ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Իրավիճակ է փոխվել․ դատավորները սկսել են կաշկանդվել
19:00 16.10.2019

Իրավիճակ է փոխվել․ դատավորները սկսել են կաշկանդվել

ՀՀ-ում իշխանափոխությունից հետո պարբերաբար բարձրաձայնվում է, որ ամենակոռուպացված համակարգում՝ արդարադատության ոլորտում, անհրաժեշտ է սկսել իրականացնել բարեփոխումներ։ Անցել է մեկ ու կես տարի։ Արդյո՞ք առկա են փոփոխություններ։

Փաստաբան Իրինա Մանուկյանի խոսքով՝ նախկինում եղած խնդիրները շարունակում են մնալ։ «Քչանալու փոխարեն շատացել են կալանքի դեպքերը, եթե որոշ ժամանակ առաջ դատավորները անկաշկանդ կիրառում էին այլընտրանքային խափանման միջոցը, օրինակ՝ գրավը, ապա հիմա դա հետընթաց է ապրում»։ Փաստաբանը նշում է՝ այսօր դատական իշխանությունը վախեցած է։ «Դատական իշխանության արդյունավետ գործունեության երաշխիքը նրա անկախությունն է։ Իսկ այդ անկախությունը կերտվում է ոլորտի ներկայացուցիչների անկախության միջոցով։ Այսօր մենք ունենք խնդիր՝ պայմանավորված ներկա իրավիճակով, որոշ աղմկահարույց դատական գործերի քննությամբ։ Մինչդեռ թե՛ հասարակական կարծիքը, թե՛ քաղաքական մարտահրավերները կամ իշխանության պահանջներն ու շահերը չպետք է կաշկանդեն դատական իշխանությանը»։

Իրինա Մանուկյանն ասում է, որ կան դեպքեր, որ այս կամ այն դատական գործով պահանջում են այլ ակտ կայացնել։ «Կարծում եք հնարավո՞ր է ամբոխ հանել փողոց և դրա միջոցով թելադրել դատական ակտ կայացնել ինչ-որ մեկին կողմ կամ դեմ, մի՞թե սա է դատական իշխանության անկախությունը, իհարկե, ոչ։  Դա վառ ապացույց է, որ դատարանների վրա կա հասարակական ճնշում»։

Փաստաբան Ռուբեն Ղազարյանը նույնպես կարծում է, որ դատաիրավական ոլորտում էական բարեփոխումներ չկան։ «Առկա է դատական ծանրաբեռնվածության լուրջ խնդիր։ Քաղաքացիների խախտված իրավունքները դատական կարգով վերականգնելու համար բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ, ընդհուպ տարիներ։ Բացի դրանից՝ միտում է նկատվում, որ դատախազության կամ նախաքննական մարմնի ցանկացած միջնորդություն, որը բերվում է դատարան, բավարարվում է։ Մասնավորապես խոսքը վերաբերում է կալանքներին։ Որոշ ժամանակ առաջ դատարանները չէին բավարարում  կամ գոնե պատճառաբանում էին թե՛ բավարարումը, թե՛ մերժումը, իսկ հիմա այդպես չէ»։ Ռուբեն Ղազարյանը ուշադրություն է հրավիրում  նաև դատարանների հեղինակազրկման խնդրի վրա․ «Վերջերս այնքան ենք ասել, որ դատական իշխանությունը հեղինակազրկվել է, որ կարծես դրանով էլ ավելի ենք նպաստում այդ հեղինակազրկմանը, քան միջոցներ ենք ձեռնարկում այդ հեղինակության բարձրացման համար»։

«Վերջին ամիսներին հրապարակված նախագծերը վկայում են, որ բարեփոխումներ չկան», - իր խոսքում ընդգծում է արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը, ասում է՝ խզում կա այդ ծրագրերի և վարչապետի իրականացրած քաղաքականության միջև։ «Փոխանակ իրականացնենք հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումները, ապահովելով դրանց պրակտիկ հիմնավորվածությունը, շարժվում ենք իրադրային փոփոխությունների ճանապարհով։ Դրա հետևանքով ոլորտում առկա է բարեփոխումների իրականացման հետ կապված ճգնաժամ։ Ունենք ռազմավարություններ՝ հակակոռուպցիոն և քերակատարողական, որոնք չափազանց արդյունավետ են, սակայն մինչ օրս հրապարակված նախագծերը, օրինակ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, որևէ կերպ չեն համապատասխանում այդ ռազմավարությունների հիմքում դրված արժեբանությանը և անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրային պարտականությանը։ Բարեփոխումներ տեղի չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ մարդկանց իրավագիտակցության մեջ չի հստակեցվել այն պատկերացումը, որ լինում է ոչ թե  դատական համակարգ, այլ իշխանություն, իսկ դրանց միջև էական  տարբերություն կա»։

Անուշ Միրզոյան

19:00 16.10.2019

Ամենաշատ ընթերցվածները