ԱՎԵԼԻՆ

Մամուլ

KPI Հիմնական կատարողական ցուցիչ
16:00 21.10.2019

KPI Հիմնական կատարողական ցուցիչ

Լինում է, չի լինում, զարգացած աշխարք է լինում ու մեկ էլ մեզ նման հետամնաց մեկը: Զարգացած աշխարքը էս վերջերս մոգոնում է KPI (Key Performance Indicator) կամ մեր լեզվով ասած՝ հիմնական կատարողական ցուցիչ հասկացությունը (այսուհետ՝ KPI)։ 

Հիմնական կատարողական ցուցիչը մի շքեղ, հիանալի բան է, եթե, իհարկե, դուք կարողացել եք հաջող ասել կոմունիզմին, սոցիալիզմին և այն մտքին, որ դուք շատ հրաշալի մարդ ու մասնագետ եք, ուղղակի այս անիծյալ երկրում ձեզ չեն գնահատում արժանագույնս: Մի խոսքով՝ KPI-ը չափում է ցանկացած աշխատանքի արդյունավետությունը և հաշվի է առնում ծախսված ռեսուրսները: Ավելի պարզ, դուք չեք կարող 10-ից 18.00-ն ուղղակի ժամանակ գլորել որևիցե աշխատավայրում և ամսվա վերջ ողջամիտ աշխատավարձ ակնկալել, եթե այդ ընկերության տնօրենությունը տեղյակ է KPI-ից ու կիրառում է տվյալ ընկերությունում: Ահա սրա մասին էլ կխոսենք:

KPI հիմքեր

Հիմնականում KPI-ի մասին խոսելիս կամ ներդնելիս չի կարելի անտեսել տվյալ բիզնեսի, կամ հիմնարկի, կամ գերատեսչության ներքին փոխկապակցվածությունը: Օրինակ, եթե դուք KPI-ով գնահատում եք ձեր վաճառքի մասնագետներին, որպեսզի նրանք ամսական 30 տոննա մեղր վաճառեն ու ստանան KPI-ի բանաձևի վրա հիմնված (կխոսենք ստորև) հավելավճարներ, ապա պետք է հաշվի առնել նաև մեղվաբույծների արտադրողական հզորությունները: Այնպես չստացվի, որ վաճառողներին խրախուսեք, իսկ արտադրողները թարսվեն ու քիչ արտադրեն:

Վերջերս Երևանի կադաստրի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականը ցնցեց շատերին, ովքեր անձամբ ճանաչում էին այդ երիտասարդին: Սարհատը այն ժամանակակից խոհեմ ղեկավարներից է, ով պետական հիմնարկում՝ կադաստրի կոմիտեում, հիմքեր էր դրել KPI հենքի վրա պարգևավճարների համար: Ու երբ այդպիսի մասնագետը դիմում է գրում աշխատանքից հեռանալու վերաբերյալ (հոգուս խորքում աղոթում եմ, որ Գաբրիել հրեշտակը վարչապետին շշնջա ամեն գնով թույլ չտալ պ-ն Պետրոսյանի հեռանալը պետական համակարգից), ապա վստահորեն կարելի է պնդել, որ հեղափոխական իշխանությունը խնդիրներ է ունենալու ոչ հեռու ապագայում:

Բայց վերադառնանք մեր ոչխարներին: Մի խոսքով, KPI կատարողական ցուցիչը բոլորի համար լավ է, քանի որ ազնիվ, արդար պայմաններ է ստեղծում թե՛ գործատուի, թե՛ աշխատակցի համար, ու ոչ մեկը ոչ մեկին հենց այնպես չի անիծում ու մուննաթ էլ չի գալիս, քանի որ ցուցիչը մնում է ցուցիչ: Դուք հո ձեր տան գազի, ջրի, էլեկտրաէներգիայի ցուցիչների հետ չեք կռվում: Ինչ գրում են, էն էլ վճարում եք: Մոտավոր սխեման՝ ստորև․

KPI-ը՝ որպես աշխատակցին մոտիվացնող

Դուք հնարավոր է զարմանաք, բայց KPI համակարգը շատ լայն հնարավորություններ է տալիս աշխատակիցներին խրախուսել նաև ոչ նյութական արժեքներով: Օրինակ, լրացուցիչ ազատ օրեր ամսվա ընթացքում, տարաբնույթ վերապատրաստումներ ընկերության հաշվին կամ պարզապես հանգիստ, մի խոսքով, աշխատակիցը կարող է կուտակել բալեր, որոնք հետո կարող է հմտորեն օգտագործել այնպես, ինչպես ցանկանա: Ասել է թե, ամեն ինչ փողով չէ: Չնայած մի անգամ մի շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ այս թեմայով խոսելիս, վերջինս ասաց. «Ա՛յ ախպեր, դրանք ստից բաներ են, քյաշ փողը տու՛ր, թող ինչ ուզում է անի: Մեկ է, վերջում աչքին փողն է երևալու»: Դե, չգիտեմ, միգուցե նա էլ է ճիշտ: Այնուամենայնիվ, ձեր աշխատակիցների արժեհամակարգից ելնելով կարելի է միայն փողային բաղադրիչը օգտագործել KPI ներդնելիս: 

KPI-ի ցավոտ կողմերը

KPI ներդրումը ցավոտ գործընթաց է: Ոչ բոլոր աշխատակիցներն են կարողանում արագ ընդգրկվել նոր գնահատման համակարգում: Դժվար չէ հասկանալ՝ ինչու, մարդիկ սովոր են բզբզալ իրենց գործը և ամսվա վերջում ստանալ հստակ, ֆիքսված աշխատավարձ: Բայց KPI կատարողական ցուցիչները կարելի է ներդնել մերթընդմերթ.

1․ Պետք է բացատրել ոչ թե KPI թարգմանությունը, այլ՝ ինչ ուղղակի շահ կարող է ունենալ աշխատակիցը դրանից:

2․ Կարելի է համակարգը փուլերով ներդնել, որպեսզի ավելի հստակեցվեն արդար KPI-ները յուրաքանչյուր աշխատակցի համար: Սխալներ ի հայտ գան, որոնց հիման վրա ընկերության ընդհանուր ռազմավարությունը ավելի դիպուկ կձևակերպվի:

3․ Սկզբից պետք չէ մարդուն միանգամից զրկել իր սովորական ֆիքսված աշխատավարձից: Կարելի է 90% տալ ու միայն 10%-ը աշխատեցնել KPI սկզբունքով, հետո, կամաց-կամաց կարելի է գալ 70% աշխատավարձ և 30% բոնուսային հավելավճար տարբերակին:

Այլընտրանք չկա, KPI ու վերջ

Ինչքան էլ ասենք, որ ժողովուրդը իմ օջախն է, գրենք դա ամբողջ երկրով մեկ մեծ ցուցապաստառների վրա, միևնույն է, օջախի ժողովրդին չենք կարող զրկել նախանձելու, փնթփնթալու, միմյանց անիծելու, զազրախոսելու սովորույթներից, որոնք կան ու դեռ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ պետական մակարդակով չենք ուզում սահմանել KPI (Key Performance Indicator) կամ, մեր լեզվով ասած, հիմնական կատարողական ցուցիչ հասկացությունը: Ինչպես սպորտում, այնպես էլ կյանքում, մարդիկ պետք է հասկանան իրենց իրական ցուցիչները, որոնց հիման վրա իրենք, ըստ էության, դժբախտ թամբալ են կամ հաջողակ և բանիմաց քաղաքացի, որը միշտ ստանում է այն, ինչին արժանի է: Իսկ որ արժանի է, երևում է բոլորին:

Անհույս հույսով երազում ենք այն օրվա մասին, երբ KPI ցուցիչներով մարդկանց մասին խոսք կմեկնարկի երկրում, նրանք կզբաղեցնեն իրենց ուրույն տեղը, ու մենք մեկնարկ կտանք մեր պետության հիմնական ու վստահ վերելքին: 

Այս հոդվածը նվիրվում է այն բոլոր մասնագետ լուսավոր մարդկանց, ովքեր կարող են զարգացնել մեր երկիրը, սակայն միշտ տուժում են տարաբնույթ քաղաքական թայֆայաբազությունների պատճառով:

Արման Սուլեյմանյան

16:00 21.10.2019

Ամենաշատ ընթերցվածները