Մամուլ
Մնացել են մնացողները
«Մի հատ ջահել էս գյուղում չկա, էլ էս գյուղի մասին ի՞նչ պատմեմ։ Բողոքելով բան չեմ փոխի, բայց եթե փայտ չկա, անասուն չկա, փող չաշխատեցիր, մնալն անիմաստ է», - ասում է Լիճքի բնակիչ Հենրիկ Հովհաննիսյանը։
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրը բնակության համար ունի բոլոր բարենպաստ պայմանները, սակայն օր օրի դատարկվում է։ Մարզկենտրոնից 59 կմ հեռավորության վրա գտնվող Լիճքում այսօր փաստացի ընդամենը 28 տնտեսություն կա։
Լիճքում կողպված տները շատ են
Վարչական ղեկավար Հովիկ Միրզոյանի խոսքով՝ նախկինում հողային աշխատանքներ կատարելիս գյուղացիները շատ բերք ու բարիք էին ստանում, այսօր աշխատանքի խնդիր կա։ Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ․ «1970-ական թվականներից դռները աստիճանաբար սկսել են փակվել, այսօր, կարելի է ասել, 15-ից մեկը կարող է բաց լինել։ Երեխա այս պահի դրությամբ ընդհանրապես չկա։ Ամռանը հովեկները գալիս են, գյուղում շարժը մի փոքր ավելանում է։ Անասնապահությունը ընդհանրապես այնքան է քչացել, որ քանակ չեմ ուզում նշել։ Տարեց մարդը ի վիճակի չէ պահելու, երիտասարդներ էլ չկան և չեն էլ ուզում պահել», - ասաց Հ․Միրզոյանը։
Լիճքը ջրի ու ճանապարհի խնդիր չունի, սահմանամերձ գյուղի բնակլիմայական պայմաններն էլ լավ են, միայն ուշադրության պակաս են զգում․ «Առօրյան անցնում է այգում, ավարտում եմ գործս և վերջ, ուրիշ անելիք չի մնում՝ ո՛չ հետաքրքրություն առաջացնող, ո՛չ ժամանցի վայր, նույնիսկ մարդ չկա։ Ձմռանը մեկ ժամ հեռուստացույց նայենք, երկու ժամ նայենք, ինչքա՞ն նայենք։ Այգուս բերքն էլ ամբողջ ամռան շոգին ջրել եմ, որ այսօր բերք ունենամ․ բերքը կա, բայց մշակելու տեխնիկա չկա։ Ջղայնանում եմ, գյուղացիներին ասում, որ անասուններին բերեն ուտեն, նույնիսկ անասուն պահող էլ չկա, բոլորը զզվել են», - ասում է Հենրիկ Հովհաննիսյանը։
Սեպտեմբերի մեկից դպրոցում զանգ չի հնչել
Լիճքում այսօր դպրոց չի գործում։ Գյուղի բնակիչների խոսքով՝ ժամանակին կողքի գյուղերից Լիճքում սովորելու էին գալիս։ 2007-ին 38 աշակերտ կար դպրոցում։ Վերջին 2 տարում այստեղ ընդամենը 2 աշակերտ է սովորել։ Միջնակարգ դպրոցի տնօրեն Էսման Պողոսյանը նշում է՝ այսօր կանգնել են փաստի առաջ․ «Այս տարի օգոստոսին 2 աշակերտի ընտանիքը տեղափովեց Մեղրի, որտեղ բնակարան էին գնել և աշխատելու նպատակով այժմ բնակություն են հաստատել այնտեղ։ Ունենք 10 աշխատող, որոնցից ոչ մեկը դեռ այս պահի դրությամբ գյուղը չի լքել, բայց մտածում են գնալ այլ տեղ աշխատանք փնտրելու, քանի որ նրանցից ոչ մեկը թոշակառու չէ», - նշեց դպրոցի տնօրենը։
Տիկին Լուսինեն դպրոցում էր աշխատում։ Ասում է՝ ամեն օր դպրոց է գնում, բայց աշակերտի ձայն չի լսում․«Այս ամենը մի քիչ էլ տեղի տղաների խնդիրն է, որոնք ավելի շատ սիրում են գյուղը հեռվից։ 25 տարվա հարս եմ Լիճքում, ինչ այստեղ եմ, շարժ միայն ամռանն եմ տեսնում։
2019թ․ մարտի 11-ին Սյունիքի մարզպետի որոշմամբ սկսվել է Լիճքի և հարևան Տաշտունի դպրոցների վերակազմավորման գործընթացը։ «Դեռևս գործընթացի հետ կապված որոշ փաստաթղթեր չենք հասցրել ավարտին հասցնել, վերակազմավորումից հետո արդեն դիմելու ենք կառավարություն Լիճքի դպրոցի ճակատագիրը որոշելու համար՝ լուծարե՞լ, թե՞ վերակազմավորել։ Այստեղ էլ որոշակի խնդիր ունենք, Տաշտուն բնակավայրում 4 փաստացի բնակվող երեխա ունենք, այսինքն՝ հետագայում Լիճքի դպրոցը լուծարելու դեպքում, կունենանք խնդիր», - ասաց Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
Նրա խոսքով՝ դպրոցների ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշում կլինի մինչև նոյեմբեր․«Սահմանված կարգի համաձայն՝ դպրոցի աշխատակիցները կվճարվեն, կառավարության որոշումից հետո էլ կսկսենք վերակազմավորման կամ լուծարման գործընթացը։ Այսինքն՝ մինչև գործարքների ավարտ կմնան տնօրենը, հաշվապահը։ Իսկ մինչ այդ մի բան հստակ է․ եթե չկա աշակերտ, ուրեմն պետբյուջեից որևէ ֆինանսավորում դպրոցի պահպանության համար չի հատկացվի»։
Նարե Խաչատրյան