Մամուլ
Լ․Տոլստոյ․ «Հայր Սերգի»
Ապրում էր մարդը բարձրաշխարհիկ հասարակության մեջ, ուներ կապեր, և նրան կանխատեսում էին փայլուն ապագա։ Մի օր, սակայն, այրում է բոլոր կամուրջները, մտնում վանք՝ որոշելով ծառայել Աստծուն։ Բայց նրա մտադրությունը ձախողվում է։ Ինչպես շատ գրվածքներում, Լև Տոլստոյը «Հայր Սերգի» վիպակում նույնպես խնդիրը քննում է բարոյականության դաշտում։
Բարձրահասակ ու գեղեցկատես Ստեպան Կասատսկին օրինակելի զինվորական կհամարվեր, եթե անչափ դյուրաբորբոք չլիներ։ Զայրույթի բռնկումներից երբեմն կորցնում էր ինքնատիրապետումը։ Բայց նպատակասլաց էր։ Ձգտում էր ամեն ինչում առաջինը լինել։ Կայսր Նիկոլայ Առաջինը նրան գիտեր դեռ կադետական դպրոցից և աչքը վրան էր պահում։ Արդեն խոսում էին այն մասին, որ նա կայսեր համհարզն է դառնալու․ «Եվ Կասատսկին խիստ փափագում էր դրան ոչ միայն փառասիրությունից, այլև գլխավորապես այն պատճառով, որ դեռ դպրոցից մոլեռանդորեն, այո՛, հենց մոլեռանդորեն, սիրում էր Նիկոլայ Պավլովիչին»։
Նպատակները հաջորդում էին մեկը մյուսին։ Կասատսկին որոշում է կապվել բարձր դասին պատկանող կնոջ հետ և շատ կարճ ժամանակում դրան էլ է հասնում․ «Թունդ սիրահարված էր նա, շլացած և այդ պատճառով չնկատեց մի բան, ինչ քաղաքում գրեթե բոլորը գիտեին, այն, որ նրա հարսնացուն մի տարի առաջ Նիկոլայ Պավլովիչի սիրուհին էր եղել»։ Գաղտնիքը ի վերջո պարզվում է։
Վիրավորանքն ու հպարտության զգացումը հանգիստ չեն տալիս։ Գլուխ է բարձրացնում մյուսների համեմատ իր գերազանցությունը ընդգծելու ձգտումը։ Խզում է բոլոր կապերը և հեռանում վանք՝ դառնալով կուսակրոն։ Նրան թվում էր, թե դա մի նոր բարձրություն է, որտեղից կարող էր նայել այն մարդկանց, որոնց առաջներում նախանձում էր։
Վանքում Կասատսկին աբեղա ձեռնադրվեց Սերգի անունով։ Գայթակղությունները այցելեցին նրան հատկապես մայրաքաղաքային վանք տեղափոխվելուց հետո։ Նա հեռանում է մենաստան։ Վեց տարի ճգնավորի իր խցում աղոթքների ու ներքին պայքարի մեջ էր։ Թշնամիներից մեկը կասկածն էր․ «Գայթակղությու՞ն։ Բայց արդյո՞ք գայթակղություն չէ այն, որ ես ուզում եմ հրաժարվել աշխարհի վայելքներից և ինչ-որ բան եմ նախապատրաստում մի տեղի համար, ուր թերևս ոչինչ էլ չկա»։ Մյուսը մարմնական տռփանքն էր։
Հայր Սերգին աղոթքների մեջ էր, երբ այցի է գալիս մի տիկին, ով գրազով որոշել էր անպայման գայթակղել «սիրուն ճգնավորին»։ Հայր Սերգին հաղթող դուրս եկավ այդ պայքարից․ «Կացինն աջ ձեռքն առնելով՝ ձախ ձեռքի ցուցամատը դրեց կոճղին, թափ առավ ու կացնով զարկեց մատին»։ Կինը տեսավ ամեն ինչ ու հեռացավ։ Մի տարի հետո միանձնուհի ձեռնադրվեց և սկսեց ապրել խստակյաց կյանքով։
Այդ դեպքից հետո հայր Սերգիի համբավը տարածվում է ամենուր։ Բերում էին հիվանդների այն հույսով, որ կապաքինի նրանց։ Նեղվում էր այցելուներից, բայց հոգու խորքում ուրախանում էր իրեն շրջապատող մեծարանքներից։ Մի օր էլ նրա մոտ բերեցին վաճառականի քսաներկուամյա աղջկան․ «Ինքն էլ զարհուրեց իրենից, թե ինչպես զննեց աղջկա մարմինը։ Սա ներս մտավ, իսկ հայր Սերգին խայթվածի պես զգաց իրեն։ Աղջկա դեմքից հասկացավ, որ նա ցանկասեր է ու տկարամիտ»։ Այս անգամ հայր Սերգին չդիմացավ գայթակղությանը։ Իսկ դա կործանում էր նշանակում։ Երկար մտածեց և գնաց բարեկամուհու՝ Պաշենկայի մոտ, որին գիտեր դեռ մանկությունից։ Նրանից պետք է իմանար, թե որն է իր փրկությունը։
Երկար-բարակ խոսելու հարկ չկար։ Հարբեցող ամուսնու քմահաճույքներն ու ծեծը տարած Պաշենկան հիմա ապրում էր հիվանդ փեսայի, դստեր ու նրանց երեխաների հետ։ Հայր Սերգին շատ բան է հասկանում․ «Ես ապրում էի մարդկանց համար Աստծուն ծառայելու անվան տակ, իսկ նա ապրում է Աստծու համար՝ կարծելով, թե մարդկանց համար է ապրում։ Այո՛, մի բարի գործը, մի բաժակ ջուրը, որ տրվում է առանց վարձքն ստանալու կանխամտության, առավել թանկ է, քան մարդկանց արած իմ բարեգործությունները»։ Եվ գեղջուկի հագուստով Ստեպան Կասատսկին գնում է ծառայելու մարդկանց, որոնելու ու գտնելու Աստծուն։
Տոլստոյի ուղերձը հստակ է․ միայն աշխարհաթողությունը բավական չէ, բարի մտադրությանը պետք է հետևեն բարի գործերը։
Արթուր Իսրայելյան