ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հետևանքները չեն վերացվել
19:00 31.10.2019

Հետևանքները չեն վերացվել

«Տեխնիկական մի քանի լուրջ խնդիր կա տեղափոխման հետ կապված․ նախ տեխնիկայի մոտեցման հնարավորություն չկա ցիստեռնը նշված վայրից հանելու համար, երկրորդ՝ անվտանգության խնդիր կա,  քանի որ կողաշրջվելուց հետո վնասվել են մեքենայի որոշ դետալներ, բացի դրանից էլ՝ կողաշրջված դիրքից ուղղելու համար տեխնիկա է հարկավոր մոտեցնել, որն անհնարին է այս պահին», -Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը այսպես պատասխանեց հարցին, թե ինչու մեկ ամսվա ընթացքում չի հաջողվում դեռևս սեպտեմբերի 23-ին Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 21 տոննա հեղուկ գազով բեռնված կցորդը, որը մոտ 30 մետր գլորվել է ձորը, դուրս բերել այնտեղից։

Ոստիկանության ու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, անվտանգության նկատառումներից ելնելով, դեռ շարունակում են հերթապահել մայրուղում։ Պարսկական համարանիշով հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի կցորդի դուրսբերման ու տեղափոխման հարցը ձգձգվում է, իսկ տեղի ունեցած  արտակարգ դեպքը, ինչպես հավաստիացնում են իրավասու  մարմինները, մինչ այժմ նախադեպ չի ունեցել։

Ինչպե՞ս անել, որ կցորդը անվնաս հանվի, միևնույն ժամանակ անվտանգություն ապահովել ու չվնասել շրջակա միջավայրը։ Մի քանի անգամ մարզպետարանում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մարզային հանձնաժողովի նիստ այս հարցերի  քննարկման շրջանակում, որին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

«Ստեղծված խնդիրը ֆորսմաժորային է, - ասում է փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, - բեռի տերը փաստացի հրաժարվում է  իր բեռից, վարորդը ասում է՝ ինքը միայն բեռ տեղափոխող է, իսկ այն գործարարը, ում համար բեռը տեղափոխվում էր, ասում է՝ բեռը իրեն է այն դեպքում, երբ հասնում է իրեն։ Ստացվում է, որ այս պահին բեռը պարսկական ընկերությանն է, որը փաստացի հրաժարվում է դրանից»։

Մարզպետարանում դեռևս չեն գտնում  խնդրի լուծման ուղի, թեպետ առաջ քաշված տարբերակներ կան։ Օրինակ, ըստ Ն․Բաբայանի՝ կան մարդիկ, որոնք պատրաստ են օգնել իրենց միջոցներով գազը տեղափոխել այլ կցորդ, բայց այս դեպքում խնդիր է առաջանում մաքսազերծման հետ, 2-րդ տարբերակը գազը ուղղակի բաց թողնելն է, բայց թե այդ գազը  որքան վնաս է  տալու բնությանը, կամ  եթե արտանետվի գետ, ջրային ռեսուրսները ինչքանով են տուժելու։ Երրորդ տարբերակը այն է, որ պարզապես պետք է գտնել մի այնպիսի տեխնիկա, որը կարող է ձորից դուրս բերել կցորդը։ Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները փորձ են արել բացել փականը, գազը բաց թողնել շրջակա միջավայր, սակայն առաջացած մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով չի հաջողվել։

Փորձեցինք հասկանալ ևս մի բան․ եթե հեղուկ գազը բաց թողնվի դեպի ջրային ավազան, այս դեպքում Ողջի գետ, ինչպե՞ս է մեր օրենսդրությամբ հաշվարկվում հնարավոր վնասի չափը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի մարզային տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը հեռախոսով տեղեկացրեց, որ հեղուկ գազի դեպքում օրենսդրությամբ հաշվառման հստակ սահմանված քանակ  չկա, ինչպես, օրինակ, կա նավթամթերքի դեպքում։ Եթե ընտրվի այդ տարբերակը, ջրից նմուշ կվերցնեն, որոշակի պարամետրերի չափումով ազդեցության վնասի հաշվարկ կկատարվի։

Պատահարի առնչությամբ հարուցված է քրեական գործ։

Նելլի Միրզախանյան

19:00 31.10.2019

Ամենաշատ ընթերցվածները