենք կարողանում ձևակերպել համընդանուր բարեկեցության բանաձևը: Յուրաքանչյուր իշխանություն իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն ու միայնակ ձևակերպել այն, ինչ համարում է կարևոր հայ ազգի համար:

Հիմա կհարցնեք, բա այլ ազգերի մոտ ո՞րն է համընդհանուր բարեկեցության բանաձևը: Բերեմ Նիդեռլանդների օրինակը: Թիվ մեկ թշնամին հոլանդացիների համար ծովի մակարդակն է: Ամբողջ ազգը պատնեշներ է կառուցում, որովհետև եթե ջուրը վրա տա, ապա այն չի տարբերելու լավ մարդկանց վատերից: Սա է պատճառը, որ երկու հարևան չեն անիծում միմյանց մինչև վերջ: Նրանք հասկանում են, որ եթե ծովի մակարդակը սկսի բարձրանալ, նրանք ստիպված հայտնվելու են պատնեշի վրա ավազի լրացուցիչ պարկեր շարելու համար: Դա է պատճառը, որ հոլանդացիները չեն ստորացնում անդուր հարևանին մինչև վերջ․ չէ՞ որ հենց այդ նույն հարևանի ուսն է պետք լինելու վաղը, երբ վտանգը վրա հասնի: Մի խոսքով, մարդուն խնդրից պետք է սովորել տարանջատել: Իսկական հաջողության գրավականը այսպիսի բաներն են, այլ ոչ երբեք այն, որ իմ անվամբ ներքնազգեստի ֆաբրիկա կա, իսկ ձեր անունով՝ ոչ:

Համընդհանուր բարօրության ձևակերպում

Հայաստանում գրեթե ոչ մեկը չի հավատում համընդհանուր բարօրությանը: Քանի՞ մարդ եք ճանաչում ձեր շրջապատում, որ ժամանակ կհատկացնի համընդհանուր բարօրության համար: Դա կլինի քաղաքի մաքրություն, հարևանի՝ բանակում ծառայող որդի, թե դիաբետով հիվանդ երեխաներ: Մենք՝ հայերս, սովորաբար մեր և մեր ընտանիքների մասին ենք միմիայն մտածում: Մեր ասույթները նույնիսկ դրան են տանում՝ «Եղունգ ունես, գլուխդ քորի», «Ինչ անում, երեխաների համար ենք անում» և այլն: 

Մենք պատերազմող երկիր ենք, մեր համընդհանուր բարօրությունը կարող էր լինել, օրինակ, ոչ թե հոլանդացիների դամբաները, այլ մեր բանակը, օրինակ, ինչպես դա Իսրայելում է: 

Հիմա մեր Հայաստանում արդեն խոսվում է նրա մասին, որ դատավորներին պետք է 5000 դոլար աշխատավարձ տալ, որպեսզի լավ աշխատեն, ազնիվ ու անաչառ: Վատագույն համընդհանուր բարօրության ձևակերպում մեր իշխանությունների կողմից: Նախ այդ մոտեցումը նսեմացնում է այլ մասնագիտությունների մարդկանց: Իսկ ո՞վ է ասել, որ ուսուցչին պետք չէ 5000 դոլար աշխատավարձ: Բայց սրանով չի ավարտվում: Մարդկանց հարկավոր է բացատրել, թե մեր ինչին է պետք արդարադատությունը: Հազարավոր մարդիկ դատարանի դուռը չեն բացել, և նրանք իսկապես չեն հասկանում՝ ինչու է դատավորի բարձր աշխատավարձը համընդհանուր բարօրություն: Միաժամանակ դատավորները, որոնք հասկանում են, որ ժողովուրդը իրենց չի վստահում, սակայն կա շանս բարձր աշխատավարձ ստանալ, էհ, յանիմ ինչի չստանալ որ, եթե համընդհանուր բարօրության ձևակերպում չկա, իսկ ջղաձիգ, հատվածական լուծումներ կան: Դե քանի այսպես է, օգտվել է պետք, մտածում են նրանք: Մի 100 տարուց որ ձևակերպեն ճիշտ դատավորի կերպարը և աշխատելաոճը, այն ժամանակ մեր թոռները թող մտահոգվեն:

Մուննաթն ու քաղաքավարությունը

Զարգացած աշխարհը անցել է մեծ ճանապարհ և պատահական չէ եկել կյանքի բարձր որակներին: Հայերս տենչում ենք եվրոպական կյանքի որակը ունենալ, սակայն պատրաստ չենք նրանց նման աշխատել: Գիտեք առաջին հերթին ի՞նչ նկատողություն ձեզ կանեն զարգացած երկրում ապրելու ժամանակ: Ձեզ կմատնանշեն ձեր անքաղաքավարությունը: Արտասահմանում ընդունված է մարդկանց շնորհակալ լինել և ասել դրա մասին ամեն քայլափոխի: Հետսովետական երկրներում մուննաթը դեռ մնացել է: Եթե դասատուն ներվահան է լինելու մեր անկարգ երեխաների ձեռքին, մենք ինչ ենք ասում. «Դա նրա գործն է, թող անի, չի ուզում անի, պաժալստա, թող գործից դուրս գա»: Ռեստորանում մատուցողն է պարտավոր, աշխատանքի տեղը մեզնից ցածր դիրք զբաղեցնող աշխատակիցը նույնպես պարտավոր է: Բոլորը պարտավոր են անել լավ՝ անկախ նրանից՝ մենք շնորհակալ կլինենք, թե՝ ոչ: Այ դրա համար էլ մերոնք լավ չեն աշխատում, բոլորը նյարդային են, չգնահատված, փնթփնթացող, ու ընդհանրապես միջին վիճակագրական հայը չունի հաջողության գրավականի մասին պատմություն, որը կարելի էր ներկայացնել WCIT-2019-ին ու Քիմ Քարդաշյանի տոնային քսուքի ոդիսականի պատմությունը ստվերել հավուր պատշաճի:

Քիմ Քարդաշյանի նկարները հոդվածում օգտագործված են գիտակցաբար, որպեսզի համընդհանուր հայկական բարօրության մասին սկսեք ավելի շատ մտածել, քան ձեր անունով ներքնազգեստի նոր հավաքածուի մասին:

Արման Սուլեյմանյան

18:00 14.10.2019

Ամենաշատ ընթերցվածները