ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ռումբ՝ պետականության համար
18:00 18.10.2019

Ռումբ՝ պետականության համար

ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծ։ Այն, ըստ իրենց, ենթադրում է այսպիսով կոռուպցիոն հանցավորության դեմ իրականացնել արդյունավետ պայքար։ Նպատակ ունի օրինական տնտեսական շրջանառությունից հանել ապօրինի գույքը և վերադարձնել օրինական սեփականատերերին, իսկ նրանց բացակայության պարագայում այդ գույքը առանց մեղադրական դատավճռի բռնագանձել հօգուտ պետության։ 

Նախաբան

2019թ․ մարտի մեկին Նիկոլ Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ Կենտրոնական բանկի մշակած «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման հարցով քննարկումներ կազմակերպելու համար։ Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն ասում է․ «Պաշտոնապես այդ հայեցակարգը արժանացել է միջգերատեսչական համապատասխան հանձնաժողովի հավանությանը, որը գլխավորում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահը: Այս լուրը գրեթե ուշադրություն չարժանացավ, կորավ պաշտոնական լրահոսում։ Մինչդեռ այն հայեցակարգը, որը դրված է այս աշխատանքային խմբի ստեղծման հիմքում, դանդաղ գործող ռումբ է ոչ միայն մեր պետականության համար, այլև հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության համար»։ Իրավաբանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ փաստաթուղթը ստեղծվել է ամեն գնով շեֆի՝ վարչապետի քաղաքական ամբիցիաները կյանքի կոչելու համար, եթե վարչապետն ասել է, ուրեմն պետք է արվի։ «Մինչդեռ քաղաքական ամբիցիաները իրագործելու համար հարկավոր են պատշաճ իրավական գործիքներ, իսկ եթե տրամադրված գործիքները, մեղմ ասած, համապատասխան չեն, սկսվում է դրամատիկ սերիալ, որտեղ օպերայի սրճարանների ապամոնտաժումը ձեզ բարի հեքիաթ կթվա»։

Թոզ են փչում մարդկանց աչքին

Նախագիծը հիմնավորվում է միջազգային կոնվեցիաներով՝ ՄԱԿ-ի «Կոպուպցիայի դեմ պայքարի մասին», Եվրոպայի խորհրդի 2005թ․ կոնվենցիա՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման հետախուզման, առգրավման և բռնագրավման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 40 հանձնարականներ։  

Միջազգային կոնվենցիաներով հիմնավորումները իրավաբանը վերլուծում է։

«1․«Կոռուպ­ցիայի դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (UNCAC) շատ քիչ ուղղակի կարգավորումներ ունի առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ։ Այդ քիչ կարգավորումներն էլ վերաբերում են «պետություն-պետու­թ­յուն» հա­րաբերություն­ներին (միջազգային համագործակցությանը)։ Ավելին, UNCAC-ը այս ինստիտուտի ներդրման հնարավորությունը քննարկում է այն դեպքերի համար, երբ հանցավորն օբյեկտիվ պատճառով չի կարող դատապարտվել։ 

2.ՖԱԹՖ-ի 4-րդ հանձնարարականը ոչ թե սահմանում է այս ինստիտուտի ներդրման պահանջ, այլ խորհուրդ է տալիս ինստիտուտը ներդնել այնքանով, որքանով դա համապատասխանում է ներպետական իրավունքի սկզբունքներին։ 38-րդ հանձնարարականը ինստիտուտի մասին խոսում է միայն միջազգային համագործակցության շրջանակներում և կրկին այնքանով, որքանով որ դա չի հակասում ներպետական իրավունքի սկզբունքներին։ 

3.ՏՀԶԿ 2018թ. հաշվետվության մեջ ընդամենը նշվել է, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը «նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ»։ Մինչդեռ ԿԲ-ն նշել է, իբր թե այս հաշվետվությամբ ամրագրվել է, որ Հայաստանում այս ինստիտուտը «չի ներդրվել» (կարծես թե «պետք է ներդրվեր, բայց չի ներդրվել»)։ Ինչ վերաբերում է UNCAC-ի գործիքները ներդնելու կոչին, ապա արդեն նշել ենք, որ UNCAC-ը առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտին անդրադառնում է միջազգային համագործակցության լույսի ներքո։ 

4.ՄԱՆԻՎԱԼ-ի հաշվետվության մեջ Հայաստանին ընդամենը խորհուրդ է տրվել ներդնել այս ինստիտուտը (Armenia should consider), այլ ոչ թե ասվել է, որ Հայաստանը պետք է դիտարկի ինստիտուտի ներդրման հարցը (Armenia must consider)»։

Գույքի՞, թե՞ անձի դեմ

Բռնագանձվող գույքի նվազագույն չափը 50 մլն դրամ է։ Ընդգծում են, որ այն ոչ թե անձի դեմ է, այլ գույքի, և որ չի հետապնդում անձի մեղավորություն ապացուցելու և նրա նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոց կիրառելու նպատակ։ Չունի քրեաիրավական հետևանքներ և քրեական գործի վրա  ազդել չի կարող։ 

«Ուրեմն վարչապետը ցանկանում է բոլոր «թալանչիներից» հետ բերել գույքը: Վա՞տ բան է ուզում՝ իհարկե ոչ: Ճանապարհը ճի՞շտ են ցույց տվել՝ միանշանակ ոչ: Այս հայեցակարգին լուծումներ տալու դեպքում, բացի այն մարդկանցից, ովքեր ձեր մտքին գալիս են որպես պոտենցիալ մեղավորներ, մեծ խնդիրների առաջ է հայտնվելու այդ անձանց հետ երբևէ առնչություն ունեցած ցանկացած մեկը ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս: Մի օր էլ կարող է պարզվել, որ ստուգում են, օրինակ, ձեր բարեկամի՝ Ռուսաստանից ուղարկած գումարի օրինականությունը, որովհետև ձեր բարեկամը իր որևէ գործունեության ընթացքում որևէ երորդական կապ է ունեցել այն անձի հետ, ում դուք մեղավոր եք համարել, և ում գույքի օրինականությունը ուզում են ստուգել: Իսկ որ ներդրողների մասին պիտի մոռանաք, դա հաստատ», - նշում է մասնագետը։ Ռոբերտ Հայրապետյանն ասում է․ «Վարչապետը, ԱԺ-ում խոսելով առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին, այսինքն՝ այս փաստաթղթով առաջարկվող ինստիտուտի մասին, խոսում էր անձի «մեղավորության կանխավարկածի» մասին, մինչդեռ վարչապետին չեն տեղեկացրել, որ միջազգային պրակտիկայում խոսքը ոչ թե անձի հետապնդման մասին է, այլ գույքի։ Այլ կերպ ասած, այս դեպքում ոչ թե պետությունը ինչ-որ անձի դեմ է, այլ, օրինակ, պետությունը հարյուր հազար դոլարի դեմ է։ Վարչապետի սիրած բառապաշարով ասած՝ պետք է գտնել ոչ թե «թալանչուն»,  այլ «թալանը», միայն դրանից հետո հնարավոր է ինչ-որ բան հետ բերել։ Այն էլ եթե ապացուցես, որ այդ գույքը կապ ունի հանցագործության հետ: Իսկ եթե իրավապահ համակարգը ունակ լիներ նորմալ ձևով մի բան հիմնավորել, այս ինստիտուտի անհրաժեշտությունը չէր լինի: Միայն, որովհետև դու համարում ես, որ այդ գույքը անձը չպիտի ունենար, բավարար չէ այն համարել անօրինական: Մինչդեռ վարչապետի ելույթից պարզ էր, որ դրա մասին նա տեղեկացված չէր»։ 

Ուժային կառույցները՝ անուժ

Արդյո՞ք այս ինստիտուտի ներդրումը չի փաստում, որ ուժային կառույցներն այսօր թույլ են։ Այս առթիվ իրավաբանն ընդգծում է, որ այս ինստիտուտի գոյությունը նշանակում է, որ իրավապահ համակարգը ունակ չէ քրեական գործով որևէ բան ապացուցել, դրա համար ուզում են իրենց վրայից բեռը գցել։ 

Նշենք, որ այս ինստիտուտը կիրառվում է ԱՄՆ-ում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Վրաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Ավստրալիայում և այլ երկրներում․ «Որպես առաջավոր օրինակ հղում է տրված Բուլղարիայի 2005թ․ օրենքին, որը, սակայն, ուժը կորցրել է։ Խոսվում է Մեծ Բրիտանիայի 2002 օրենսդրական կարգավորումների մասին, մինչդեռ 2017թ․ այն հիմնովին վերափոխվել է, որի մասին անգամ նշում չկա։ Ամբողջ հայեցակարգը առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին է, և ներկայացնում են Վրաստանի փորձը, այնինչ Վրաստանի 2007թ․ օրենքում խոսքը մեղադրական դատավճռից հետո գույքի բռնագանձման մասին է»։

Իրավաբանը հավելում է՝ 2017թ․ մարտի 15-ին ԿԲ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ աշխատանքային խումբ է ստեղծվել։ Խումբ, որը պետք է քննարկի ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրումը։ Առաջին ինստիտուտի (այդ թվում՝ դրա կապակցությամբ ԿԲ-ի վկայակոչած Վարշավայի կոնվենցիայի, դրա համապատասխանության գնահատման հաշվետվության, միջազգային փորձի և այլնի) մասով այս պահին որևէ դիրքորոշում չունենք։ Ինչ վերաբերում է երկրորդ ինստիտուտին (առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում), ապա նշել են, որ ԿԲ-ի մշակած հայեցակարգը խիստ թերի է և խնդրահարույց։

Անուշ Միրզոյան

18:00 18.10.2019

Ամենաշատ ընթերցվածները