ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Չհակազդող կամ դիվանագիտորեն
17:00 31.10.2019

Չհակազդող կամ դիվանագիտորեն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել հեղինակավոր ԲԲՍ-ի ամենավարկանիշային հաղորդումներից մեկին՝ «Դժվար զրույցին»։ Նախարարի պատասխանները տարակարծությունների տեղիք են տվել։

Նախ ներկայացնենք, թե ինչ ձևաչափով է հեռարձակվում հաղորդումը։ Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը տեղեկացնում է․ «Հաղորդման սրությունն ապահովելու համար աշխատում են տասնյակ հետազոտողներ։ Նրանք 12-ժամյա ռեժիմով տեղեկություններ են հավաքում և տրամադրում հաղորդավարին։ Ցուցակը կազմված է լինում 150-200 հարցից, որոնցից ծաղկաքաղ է արվում, դառնում 10-15 հարց, որից էլ իր հերթին կարող է կրճատել հաղորդավարը։ Օտարերկրացի հյուրերի դեպքում զանգում են բրիտանական տարբեր կառույցների։ Հատկանշական է, որ զանգում են նաև հյուրընկալվողի երկրի թշնամի պետություն, որպեսզի վերցնեն տեսակետներ ու լսեն հյուրընկալվողի պատասխան արձագանքը։ Եվ վերջապես, այստեղ զրուցելու են գնում նրանք, ովքեր չգիտեն, թե ուր են գնում, կամ նրանք, ովքեր վստահ են սեփական ուժերի վրա։ Հաղորդումը «հարձակում է», դու և քո երկիրը անվնաս եք դուրս գալիս, երբ ձեր խոսքը համոզիչ ու ազդեցիկ է, հարցերին տեղին եք պատասխանում»։ 

Պատրա՞ստ ես հակազդման

Հաղորդավար Սթիվեն Սակուրը Զոհրաբ Մնացականյանին հարցեր է ուղղել Արցախի, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, արտաքին քաղաքականության և այլնի վերաբերյալ։ Հայկ Մարտիրոսյանը զավեշտալի է որակում Մնացականյանի արտահայտությունները, որոնք ի պատասխան հնչեցին բոլոր սուր և իրեն նեղը գցող հարցերի։ Վերլուծում է Արցախի վերաբերյալ նախարարի պատասխանները․ «Պնդումներին, թե Արցախը Հայաստան չէ, Հայաստանի մաս չէ, Մնացականյանը որևէ կերպ չի հակադարձում։ Օրինակ, ենթադրենք ասելով՝ Արցախը Հայաստանի մաս է պատմականորեն կամ իրավականորեն։ Նա ուղղակի լռում է, անտեսում կոնկրետ խնդիրը և սկսում խոսել այն մասին, որ Արցախի խնդիրը Հայաստանի համար 150 հազար քաղաքացիների անվտանգության խնդիրն է և այլն։ Ասում է՝ խաղաղությունն ու կարգավիճակն են կարևոր և այսպես այլ հակահայկական մտքեր։ Քաղաքագետը հավելում է, որ Մնացականյանը, ընդունելով անկյուն քշվածի և արդարացողի դիրք, մեջբերում է Փաշինյանի վտանգավոր, ապապետական խոսքը, որ Արցախի խնդրի լուծումը պետք է ձեռնտու լինի նաև Ադրբեջանին։  «Արցախը հայկական չէ» մեկ այլ խոսքին Մնացականյանն արձագանքում է, որ Արցախում հայեր են ապրում, անվտանգությունն ու Արցախի կարգավիճակը կարևոր հանգամանքներ են։ Դա ուղղակիորեն նախկինների գիծն է, որի հիմքը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, և որն անվերապահորեն վարում էր Սերժ Սարգսյանը։ Ստացվում է, որ Հայաստանի արտգործնախարարը ուղղակի չպատասխանելով՝ անուղղակիորեն կամ ուղղակիորեն ընդունում է, որ Արցախը հայկական չէ,  Հայաստան չէ և վերջ։ Ոչ մի ծանրակշիռ հակափաստարկ, ոչ մի միտք»։

Հատված հարցազրույցից

- «Human Rights Watch»-ի զեկույցը 1995թ. արված լայնածավալ զեկույց է, ասում է, որ հայկական ուժերը, ՀՀ աջակցությամբ, պատասխանատու էին պատերազմի ընթացքում իրականացված չարաշահումների մեծամասնության համար: Արդյո՞ք պատրաստ եք ասել «նախկինում թույլ են տրվել սխալներ, պատահել են չարաշահումներ»: Այնուհետև դուք, ինչպես նաև Ադրբեջանը, պետք է ափսոսանք հայտնեք դրա համար և փորձեք լուծում գտնել:

- Այս պահին մենք նաև պետք է գտնենք այն ճանապարհը, թե ինչպես կարող ենք առաջ տանել մեր ամենամեծ առաջնահերթությունը՝ ժողովրդի անվտանգությունը:

Քաղաքագետը նշում է․ «Մնացականյանը չի ասում, որ դա կեղծիք է, չի հերքում, ուղղակիորն չի ասում, որ հայկական զինված ուժերն ի տարբերություն Ադրբեջանի՝ երբևէ որևէ ռազմական հանցագործություն չեն գործել։ Չի նշում բոլորովին թարմ ապրիլյան պատերազմում Ադրբեջանի պետական ռազմական միավորումների կատարած գլխատումները, քաղաքացիական անձանց խոշտանգումներն ու սպանությունները և այլ պատերազմական հանցագործություններ։ Դրա փոխարեն ասում է , որ Սաքուրը աղավաղում է իրականությունը։ Մնացականյանն առհասարակ այս հարցազրույցում գեթ մեկ անգամ չի մեղադրում Ադրբեջանին ոչ մի բանում։ Չի փոխում սլաքները թշնամու ուղղությամբ։ Այլ ընդունում է հարվածներ, որոնք ուժեղացնում են Ադրբեջանի դիրքորոշումը։ Իր ամոթալի պաշտպանությամբ մեղավորություն է դնում Հայաստանի ուսերին»։ 

Այնուհանդերձ չանդրադարձավ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովան նշում է, որ «Human Rights Watch»-ի զեկուցումը վերաբերում էր Խոջալուի դեպքերին։ Եվ այդտեղ որևէ փաստարկ չկար, որ հայկական կողմը ռազմական հանցագործությունների համար պատասխանատու է։ Ցանկացած փաստարկ, որով Ադրբեջանը դիմում է  միջազագային կառույցներին, ավելի թույլ է, քան կա հայկական կողմի դիրքորոշման մեջ։ Ինչին, սակայն, Մնացականյանը չանդրադարձավ․ «Մնացականյանն ասում է՝ ամեն ինչ պետք է թողնենք մեր հետևում և շարժվենք առաջ։ Դիվանագիտական ու մարդասիրական տեսանկյունից շատ լավ մոտեցում է, բայց անհնար, եթե դա միակողմանի է։ Իսկ դա միակողմանի է, քանի որ Ադրբեջանը ամեն ինչ անցյալում թողնել չի պատրաստվում։ Ավելին՝ ունի լուրջ ծրագրեր ոչ միայն Արցախի, այլ, օրինակ, Զանգեզուրի հետ կապված»։ 

Դիվանագիտորեն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Զոհրաբ Մնացականյանի պատասխանները, չնայած վերոնշյալ դիտարկումներին, որակել է դիպուկ ու պրոֆեսիոնալ։ Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ մեր պատկերացումներին, և որ մենք որևէ կերպ չենք կարող մեզ թույլ տալ անվտանգային վակուում անգամ 15 րոպեով, նշում է․ «Մենք կառուցում ենք մեր քաղաքականությունը՝ ելնելով մեր պետական շահերից և ոչ թե այս կամ այն պետությունների միջև հակասությունների վրա հիմնվելով»։

Մնացականյանի պատասխանները դիվանագիտության տեսանկյունից կարելի է համարել հավուր պատշաճի, միաժամանակ չենք կարող չնշել, որ նրա պատասխանների մեջ բացակայում էին հակազդող փաստարկներն ու ինքնավստահությունը։

Հավելենք, որ առաջիկայում տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ 

Անուշ Միրզոյան

17:00 31.10.2019