ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Հանրային կապերը փոխհարաբերություններ ձևավորելու արվեստ է». Աստղիկ Ավետիսյան
15:00 20.10.2019

«Հանրային կապերը փոխհարաբերություններ ձևավորելու արվեստ է». Աստղիկ Ավետիսյան

Այսօր հաճախ են հանրային կապերի մասնագետի աշխատանքը շփոթում լրագրողի աշխատանքի հետ։ Իրականում դրանք երկու տարբեր գործառույթներ իրականացնող մասնագիտություններ են։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երկրները, որտեղ ժողովրդավարությունը բարձր մակարդակի վրա է, այս մասնագետների դերը կարևորվում է, քանի որ վերջիններիս աշխատանքի շնորհիվ հասարակությունը դառնում է առավել իրազեկված, իսկ պետական գերատեսչությունների մատուցած ծառայությունները՝ առավել հրապարակայնացված:

Հանրային կարծիքն ազդում է երկրի հասարակական, քաղաքական, օրենսդրական, տնտեսական և այլ ճյուղերի գործունեության վրա։ Անկախացումից հետո ՀՀ-ում հանրային կապերը սկսեցին կարևորել, սակայն վերջին տասնամյակի ընթացքում զարգացման նոր շրջափուլ սկսվեց։ Ընթերցողների և ոլորտով հետաքրքրվողների համար պարզաբանումներ կատարելու նպատակով թեման քննարկում ենք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար, «Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական հկ նախագահ Աստղիկ Ավետիսյանի հետ։

- Տիկին Ավետիսյան, լրագրողի և հանրային կապերի մասնագետի ընդհանրությունները որո՞նք են:

- Երկու մասնագիտության հիմքում հաղորդակցությունն է, եթե կարճ ձևակերպեմ, ապա՝ հանրային կապերի մասնագետն իրադարձություն ստեղծողն է, իսկ լրագրողը՝ լուսաբանողն ու մեծ լսարանին հասցնողը: Հանրային կապերի մասնագետները շատ մասնագիտություններ են օգտագործում որպես գործիք հրապարակայնացնելու, հանրայնացնելու իրականացված ծրագրերը, ճանաչելիություն ձեռք բերելու և հանրային կերպար ձևավորելու համար: Հանրային կապերը փոխհարաբերություններ ձևավորելու արվեստ է:

- Ի՞նչ ասել է  հանրույթ և որևէ բան հանրայնացնելու նպատակը ո՞րն է:

- Հանրությունն այն զանգվածն է, որի հետ առնչվում է կազմակերպությունն ինչպես ներսում՝ ծառայողներ, աշխատակիցներ, այնպես էլ՝ նրա շրջանակներից դուրս՝ բնակիչներ, պատվիրատուներ, գնորդներ, շահառուներ։ Եվ պատկերացրեք, որ շատ կարևոր է թվարկածս կատեգորիաների միջև ապահովել առողջ հաղորդակցություն, հասկանալ նրանց ուժեղ և թույլ կողմերը, խնդիրները, ճիշտ ներկայացնել դրանք և փնտրել լուծումներ։

Ուսումնասիրել հանրույթի պահանջները, դրանց համապատասխան ռազմավարություն և մարտավարություն մշակել, որպեսզի հաղորդակցություն ստացվի: Հանրայնացումն էլ անհրաժեշտ է բոլոր այն ծրագրերի, կառույցների և անհատների համար, ովքեր անում են լավ գործ, բայց դրա մասին հասարակությունը տեղեկացված չէ: Պետական կառույցները հասարակության համար ծառայություններ են մատուցում, բայց հասարակությունը իրազեկված չէ, և դա է պատճառը, որ մի փոքրիկ գործով մարդը կարող է օրերով անցկացնել պետական գերատեսչությունների դռները բացել-փակելով: Իսկ եթե տվյալ ոլորտի PR մասնագետն իր գործառույթներն իրականացնում է հավուր պատշաճի, ապա հաղորդակցությունն էլ կայանում է: Հանրային կապերի կարևոր առաքելությունը հետադարձ կապ ապահովելն է, ինչն էլ նպաստում է գրագետ հարաբերությունների ձևավորմանը և ճանաչելի դառնալուն:

- Գաղտնիք չէ, որ ինֆորմացիոն հեղեղի ներկա դարաշրջանում հեշտ չէ հանրային կապերի մասնագետի գործը, երբ ցանկացած ապատեղեկատվություն ի զորու է ստվար լսարան ձևավորել։

- Այսօր հանրային կապերի մասնագետի գերխնդիրը ձեռնարկության և նրա առաջին դեմքերի լավ իմիջի ստեղծումը և դիրքավորումն է, որի նպատակն էլ վստահության ձևավորումն է թե՛ աշխատակիցների, թե՛ հարևանների, թե՛ պոտենցիալ հաճախորդների և թե՛ ներդրողների շրջանում։  Տեղեկատվական հեղեղի պայմաններում մեր գործելաոճն էլ է փոխվում, եթե մեր ընկերությունը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում, ապա մեր խնդիրն է առանց այլևայլությունների այդ մասին անկեղծ ներկայացնել եղելությունը՝ չմոռանալով չափաբաժնի մասին, որովհետև մրցակիցները կարող են և օգտվել մեր թուլությունից:  Ներքին և արտաքին լսարանի հետ հարաբերություններում ճշմարտությունը և անկեղծությունն առաջին պլանում պետք է լինեն:

- ԶԼՄ-ներն ի՞նչ դեր ունեն PR մասնագետի կյանքում:

- ԶԼՄ-ների հետ գրագետ փոխհարաբերություններ հաստատելով՝ լուծում ենք ամենակարևոր խնդիրը՝ առավել մեծ լսարանին հասցնելով մեր գաղափարներն ու ծրագրերը: PR մասնագետը պետք է կարողանա ԶԼՄ-ի ուշադրությունը հրավիրել, օգտագործել նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները: Ավանդական ԶԼՄ-ներն ու սոցիալական մեդիան այսօր մեր կյանքի անբաժան մասն են դարձել: Լրագրողների, լրատվամիջոցների հետ լավ հարաբերությունները նպաստում են մեր աշխատանքի հրապարակայնացմանը:

- Հայկական PR ասոցիացիան ստեղծել է Հայաստանի առաջին PR դպրոցը, ո՞րն է նպատակը:

- Կազմակերպությունը ստեղծվել է 2006թ․: Առաջին իսկ օրվանից մեր առջև խնդիր ենք դրել կրթել մասնագետներին և անհատներին, ովքեր հետաքրքրված են հանրային կապերով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր ոլորտներում աշխատողների մեծ մասը պատահաբար է սկսել PR-ով զբաղվել, և գործառույթները, որոնք իրականացնում է մասնագետը, տարերային են: PR դպրոցի ստեղծումը տարիներ առաջ էլ է քննարկվել, բայց խմորը պետք է հասունանա, որ կարողանաս նրանից հաց ստանալ: Եկավ մի պահ, երբ կարճաժամկետ ծրագրերի ժամանակ մասնակիցները առաջարկներ հնչեցրին, որ ավելի երկարաժամկետ ծրագրեր մտածենք, հնարավորություն ստեղծենք տարբեր ոլորտներում աշխատողների հետ հանդիպել:

2015թ․ PR դպրոցի առաջին փորձնական դասերը սկսեցինք, հետո գնահատելով մեր ներուժը, հնարավորությունները, առկա թերությունները, վստահորեն առաջ գնացինք: Դպրոցը տարեկան երկու ընդունելություն է ունենում, դիմորդների թիվը սովորաբար գերազանցում է 100-ը, որից ընտրվում է 15-20 հոգի: Եռամսյա ծրագիր է, հնարավորություն է տալիս գիտելիք և հմտություն փոխանցել ուսանողներին՝ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով, ինչը բավականին արդյունավետ է:

- ԵՊՀ-ում՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, դուք ղեկավարում եք նաև «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը: Լրագրողի բազային կրթությունը թու՞յլ է տալիս լավ PR մասնագետ դառնալ:

- Լրագրողական կրթություն ստացած անհատը, ով ուսումնառության ժամանակահատվածում միայն գրել չի սովորում, այլ լրացուցիչ բազմաթիվ առարկաներ է ուսումնասիրում, և սրան գումարվում է ստեղծագործական մթնոլորտն ու կրեատիվ տեքստ ստեղծելը, մագիստրոսական ծրագրում ծանոթանալով PR-ի բոլոր հնարավոր նրբություններին՝ տեսական և գործնական գիտելիքներ ամբարելով՝ դառնում է ոլորտում լավագույնը: PR մասնագետի կարևոր առաքելություններից մեկը գրագետ ուղերձի ձևակերպումն է, եթե կարողացար ստեղծել համապատասխան ուղերձ  թիրախային լսարանի համար, ապա գործդ հաջողվել է: Մագիստրոսական ծրագիրը հետազոտական աշխատանք է ենթադրում, մեզ մոտ ակադեմիական ազատությունն ու ուսանող-դասախոս հարաբերությունները բարձր մակարդակի վրա են:

Լիլիթ Իսրայելյան

15:00 20.10.2019

Ամենաշատ ընթերցվածները