ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 մլն-ը կույր է
16:00 15.10.2019

Աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 մլն-ը կույր է

Հայաստանում շարունակվում են Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումները, որոնք սովորաբար նշվում են ամբողջ շաբաթվա ընթացքում:

2000 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր: Այն տոնվում է անդրադառնալու կուրության և տեսողության խանգարման խնդրին` կոչ անելով կառավարությանը, աողջապահության նախարարություններին և նաև հասարակությանը համախմբելու ուժերը տեսողության խնդիրներ ունեցող անձանց վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների ուղղությամբ:

Կարևորելով Տեսողության համաշխարհային օրվա խորհուրդը` «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը, որն արդեն 27 տարի Հայաստանում իրականացնում է բժշկական բարեգործական լայնածավալ աշխատանքներ, 2004 թ-ից ի վեր Առողջապահության նախարարության հետ համատեղ ամեն տարի նշում է Տեսողության համաշխարհային օրը, որն այս տարի անց է կացվում «Մեր տեսողությունը կարևոր է» խորագրի ներքո:

Այս տարի նույնպես՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը հոկտեմբերի 2-րդ շաբաթվա ընթացքում հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումների շարք է նախապատրաստել, որոնցից առաջինը Առողջապահության փոխնախարարի այցն էր Հայկական ակնաբուժության նախագծի շարժական հիվանդանոցը, որն այս պահին գտնվում է Հրազդան քաղաքում և որտեղ անց էն կացվում աչքի անվճար զննումներ և վիրահատություններ:

Շարունակելով միջոցառումների շարքը և կարևորելով տեսողության դերը կյանքում գեղեցիկը ընկալելու համար՝ այսօր` հոկտեմբերի 13-ին Հայկական ակնաբուժության նախագիծը` Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական պետական դրամատիկական թատրոնի հետ գործակցությամբ` ՀԱՆ բարեգործական հիմնադրամի միջոցով տեսողությունը վերականգնած մեծահասակների համար կազմակերպել է մշակութային միջոցառում: Մասնակիցները տոնի կապակցությամբ դիտել են «Իմ անունը Կոմիտաս է» ներկայացման առաջնախաղը` նվիրված  մեծանուն գործիչ Կոմիտասի 150- ամյա հոբելյանին:

Հայկական ակնաբուժության նախագծի աշխատանքը 27 տարիների ընթացքում շատ ծավալուն է: 2010թ.-ից մինչեւ 2019թ. Հուլիս ամիսը  8.794 թիրախային խմբի (34 շաբաթ գեստացիոն տարիքից փոքր եւ/կամ 2.000գր. պակաս քաշով) նորածին երեխա ենթարկվել է առաջնային եւ ընթացիկ ստուգումների, որից առաջնային ստուգման՝ 6.720-ը,  22.193 ԱՌ ստուգում է իրականացվել (44.386 աչք), 192 երեխա ստացել է 337 լազերային բուժում (ֆոտոլազերկոագուլյացիա), 116 երեխա ստացել է 194 հակա-անգիոգեն բուժում, 60 երեխա ենթարկվել է 74 վիտրեոռետինալ եւ հարակից վիրահատությունների եւ միջամտությունների:

ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է: Տեսողության խանգարման  ամենատարածված պատճառներից են աչքի լուսաբեկման խախտումները, կատարակտը, գլաուկոման և տարիքային մակուլյար դեգեներացիան: 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր վեցերորդի և 80 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվում է կատարակտա: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսության տոկոսը կազմում է շուրջ 20%, ուսանողների շրջանում` մինչև 40%: Շաքարային դիաբետով տառապող յուրաքանչյուր երրորդի մոտ հայտնաբերվում է  դիաբետիկ ռետինոպաթիա: Այս հիվանդությունների 75 տոկոսը հաղթահարելի է, այսինքն դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել, իսկ ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել:

Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում կատարակտի տարածվածությունը 27% է, մակուլյար դեգեներացիան՝ 6.5%, գլաուկոման՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիան՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն:

Աղբյուր` Panorama.am

16:00 15.10.2019

Ամենաշատ ընթերցվածները