ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գումարը քիչ է, ծախսերը՝ շատ
15:00 19.10.2019

Գումարը քիչ է, ծախսերը՝ շատ

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 25.7 %: Սա նշանակում է, որ բնակչության 25.7%-ը չի կարողանում բավարարել կյանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմանների շրջանակը:

Այսօր Հայաստանի բնակչության մոտ 15 %-ը թոշակառուներ են:

Ծերության սոցիալական կենսաթոշակ նշանակվում է 65 տարին լրացած և աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակի իրավունք չունեցող անձին։ Նվազագույն կենսաթոշակը կազմում է 25 500 դրամ, որը, ըստ թոշակառուների, նվազագույն պայմանները հոգալու համար բավարար չէ: 

Կենսաթոշակի միջին չափը Հայաստանում կազմում է 40 519 դրամ: Սակայն այս ցուցանիշից բարձր թոշակ ստանում են միայն Երևանի ու Սյունիքի մարզի թոշակառուները: Մյուս մարզերում թոշակի չափը տատանվում է միջինը 37 000-39 000 դրամի սահմաններում: 

Նվազագույնի հույսին

2019թ․ հունվարի 1-ից 60 %-ով բարձրացավ նվազագույն կենսաթոշակի շեմը:

Սակայն դա էլ չգոհացրեց նվազագույն կենսաթոշակ ստացողներին: Գումարը քիչ է, ծախսերը՝ շատ: 

Տիկին Ջուլիետայի ապրուստի միակ միջոցը նվազագույն կենսաթոշակն է: Սակայն նշում է, որ 25 500 դրամը բավարար գումար չէ նվազագույն ծախսերը հոգալու համար:

«Տարեցներին այսօր բուժօգնություն է պետք, դեղեր, ապրուստի նվազագույն միջոցներ: Բայց այդ ամենը միայն իմ նվազագույն թոշակով անել չեմ կարող: Ճիշտ է՝ հարազատներս երբեմն օգնում են, բայց ամբողջ կյանքս նրանց հույսին չեմ ապրելու», -  նշում է տիկին Ջուլիետան:

Ծախսերը նվազեցնելու համար ձմռանը եղբոր տանն է ապրում: Չի ցանկանում շատ վառելափայտ օգտագործել: Նրա կարծիքով՝ այս խնդիրը այսօր շատերը ունեն, բայց ոմանց օգնում են, այդ պատճառով էլ լռում են, իսկ ոմանք էլ պարզապես բարձրաձայնելու ցանկություն չունեն: 

Կենսաթոշակի չափից բողոքում են նաև միջին կենսաթոշակ ստացողները: Նրանց գումարը նույնպես չի հատում սպառողական զամբյուղի շեմը:

Տիկին Էլլան ստանում է 48000 դրամ կենսաթոշակ: Բայց նրա ամսական ծախսերը անցնում են 48000 դրամը: Ասում է՝ առանց տղաների գոյատևել չէր կարողանա:

«Ամսական մոտ 25000 դրամի դեղ եմ գնում, հետևաբար ինձ մոտ մնում է ընդամենը 23000 դրամ, որը ամբողջությամբ սննդի և տան ամենօրյա օգտագործման պարագաների համար եմ ծախսում, այն էլ՝ խնայելով: Հետևաբար վարձավճարներ, այլ հավելյալ ծախսեր անել չեմ կարող», - նշում է տիկին Էլլան:

Նրա խոսքով՝ միայնակ ապրելու դեպքում կամ դեղ, կամ սնունդ պետք է գներ: Սակայն երկուսի բացակայության դեպքում էլ լուրջ խնդիրներ կունենար: Ասում է՝ բժշկությունը Հայաստանում շատ թանկ արժե, իսկ դեղերի բացակայությունը նրան հիվանդանոց կհասցնի:

Սա նշանակում է, որ անգամ միջին կենսաթոշակը բավարար չէ լիարժեք ապրելու համար, այնինչ կան թոշակառուներ, ովքեր ստանում են նվազագույնից ցածր կենսաթոշակ:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2019թ. մարտի 1-ի դրությամբ պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կազմում է շուրջ 17500 անձ:

Դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր ունեն 0-12 տարվա աշխատանքային ստաժ, կորցրել են իրենց կերակրողին կամ ունեն առաջին, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամություն՝  համապատասխան ստաժերով: Դրանց մեջ են մտնում նաև հաշմանդամության զինվորական, ինչպես նաև ուժային մարմիններից տրվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակները:

Տիկին Մարինեն նվազագույնից ցածր կենսաթոշակ է ստանում՝ մոտ 18000 դրամ․ «Եթե իմ եկամտի միակ աղբյուրը 18000 դրամը լիներ, ոչինչ անել չէի կարողանա: Այն նույնիսկ ամսական սննդին չի հերիքի, մյուս ծախսերի մասին պարզապես լռում եմ», - նշում է տիկին Մարինեն:

Սպառողական զամբյուղը՝ 62 329, նվազագույն կենսաթոշակը՝ 25 500 դրամ

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2018թ. II եռամսյակի միջին ընթացիկ գներով ամսական կտրվածքով կազմել է 62 329.6 դրամ։ Իսկ պարենային զամբյուղի արժեքը՝ 35 215.5 դրամ (ամսական կտրվածքով), այնինչ նվազագույն կենսաթոշակը կազմում է 25.500 դրամ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը նշում է, որ կենսաթոշակի չափը պայմանավորված չէ ծախսերով՝ հաշվարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով և կախված է աշխատանքային ստաժի տևողությունից, կառավարության կողմից սահմանվող՝ հիմնական կենսաթոշակի և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքներից:

«Կենսաթոշակը փոխկապակցված է աշխատանքային գործունեության հետ: Հիմնական կենսաթոշակի և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները սահմանվում են՝ ելնելով բյուջետային միջոցների առկայությունից», - նշում է տիկին Գալստյանը:

Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է: Այսինքն՝ որքան մեծ է աշխատանքային ստաժը, այնքան բարձր է կենսաթոշակի չափը:

Տիկին Գալստյանի խոսքով՝ կենսաթոշակների կամ նպաստների չափը անմիջականորեն որևէ կերպ փոխկապակցված չէ գնաճի կամ տնտեսական աճի հետ: Իսկ ինչ վերաբերում է աղքատությանը, ապա կենսաթոշակները երկրի աղքատության խնդրի լուծման միակ և հիմնական գործիքը չեն:

Այս ամենի հետ մեկտեղ նա նաև նշում է, որ ՀՀ կառավարության ծրագրի համաձայն՝ պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ: 

Մասնավորապես, Կառավարությունը ՀՀ 2020-2022թթ. ՄԺԾԾ-ով և ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսել է 2020թ. հունվարի 1-ից ավելացնել հիմնական կենսաթոշակի, աշխատանքային ստաժի վճարաչափերը: Եվ քանի որ կենսաթոշակի չափը հաշվարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, կախված աշխատանքային ստաժի տևողությունից, կենսաթոշակները կավելանան տարբեր չափերով, ապահովելով կենսաթոշակի միջին չափի ավելացում 10 %-ով:

Մանե Բաբայան

15:00 19.10.2019

Ամենաշատ ընթերցվածները