ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Էկզոտիկ մրգեր՝ մեղրեցու այգում
17:00 01.11.2019

Էկզոտիկ մրգեր՝ մեղրեցու այգում

Մեղրեցի 61-ամյա Միխայել Ծատրյանը ունի յուրահատուկ այգի։ Այնտեղ աճում են էկզոտիկ ու ավանդական մրգեր։ Միխայել պապը նախկինում զինվորական է եղել, պահեստազորի մայոր էր։ Ծառայողական կյանքն ավարտելուց հետո զբաղվում է այգեգործությամբ։ Պարբերաբար փորձարկումներ է անում, որի շնորհիվ էլ նրա այգին աչք է շոյում։ 

Բանանի հայրենիքը հարավային ու հարավարևելյան Ասիան է համարվում։ Այդ էկզոտիկ միրգը Հայաստանի բնակլիմայական պայմաններում աճում է նաև Միխայել պապի այգում։ Նա Մեղրիում առաջիններից մեկն էր, որ փորձեց բանան աճեցնել։  «Ի սկզբանե ունեցել եմ լիմոնի տասնյոթ ծառ։ Շատ լավ սորտ էր, բայց քանի որ ծառայության մեջ էի, մի օր ուժեղ և սառը քամուց ցրտահարվեցին։ Հետո իմ մեջ ցանկություն առաջացավ փորձել բանան աճեցնել։ Ծաղկում է երեք տարեկանում։ Շատ խոնավություն է սիրում։ Հայրենիքում ծաղկում է փետրվար-մարտին, բայց քանի որ այդ ժամանակ Մեղրիում ցուրտ է, ծաղկում է ապրիլ-մայիսին։ Չնայած աճում ու ծաղկում է, սակայն բերք չի տալիս։ Երբ ծաղկում է, ու կլիման համապատասխանում է, յոթ, ութ շարք գոտուն կապած փամփշտակալի նման բերքը բռնում է, իսկ երբ սկսում է չորային շրջանը, ծաղկաթափվում և չորանում է»։

2400 քմ տարածք ընդգրկող այգին յուրահատուկ է մրգերի տեսականիով։ Մեկ այլ էկզոտիկ միրգ էլ է աճում այստեղ․ կիվին այգու նորաբնակներից է։ Կանաչ միրգն ընդամենը 5 տարեկան է։  «Կիվին ունի արու և էգ տեսակներ։ Եթե մենակ էգն է լինում, բերք չի տալիս։ Փոշոտման խնդիր կա, բայց եթե տարածքում 50 մ շրջագծով հարևաններից մեկն ունի որձ, դու մենակ էգը այդպես դնես, էլի խնդիր չես ունենա։ Շատ ջրասեր բույս է, դրա համար մտածված աճեցրել եմ լողավազանի կողքին, որ երկու- երեք օրը մեկ ջրեմ»։

Միխայել պապի այգում մեկ այլ հետաքրքիր ծառի էլ հանդիպեցինք։ Դրա պտուղներից կոմպոտ են պատրաստում, օղի թորում։  «Մենք ասում ենք մուշմուլա, ճապոնական զկեռ, հայրենիքը, բնականաբար, Ճապոնիան է։ Ծաղկում է ձմռանը՝ դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին։ Քանի որ այս տարի շատ տաք տարի է, արդեն ծաղկում է»։

Միխայել Ծատրյանի այգում մերձարևադարձային պտղատու ձիթենի է աճել։ Նրանից ստացվում է մոտ 10-15 կգ ձիթապտուղ։ Այգետերը պատմում է՝ փորձի համար է ձեռք բերել։ Ութ տարի անց միայն մատղաշ ձիթենին դարձել է մշտադալար ծառ։ Գեղեցկուհին կրային հող է սիրում, իսկ ծաղկման շրջանում՝ քամի։ «Ծառի վրա կան մեծ ու փոքր պտուղներ, պատճառը փոշոտման որակն է։ Ծառը շրջապատված է ընկույզի, արքայանարնջի ծառերով։ Ակտիվ քամի չկա, և փոշոտման սեզոնին ամբողջությամբ չի փոշոտվում։ Ձիթենու վրա կան կարմրավուն, կարմրասևավուն, կանաչ պտուղներ»։

Բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտուղներ կան նռնենիների վրա։ Ծառերը այգու հնաբնակներից են։ Միխայել պապի խոսքով, սկզբնական շրջանում շատ էր՝ 117 ծառ, հետո դարձավ 50-ը։  «Նախկինում կար մթերման գրասենյակ, տանում ու հանձնում էինք, խնդիր չէր լինում։ Իսկ հիմա չենք կարողանում իրացնել, պահանջարկը արքայանարնջինն ու թզինն է։ Նախկին մեկուկես տոննայի փոխարեն տարեկան ստացվում է 300-350 կգ»։

Այգին հարուստ է նաև խնձորով, տանձով, թզով, սերկևիլով։ Դրանցով նաև չրեր են պատրաստում։ Միխայել պապն էլ արդեն մտածում է սեփական չորանոց ունենալու մասին։

Անուշ Միրզոյան

17:00 01.11.2019

Ամենաշատ ընթերցվածները