ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բուժում են հեքիաթները
19:00 20.10.2019

Բուժում են հեքիաթները

Մարդկային պահվածքի տարբեր դրսևորումների մասին երեխային ծանոթացնելու լավ եղանակ է հեքիաթը։ Ժողովրդական հեքիաթների դեպքում երեխային փոխանցվում են նաև ազգային առանձնահատկությունները։

Հոգեբանության մեջ հեքիաթները մուտք գործեցին 19-րդ դարի վերջում, իսկ լայն տարածում ստացան արդեն 20-րդ դարում, երբ հոգեբանական որոշ դպրոցներ սկսեցին ուսումնասիրել դրանք: Հետագայում հեքիաթները ավելի ու ավելի մեծ տարածում էին ստանում հոգեթերապևտիկ աշխատանքում: Դրա հիմքը այն է, որ երեխան իրեն զգում է հեքիաթի հերոս, ապրում այդ հերոսի հետ, օրինակ վերցնում նրանից։ Այսինքն՝ փոքրիկը կարող է իրեն փորձել տարբեր դերերում՝ բարի ու չար հերոս, ստեղծագործ կամ ավիրող անձ, հարուստ կամ աղքատ։ Նա կարող է երևակայել տարբեր կենսական իրավիճակներ ու իր հերոսի օգնությամբ փորձել ապրել այդ իրավիճակներում։ Նման թերապիաներից հետո երեխան դառնում է ավելի կարեկցող և ավելի ուշադիր: Այսօր մի շարք հոգեբաններ և  սոցիալական մանկավարժներ իրենց մասնագիտական պրակտիկայում օգտագործում են հեքիաթաթերապիան՝ բուժում հեքիաթների միջոցով:

Սոցիալական մանկավարժ Մարիամ Փիլիպոսյանը նշում է, որ կա հեքիաթների մի քանի տեսակ, որոնք ունեն կոնկրետ ազդեցություն: 

«Կան հոգեշտկողական հեքիաթների ստեղծման բանաձևեր. սոցիալական մանկավարժը, հոգեբանի հետ խորհրդակցելով, կարող է ստեղծել հեքիաթ ըստ երեխայի խնդրի, ընտրել հերոս, որը մոտ կլինի երեխայի առանձնահատկություններին՝ տարիք, սեռ, բնավորություն, նկարագրել հերոսի կյանքը, որը նման է երեխայի կյանքին, նկարագրել հերոսի դժվարությունները, որոնք համանման են երեխայի իրական կյանքի դժվարություններին, տալ լուծում, այսինքն` վարքի այլընտրանքային մոդել է տրվում, որպես վերջաբան՝ հերոսը գիտակցում է ելքը, իսկ շրջապատը խրախուսում է: Այս մեթոդն ավելի շատ կիրառվում է ցածր դասարաններում:

Երբ սոցիալական մանկավարժը փորձում է լուծել ինչ-որ խնդիր, շատ ցանկալի է օգտվել հեքիաթաթերապիայից, քանի որ երեխաները շատ են սիրում հեքիաթներ, իսկ հեքիաթի միջոցով տրված ինֆորմացիան ավելի հասկանալի և ընդունելի կլինի երեխաների համար:

Կան դիդակտիկ հեքիաթներ, որոնք  մեծ մասամբ մշակում են մանկավարժները, և անունն արդեն հուշում է, որ դրանք կիրառվում են ուսուցանելու համար: Այս հեքիաթների միջոցով ուսումնասիրվող նյութը երեխաների համար առավել հետաքրքիր տարբերակով է ներկայացվում և ուսումնառության գործընթացը դարձնում հաճելի: Ուսուցանվող նյութը, որը, կախված երեխայի տարիքից, կարող է լինել յուրաքանչյուր երևույթ, դառնում է շնչավոր, սկսում է ապրել և հարաբերվել իր շրջապատի հետ: Առանձնացնում ենք նաև կենդանիների մասին հեքիաթներ, որոնք արտացոլում են մարդկանց և կենդանիների միջև հարաբերությունները: Այս հեքիաթները նպատակահարմար է օգտագործել մինչև հինգ տարեկան փոքրիկ  երեխաների համար, քանի որ նրանք հեշտությամբ նույնականանում են կենդանիների հետ:

Կենցաղային հեքիաթներ, որոնք արտացոլում են ընտանեկան, կենցաղային հարաբերությունները, միջանձնային կոնֆլիկտների հաղթահարման ուղիները, պատմում են ընտանեկան խորամանկությունների մասին», - նշում է Մարիամ Փիլիպոսյանը:

Չմոռանանք նաև բոլորիս հայտնի «վախենալու» հեքիաթները, որոնք կախարդների, չար ուժերի մասին հեքիաթներն են: Հետաքրքիր է, որ նման հեքիաթները շատ արդյունավետ կիրառվում են մանկական հոգեթերապևտիկ աշխատանքում վախերի, տագնապային խնդիրների լուծման համար: Նման հեքիաթները նույնպես առավել արդյունավետ ազդեցություն են ունենում որոշակի տարիքում՝ յոթ տարեկանից սկսած:

Հրաշապատումներ կամ կախարդական հեքիաթները ևս ունեն երեխայի և մեծահասակների անձնային զարգացման համար կարևոր հաղորդագրություններ:

Հեքիաթները, այսպիսով, լայն կիրառում ունեն ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ հոգեբանական  աշխատանքում: Դրանք արդյունավետ կարող են կիրառվել ուսուցողական, տարբեր հոգեբանական խնդիրների  շտկման, հանգստացման և լարվածության դուրսբերման, կյանքի կարևոր կողմերի մասին պատկերացումների ձևավորման նպատակներով:

Հեքիաթ լսելով՝ երեխան իրեն նույնականացնում է իր կյանքի իրավիճակը հիշեցնող հերոսի հետ, վերապրում նրա տխրությունն ու ուրախությունը: Նրա հետ  միասին հայտնվում է խնդիրների մեջ և դրանցից ելքեր փնտրում: Դրա շնորհիվ իրական կյանքում նա սկսում է իրեն զգալ ավելի պաշտպանված և ինքնավստահ՝ օգտագործելով դրական հերոսի կիրառած հնարքները իր խնդիրները կարգավորելու հարցում:

Սոնա Օհանջանյան

19:00 20.10.2019

Ամենաշատ ընթերցվածները