ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանը ՁԻԱՀ-ի աճի տեմպերով Եվրոպայի «առաջատարն է». Թեմային պետք չէ անլուրջ վերաբերվել
12:00 16.10.2019

Հայաստանը ՁԻԱՀ-ի աճի տեմպերով Եվրոպայի «առաջատարն է». Թեմային պետք չէ անլուրջ վերաբերվել

Արդեն երկրորդ օրն է՝ համացանցում և ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է «Կուբայից Հայաստան ժամանած ՁԻԱՀ-ի վարակակիր տրանսգենդերների» թեման: Թեև տեղեկությունները պաշտոնապես ո՛չ հերքվել են, ո՛չ հաստատվել, խնդիրը բուռն արձագանքի է արժանացել՝ դառնալով թե՛ մտավախությունների, թե՛ կատակների պատճառ:

Այնուամենայնիվ, Հայաստանում խնդիրն առկա է: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների՝ ՁԻԱՀ-ի նոր ախտորոշումների թիվը 2017-ին կազմել է 144, իսկ 2018-ին՝ 211: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության «ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների եվրոպական ծրագիր» զեկույցի՝ 2017-ի վերջի դրությամբ ՀՀ-ում կա 1476 ՁԻԱՀ-ով հիվանդ: Հաշվի առնելով բնակչության 100,000 շնչին ընկնող վարակվածների քանակը՝ ՀՀ-ն Եվրոպական տարածաշրջանում բավականին բարձր տեղ է գրավում՝ մտնելով հնգյակի մեջ: 2017-ին 100,000 շնչին ընկնող վարակվածների քանակը ՀՀ-ում կազմել է 4.8, 2018-ին՝ 7.1:

Ըստ ԱՀԿ տվյալների՝ ՄԻԱՎ-ով վարակվածների քանակն ավելի շատ է՝ 2907, որից 2017-ին գրանցված նոր դեպքերը 358-ն են, իսկ 2018-ին՝ 429: 2017-ի դեպքերից 252-ը բաժին են ընկնում տղամարդկանց: ԱՀԿ զեկույցի համաձայն՝ դեպքերի 79.3 տոկոսը պայմանավորված է հետերոսեքսուալ կապերով, 10.7 տոկոսը՝ թմրամիջոցների օգտագործմամբ:

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թվի աճի հիմնական պատճառը աշխատանքային միգրացիան է: Այդ մասին Թորոսյանը հայտնել է դեռ 2019-ի հունվարին:

«Վերջին տարիներին ՄԻԱՎ վարակի թվի աճի հիմնական գործոնը միգրացիան է։ Հիմնականում, աշխատանքային միգրացիան դեպի երկրներ, որտեղ ՄԻԱՎ վարակի տարածման աստիճանը մի քանի անգամ գերազանցում է նույն ցուցանիշը Հայաստանում և, նկատի առնելով որոշակի «բարենպաստ» պայմանները, այդ թվում ոչ անվտանգ ապրելակերպը, աճում է ՄԻԱՎ վարակակով աշխատանքային միգրանտների վարակման ռիսկը», - նշել է նախարարը՝ հավելելով, որ որ վերջին տարիներին կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հաջողվել է կանխել ՄԻԱՎ տարածումը։

Բացի այդ, ներկա պահին երկրում իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման 4-րդ պետական ծրագիրը, որը նախատեսված է մինչև 2021 թվականը։

Ընթերցեք նաև.ՄԻԱՎ-ը միայն «թմրամոլների հիվանդություն» չէ. Ստուգվելն ամոթ չէ և պարտադիր է

Աղբյուրը՝ PanARMENIAN.Net 

12:00 16.10.2019

Ամենաշատ ընթերցվածները