ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Տեխնոլոգիայի մեջ ձեռնարկատիրական կրթություն
18:00 19.10.2019

Տեխնոլոգիայի մեջ ձեռնարկատիրական կրթություն

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» հկ-ն 20 տարուց ավելի է՝ դպրոցներում իրականացնում է ձեռնարկատիրական կրթություն։ Սկզբնական շրջանում այս առարկան անցնում էին 10-11 դասարաններում, 2017 թվականից արդեն իրականացվում է տարրական դասարաններից սկսած։ Նպատակը մեկն է՝ դպրոցականների շրջանում ձեռնարկատիրական կրթությունը դարձնել մտածելակերպ և ապրելակերպ։ «Կազմակերպության քննարկումներից հետո որոշվեց առարկան ներդնել տեխնոլոգիայում, քանի որ մինչ այդ դպրոցներում տեխնոլոգիան  եղել է որպես գործնական աշխատանք, և պատահական չէր, որ բիզնես  մտածելակերպը  պետք է դրվեր այն առարկայում, որը գործնական էր»,- ասաց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հկ համակարգող Անահիտ Սահակյանը։

«Ձեռնարկատիրական կրթության ինտեգրումը տեխնոլոգիայում» առարկայի շնորհիվ աշակերտները իրենց ձեռքով պատրաստածը կարող են օգտագործել նվիրելու կամ անհրաժեշտության դեպքում  վաճառելու նպատակով․ «Հիշում եմ՝ նախանցյալ տարի պատրաստեցինք գրչատուփեր, երեխաներից մեկը առաջարկեց նվիրել։ Առաջարկեցի ոչ թե նվիրել միմյանց, այլ առաջին դասարանցիներին», - նշեց Կապանի N 6 հիմնական դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Անահիտ Հարությունյանը։

Օգոստոսից առարկան դասավանդելու համար վերապատրաստվում են նաև դասվարները։ «Յուրաքանչյուր դպրոցում վերապատրաստվել են մեկ դասարանի համար երկուական ուսուցիչ՝ տղաներինը և աղջիկներինը առանձին։ Ընդհանուր հաշվով 90 դպրոցում վերապատրաստվել է 149 ուսուցիչ։ Ունենք նաև վերապատրաստված 10-11 դասարանների ուսուցիչներ՝  45 դպրոցից  վերապատրաստվել է 73 ուսուցիչ», - ասաց Անահիտ Սահակյանը։

Ա․Սահակյանի խոսքով՝ ըստ մարզերում կատարած մշտադիտարկումների՝ Սյունիքը առավել ակտիվներից է․ «Երբ սկզբից որոշեցինք տեխնոլոգիա առարկայի ծրագրում մտցնել  ձեռնարկատիրական կրթության ինտեգրումը, գիտեինք դասվարների դիրքորոշումը այս առարկայի նկատմամբ։ Նրանք այն որպես երկրորդական առարկա են դիտարկել, և մտավախություն ունեինք, որ միտումը կարող է շարունակվել։ Երեք տարվա դիտարկումները ցույց են տվել, որ եղել են նման դեպքեր։ Նշեմ, որ Սյունիքի մարզի որևէ տարածաշրջան բացառություն չի կազմել, երբ մտել ենք դասարան, դասվարը ուրիշ առարկա է պարապել»։

Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները տեխնոլոգիա առարկայի  դասին իրենց ձեռքերով պատրաստեցին փոխադրամիջոց։ Դասվար Լուսինե Ավանեսյանը նշում է՝ ի տարբերություն այլ առարկաների, տեխնոլոգիա առարկան երեխաները շատ են սիրում։

«Ավելի մատչելի ձևով ենք փորձում բացատրել, թե ինչ է ապրանքը, ինչպես դառնալ ձեռնարկատեր, նման այլ թեմաներ՝ ամեն կերպ հետաքրքրություն առաջացնելով աշակերտների շրջանում։ Երեխաները միշտ էլ հետաքրքրված են այս առարկայով, միայն թե փոքրերի հետ աշխատելը փոքր-ինչ դժվար է», - ասաց դասվար Լուսինե Ավանեսյանը։

Մանկավարժները նշեցին, որ ձեռնարկատիրական հմտություններ զարգացնելը խրախուսելի է, սակայն ճիշտ կլիներ, որ ուսուցումը սկսվեր ոչ թե 2-րդ դասարանից, այլ ավելի ուշ՝ 5-րդից։  

Նարե Խաչատրյան

18:00 19.10.2019

Ամենաշատ ընթերցվածները