Մամուլ
Doing Business - 2020
«Համաշխարհային բանկի Doing Business 2020 հաշվետվության մեջ Հայաստանի վերաբերյալ անճշտություններ չկան», - հակադարձում է բանկի ներկայացուցիչ Վալենտինա Սալթայնը Հայաստանի կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանին, որը խիզախություն է ունեցել զեկուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե իբր այդ անճշտությունների պատճառով մեր երկիրը 37-րդ տեղի փոխարեն գլորվել հասել է 47-րդ տեղը: Ու ոչ մեկը, ոչ մեկը, լսու՞մ եք, չհարցրեց վարչապետին, թե ինչպես ստացվեց, որ Վրաստանը, որը ոչ մի տնտեսական հեղափոխություն չի հայտարարել, շարունակում է ամուր պահել 7-րդ տեղը աշխարհում: Ռուսաստանի Դաշնությունը նույնիսկ մտավ լավագույն 30-ի շարք: Ադրբեջանի դիրքերն էլ են մեզնից առաջ: Համաշխարհային բանկը նշում է, որ մեր հակառակորդին հաջողվել է գերազանց ռեֆորմներ կատարել վարկերի տրամադրման դյուրացման, սեփականության գրանցման և մանր բաժնետերերի հարցերում: Ինչևէ, հասարակ, մեզ նման մահկանացուների համար անհրաժեշտություն կա հասկանալու, թե ինչու ունենք այն, ինչ ունենք:
Ի՞նչ է Doing Business հաշվետվությունը
Ամենամյա Doing Business հետազոտությունը գնահատում է գործարարության հարմարավետությունը, որը հիմնված է 10 գործոնի վրա: Դրանք են՝ կազմակերպության հաշվառման դյուրինությունը, շինթույլտվության ստացման դյուրինությունը, տարբեր կոմունալ ծառայությունների բաժանորդ դառնալը, վարկերի ստացման հեշտությունը, մանր բաժնետերերի և ներդրողների իրավունքների պաշտպանությունը, հարկային մուծումները, միջազգային առևտուրը, պայմանագրերի պայմանների կատարումը, սնանկության գործերը: Ահա այս շոշափելի, ընկալելի, պարզ չափորոշիչներով Համաշխարհային բանկը հաշվետվություն է պատրաստում, թե արդյոք ձեր երկրում դյուրացել է գործարարի կամ ուղղակի այն քաղաքացիների կյանքը, ովքեր որոշել են ինչ-որ բիզնես անել:
Օրինակ՝ մանր ներդրողների հարցում մեր երկիրը զբաղեցնում է 120-րդ տեղը: Սա նշանակում է, որ մենք գող ու ավազակ կամ պարզապես «քցող» երկիր ենք: Մեր մշակույթի մեջ ամրացած է, որ եթե մի փոքր ներդրող գալիս է մեր երկրում մի բան անելու, ապա իր ձեռքից բիզնես խլելը, իրեն սնանկացնելը, կյանքը դժվարացնելը մեր ազգային օրակարգն են: Կամ, ասենք, վարկերի տրամադրման հարցում Ադրբեջանը 1-ին տեղում է, Վրաստանը՝ 15-րդ, մենք՝ 52-րդ տեղում: Բա ո՞նց, բա վարկառուի արյունը չխմե՞ն մեր բանկերը, բա մի հատ քաղաքացու տունուտեղով գրավ չվերցնե՞ն, նոր երկու կոպեկ շպրտեն դեմքին: Բայց լավն էլ ասենք, էլեկտրացանցին միանալու հարցում մենք առաջատար ենք, համ Ադերբեջանից, համ Վրաստանից առաջ ենք: Օխա՜յ, ինչ կարևոր խնդրում ենք առաջ: Ուղղակի ժամանակ չկա ի լուր աշխարհի դա հայտնել:
Օրենքն է մեղավոր
Եթե խոսում ենք ներդրումային գրավչության, ներդրումների կազմակերպման մասին, պետք է սկսել այս ցուցակում առաջ գնալու օրենսդրական բարեփոխումներից, թե չէ՝ ինչքան էլ խոսենք, մեկ է, ոչ մեկը չի գա ներդրումներ անելու։ Ավելի ճիշտ, կգան, միայն եթե անձնական երաշխիքներ տան կամ հայրենասիրական ռոմանտիկայից դրդված։
Անձնական երաշխիքներով առաջ էին ներդրումներ անում, հիմա բոլորն էլ հավասար են օրենքի առաջ։ Բայց օրենքն էլ այնքան վատն է, որ ոչ մեկը չի ուզում գալ ներդրումներ անելու։ Այսինքն՝ երաշխիքների ինստիտուտը դուրս է եկել (ինչը շատ լավ է, նոր զարգացման փուլ է), բայց տեղը բան չի դրվել, համակարգը դեռ չի փոխվել։
Մի խոսքով՝ 131 երեսփոխանի մասին ես չէ, որ պետք է ձեզ պատմեմ: Փառք Աստծո, ուղիղ եթերներով նայում եք, տեսնում եք՝ ինչ օրենքներ են ընդունում, ինչ հաճախությամբ և ինչ պլատոնական վերլուծությամբ:
Պետական կառույցները մնացել են նախնադարում ու առանց օրենքի փոփոխությունների հին ձևերով պատրաստ են աշխատել ևս 70 տարի: Իսկ խեղճ Ազգային ժողովը Հրայր Թովմասյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետևից ընկնի՞, թե՞ ձեր ու մեր ներդրումային գրավչությունը բարձրացնի:
Խուճուճ հարկեր
Ասենք, Հայաստանում 10-ից ավելի հարկերի տեսակներ են գործում, տուրքերն էլ որ ավելացնում ենք, համարյա 20-ի ենք հասնում։ Ո՞նց եք պատկերացնում, ներդրողի պե՞տքն է խորանալ էդքան խուճուճ համակարգում։ Հենա կգնա ԱՄԷ, ներդրումներ կանի, որտեղ մեկ-երկու տեսակ հարկ կա։ Կամ Վրաստան, որտեղ ամեն ինչ շատ ավելի պարզեցված է։
Կարճ ասած, գործ շատ կա անելու Հայաստանին ներդրումային գրավչություն տալու համար։ Համակարգը պետք է այնպես փոխել, ու այդ գործը պետք է Էկոնոմիկայի նախարարությունը անի, որը, ոնց հասկանում եմ, հետհեղափոխական ամենապասիվ նախարարությունն է, ցավոք։
Հարկային ձևական փոփոխություններ
Հարկային օրենսգրքի լրացումներ եղել են վերջերս, բայց քանի որ ձեզնից և ոչ մեկը չի հիշատակի իր մաշկի վրա այդ փոփոխությունների ազդեցությունը, մենք բոլորս ստիպված ենք կողքից նայել Doing Business գնացքին, որի վագոններից տարբեր երկրների ներկայացուցիչները մեզ ձեռքով են անում: Իսկ պողպատե սայլերից եկող գնացքի անիվների շրխկոցը թույլ չի տալիս այդ երկրներին լսել, որ մեզ մոտ տնտեսական հեղափոխություն է:
Վերջաբան
Հավատում եմ, որ ներկա իշխանությունների ներկայացուցիչները շատ լավ մարդիկ են։ Ցավոք, լավ մարդ լինելը մասնագիտություն չի համարվում։ Մեր հարևան պետությունների կառավարությունները հստակ պահանջներ են դնում նախարարների առջև, որպեսզի վերջիններս բարելավեն իրենց ցուցանիշները տարբեր միջազգային հաշվետվություններում, որոնք ակնհայտորեն ավելացնում են տուրիստների և ներդրումների քանակը։ Սովորաբար դա արվում է խիստ, բիրտ միջամտությամբ։ Որովհետև պետություն ղեկավարելը հանաք մասխարություն չէ։ Միայն պաթետիկ հայրենասիրական կոչերով հեռու չես գնա։ Պետական շահը սիրում է սառը դիվանագիտություն ու սառնասիրտ հաշվարկ։ Լուրջ արդյունքներ ստանալու համար լուրջ թիմեր են աշխատում, ու իրենց աշխատավարձը 1,5 մլն դրամ չէ, այլ 20000$ և ավելի, ամսական։ Որովհետև եթե այդ թիմի անդամները կարողանում են Հայաստանը բարձրացնել Դուինգ բիզնեսում, ապա նրանք իրապես արժանի են բացեիբաց վաստակելու ցանկացած նախարարից տասն անգամ ավելի։ Կեցցե այն օրը, այն Հայաստանը, որտեղ այս ամենը իրողություն կլինի։
Արման Սուլեյմանյան