ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հայաստանում աղջիկների պակաս է արձանագրվում
15:00 18.10.2019

Հայաստանում աղջիկների պակաս է արձանագրվում

Թերևս երեխաների սեռերի միջև տարբերություն դնելու ավանդույթը ձևավորվել է դարեր առաջ, այսօր էլ հասարակության մի մասը շարունակում է մնալ այդ թյուր համոզմունքի կրողը: 

Վերջին 2 տարվա աշխարհի բնակչության վիճակագրական տվյալների համաձայն՝ տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին 68.5 մլն-ով: Տվյալ ցուցանիշի գլխավոր պատճառը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումն է, և դժվար չէ գուշակել, որ թիրախում են դեռ չծնված աղջիկ երեխաները:

Միայն Հայաստանում վերջին 20-ամյակի տվյալներով տարեկան չի ծնվել մոտ 1500 աղջիկ երեխա: Երբ ստեղծված իրավիճակը կասկածի տակ դրեց աշխարհի դեմոգրաֆիայի հեռանկարը, ՄԱԿ-ը որոշում կայացրեց հոկտեմբերի 11-ը հռչակել որպես Աղջիկ երեխաների միջազգային օր: Նպատակը խնդրին ավելի մեծ ուշադրություն դարձնելը և հնարավոր լուծում փնտրելն է:

Խնդրի գլխավոր պատճառը փորձում է պարզաբանել հոգեբան Անուշ Գրիգորյանը. «‎Կովկասի ժողովուրդը նախապատվությունը տալիս է տղա երեխաներին, քանի որ նրանց է համարում գենի շարունակողը և ընտանիքի ունեցվածքի կրողը: Ունենալ աղջիկ երեխա, մեծացնել նրան և որոշակի ներդրումներ կատարել համարվում էր/է ոչ ձեռնտու: Այդ իսկ պատճառով սելեկտիվ աբորտների թիվը այստեղ ճնշող մեծամասնություն է»‎:

Եվ չնայած հասարակության գերակշռող մասը այսօր դեմ է արտահայտվում նման երևույթին, իրավիճակը դրանից չի փոխվում: Հանրապետությունում 2019թ․ սկզբի դրությամբ 0-18 տարեկան աղջիկ երեխաների թիվը կազմում է 343.389, իսկ տղա երեխաների թիվը նույն ժամանակահատվածի համար կազմում է 389.891, տարբերությունը 46.502՝ «հօգուտ» տղաների:

Իհարկե, նկատվում է նաև դրական փոփոխություն, որի նախաձեռնողը կինն է:

«‎Ժամանակակից աշխարհում կանայք հասարակության մեջ ավելի վստահ են իրենց զգում, շատ դեպքերում կարող են գործել ինքնուրույն: Խոսքս վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ընտանիքի կամ ամուսնու գործած ճնշումը չի խախտում առողջ մտածելակերպը, և կինը, պահպանելով աղջիկ երեխայի պտուղը, նախընտրում է հեռանալ՝ հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին»‎: 

Եվ չնայած որ աշխարհում կան երկրներ, որտեղ ոչ միայն չեն ցանկանում աղջիկ երեխաներ ունենալ, այլև անմարդկայնորեն են վերաբերվում նրանց կյանքի ընթացքում, չարժե համակերպվել չարյաց փոքրագույնին: Անհրաժեշտ է արմատախիլ անել թյուր մտածելակերպի մնացորդները, որոնք կասկածի տակ են դնում ազգի դեմոգրաֆիայի հեռանկարը: 

Անի Գրիգորյան

15:00 18.10.2019

Ամենաշատ ընթերցվածները