ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մասնակցությունը դասերից բացակայելու առի՞թ
18:00 22.10.2019

Մասնակցությունը դասերից բացակայելու առի՞թ

Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերն անցկացվում են արդեն 5-րդ տարին անընդմեջ։ Դրանք անցկացվում են 4 փուլով։ Վերջերս Կապանի N 5 հիմնական դպրոցում անցկացվեց մարզային փուլը, որին մասնակցում  էին  մարզի 4 տարածաշրջանի  հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններից ձևավորված հավաքական թիմեր․ «Այս տարի Կապանի դպրոցներից ոչ մեկը չանցավ մարզային փուլ․ բավարարվեցին 3-րդ և 4-րդ տեղերով։ Պետք է նշեմ, որ տարեցտարի ավելանում է հետաքրքրվողների թիվը, մրցակցությունը ուժեղացել է։ Զինղեկները գալիս են և ասում, որ իրենք իրենց հետ զենք են բերել, քանի որ աշակերտները դրան են սովոր, բայց ամեն ինչ պետք է արդար լինի, դրա համար էլ մենք մեկ զենքով ենք վարժությունները կատարում, որ հավասար պայմաններ լինեն», - ասաց Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Անուշ Աբրահամյանը։

Աշակերտները անկեղծանում են

Ռազմամարզական խաղերում ընդգրկված է 6 մրցաձև՝ նռնակի նետում, 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք, ձգումներ պտտաձողից, հրաձգություն, ինքնաձիգի քանդում - հավաքում։ Ռոման Խաչատրյանը երկրորդ անգամ է մասնակցում խաղերին․ «Փորձ ունեմ, գիտեմ ինչպես ճիշտ անել լավ արդյունքի հասնելու համար։ Բացի դրանից՝ դասերից բացակայելը հարգելի է համարվում, ինձ և ընկերներիս համար ինչ-որ տեղ նաև հաճելի է։ Մրցակիցներս լավ մարզավիճակում են։ Հակագազը միմյանց փոխանցելով վազելը ինձ մոտ լավ է ստացվում։ Կրակել էլ շատ եմ սիրում», - ասաց Քաջարանի N 1  միջնակարգ դպրոցի աշակերտը։

Մեզ հետ զրույցում աշակերտների մի մասը նշեց, որ ռազմամարզական խաղերին մասնակցում են ոչ միայն նոր գիտելիքներ և փորձ ձեռք բերելու, այլև դասապրոցեսին չմասնակցելու համար։  Գեղամ Մինասյանը Գորիսի տարածաշրջանի Ակներ գյուղից է։ Մրցաձևերից ամենալավը զենքը քանդել-հավաքելն է ստացվում․ «Ռազմամարզական խաղերին մասնակցելիս կոփվում եմ, առողջ ապրելակերպով եմ զբաղվում։ Պետք է նշեմ, որ սա նույնպես կարևոր աշխատանք է, որը ունի ուսումնադաստիարակչական նպատակ, բոլորը պետք է մասնակցեն և կարողանան տիրապետել զենքին։ Անտեղի դասերից բացակայելն էլ մի բան չէ, բայց չեմ ժխտի, որ խաղերին մասնակցում եմ նաև դասերից բացակայելու համար»։

Զինղեկներին հանդիպող խնդիրները

Քաջարանի N 1 միջնակարգ դպրոցի զինղեկ Վանիկ Աթայանի խոսքով՝ խաղերի նպատակն է բարձրացնել երեխաների շրջանում հետաքրքրությունը ոչ միայն սպորտի, այլև ՆԶՊ առարկայի նկատմամբ։ Բայց  կան խնդիրներ, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են զինղեկները։

«Տարածքային փուլին մասնակցել ենք իմ սեփական մեքենայով, մարզայինին եկել ենք համայնքապետարանի և ԶՊՄԿ-ի աջակցությամբ։ Զենքը,  փոքր տրամաչափի հրացանը պակասում են դպրոցում, մի զենքը 600 աշակերտի համար է։ Երբ խափանվում է, դիմում ենք համապատասխան մարդկանց, բայց պատասխանը մեկն է՝ չկա՛, չենք կարող աջակցել։ Ձեռքի նռնակներն էլ ալյումինից են, նետում են, ջարդվում է։ Մի խոսքով՝ առարկան լիարժեք պարապելու համար անհրաժեշտ տեխնիկան երբեմն չի արդարացնում իրեն։ Իհարկե, կարևորը այն է, որ մենք ջանք չենք խնայում այդ տեխնիկական հագեցվածության թերի լինելու պայմաններում նման խաղերում լավ արդյունք արձանագրելու համար», - ասաց  զինղեկ, պահեստի մայոր Վանիկ Աթայանը։

Մարզպետարանի ներկայացուցիչն էլ մեզ հետ զրույցում իր հերթին նշեց, որ բոլոր դպրոցները ապահովված են անհրաժեշտ պայմաններով․ «Մարզպետարանը չի տրամադրում տրանսպորտային միջոց խաղերին մասնակցելու համար, բայց համագործակցում է համայնքապետարանների և դպրոցի տնօրենների հետ։ Համայնքը պետք է շահագրգռվածություն ունենա աջակցելու իր թիմին։ Լինում են դեպքեր, որ համայնքը չի կարողանում աջակցել, բայց այս դեպքում էլ թիմը, միևնույն է, մասնակցում է ռազմամարզական խաղերին։ Մենք հնարավորության դեպքում աջակցում ենք։ Ինչ վերաբերում է պայմաններին, ապա ասեմ,  որ յուրաքանչյուր դպրոց ունի մեկական անհրաժեշտ գույք, իսկ երկրորդի անհրաժեշտությունը այլ հարց է», - ասաց մարզպետարանի ներկայացուցիչ Անուշ Աբրահամյանը։

Նարե Խաչատրյան

18:00 22.10.2019

Ամենաշատ ընթերցվածները