ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Այդ գրավիչ Հայաստանը
19:00 01.11.2019

Այդ գրավիչ Հայաստանը

Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ տուրիստական շրջանը չունի սկիզբ և ավարտ, արևային օրերի քանակը մեզ մոտ հասնում է 300-ի: Եվ չնայած այդ հանգամանքին՝ զբոսաշրջիկների մեծամասնությունը նախընտրում է մեր երկիր այցելել մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, պահանջարկ է վայելում նաև ամանորի շրջանը: Ձմեռային հանգստի սիրահարների նախընտրելի վայրը Ծաղկաձորն է: Հարկ է նշել նաև, որ վերջին 3 տարվա վիճակագրական տվյալներով Հայաստան այցելողների թիվը աճում է. 2018թ. այն կազմել է 1 մլն 650 հազար, ինչը 10.5%-ով ավելի է 2017թ. տվյալներից, իսկ 2019թ. առաջին կիսամյակի թիվը կազմում է 770 հազար:

Մայրաքաղաքի և նրա շրջակայքի տեսարժան վայրերի գեղեցկությանը չի զիջում նաև Սյունիքի մարզը: Այստեղ իրականացվող ծրագրերը և տարեցտարի կազմակերպվող թեմատիկ փառատոները ընդգծում են մարզի կոլորիտը՝ գրավիչ դարձնելով այն զբոսաշրջիկների համար, ովքեր երկիր են այցելել պատմությանը և մշակույթին ծանոթանալու համար: Սյունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Կարախանյանը նշում է, որ մարզում զբոսաշրջությունը զարգացած է անհամաչափ: Հարավային մասը՝ Մեղրու տարածաշրջանը, տարանցիկ գոտի է Իրանից այցելող զբոսաշրջիկների համար: Կապանում զարգացած են էթնիկ՝ ազգականներին այցելելու և գործնական զբոսաշրջության ճյուղերը, իսկ մարզի հյուսիսային մասը առանձնանում է ճանաչողական, հանգստի և կրոնական զբոսաշրջության ճյուղերով, հենց այստեղ է կենտրոնացած այցելուների հիմնական հոսքը: 

Ըստ զբոսաշրջության մասին օրենքի՝ զբոսաշրջիկ է համարվում տվյալ վայրում գոնե մեկ օր գիշերակաց անցկացնող անձը, ինչը դժվարացնում է զբոսաշրջիկ/այցելու-ների հստակ թիվ հաշվարկելը: Սյունիքի մարզում ամենահաճախ այցելվող Տաթևի վանական համալիրը մայրաքաղաքից գտնվում է 255կմ հեռավորության վրա, այդ իսկ պատճառով շատերը կարողանում են այցելել այստեղ և վերադառնալ նույն օրը:

Հարկավոր է որակյալ ծառայություններ մատուցել 

Զբոսաշրջիկների համար նաև շատ կարևոր է մատուցվող ծառայությունների որակը. քմահաճ այցելուները ուշադրություն են դարձնում նույնիսկ հյուրանոցի սպասարկող անձնակազմի պատրաստվածության մակարդակին: Հաճախ հյուրերը նաև օգտվում են զբոսավարների ծառայություններից, որոնց աշխատանքը այժմ լիցենզավորված չէ, փաստացի ծառայություն կարող է մատուցել ցանկացած քաղաքացի, ով քիչ թե շատ ծանոթ է տվյալ տարածաշրջանի պատմությանը և տեսարժան վայրերի տեղակայությանը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ զբոսաշրջության մասին նոր օրենք է մշակվում, ըստ որի՝ կլիցենզավորվեն առավել որակյալ և կանոնավորված ծառայություններ մատուցող ընկերություններ և անհատներ:  

Ծրագրեր և փառատոներ

Այս տարի զբոսաշրջության ոլորտում Սյունիքի մարզում իրականացված ամենաներդրումային ծրագիրն է «Լեգենդների արահետը», որի ընդհանուր բյուջեն կազմել է 503 հազար եվրո: Խնձորեսկից  Խուստուփ 300 կմ երկարություն ունեցող Լեգենդների արահետը անցնում է 28 բնակավայրով: Ծրագիրը մեծապես նպաստում է նաև Կապանի և հարակից բնակավայրերի տուրիստական նոր ուղիների ձևավորմանը: 

Ամենամյա ավանդույթ դարձած Ոչխարի խուզի, Թթի և Ազնվամորու փառատոները նույնպես զբոսաշրջիկների այցելության առիթ են ստեղծում, հյուրերի թիվը այս տարի գերազանցել է 5000-ը: 

Նոյեմբերից սկսած զբոսաշրջիկների հոսքը կնվազի, երկիրը կրկին գրավիչ կդառնա, երբ Ծաղկաձորում կբացվի լեռնադահուկային հանգստի շրջանը:

Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստան այցելած շուրջ 4 մլն հյուրերը ամենահաճախ այցելում են Տաթև, Գառնի-Գեղարդ, Սևան, Նորավանք և Ծաղկաձոր:

Անի Գրիգորյան

19:00 01.11.2019