ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հրայրի հուրը
17:00 16.10.2019

Հրայրի հուրը

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

Դատական իշխանությունը հիասքանչ է նրանով, որ կարող է մերժել վարույթ ընդունել ցանկացած դիմում տարբեր իրավաբանական խրթին պատճառաբանություններով: Այն հարցին, թե որն է դատարանի մեկնաբանությունը, դատավոր անդամները կարող են պատասխանել կարճ ու դիպուկ. «Դատարանը տալիս է իր բոլոր դիրքորոշումները դատական ակտով և պարտավոր չէ մեկնաբանել ավելին, քան գրված է դատական որոշման մեջ»:

Հիրավի շքեղ մեկնաբանություն: Որպես լրագրող լսել եմ այն հազար անգամ: Դու քեզ որ պատով ուզում ես տուր, դուրդ չի գալիս, դիմի՛ր հաջորդ ատյան, հետո՝ դրա հաջորդը, հետո՝ ՄԻԵԴ, սպասի՛ր մի 5-10 տարի, հետո էլ, հետո էլ՝ ով սա՜ղ, ով մեռա՜ծ, լավագույն դեպքում ինչ-որ գումարային փոխհատուցում կստանաս այդ օրվա իշխանություններից, որովհետև ՄԻԵԴ-ը պատժում է Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ երբեք դատարանին: Ինչի՞ց էինք խոսում: Հա հիշեցի, ուրեմն դատարանին դիմել, որ ինքը իրեն խարակիրի անի, նույնն է, ինչ պահը կորցնես ու երեխային կոնֆետ տաս, հետո փորձես մի 1.5 տարի անց այդ կոնֆետը նույնությամբ հետ վերադարձնել: Իհարկե, շանս կա, որ կվերադարձնես, սակայն միայն կղանքի տեսքով, այլևս չի լինելու ո՛չ գեղեցիկ փաթեթավորումը, ո՛չ էլ կոնֆետը որպես այդպիսին:

Հեղափոխությունը ոչ թե ուշացավ Հրայր Թովմասյանին ձիուց իջեցնելու հարցում, այլ վարվեց այնպես, ինչպես վերևում նկարագրեցի մեկ կոնֆետի պատմությունը: Դատարանի հետ հանաք մասխարություն անելը դյուրին բան չէ, ամեն մարդու բան չէ, ամենքի խելքի բանը չէ:

«Զանգեզուր պրես»

17:00 16.10.2019

Ամենաշատ ընթերցվածները