ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Լող՝ կյանքի առաջին իսկ օրերից
20:00 02.11.2019

Լող՝ կյանքի առաջին իսկ օրերից

Արտասահմանյան մի շարք երկրներում այսօր ընդունված է, որ երեխային ծննդյան առաջին իսկ ամիսներից տանում են լողի «վերապատրաստման»՝ նշելով, որ երեխային ուղղակի անհրաժեշտ է զբաղվել լողով: Մինչև երեք ամսականը երեխայի մոտ դեռ չեն մարվել լողալու ռեֆլեքսները, ինչի շնորհիվ սուզվելով ջրի տակ՝ փոքրիկը ինքնաբերաբար պահում է շունչը և ընդունակ է ինքնուրույն տեղաշարժվել ջրի տակ: Այսինքն՝ մինչև մեկ տարեկան երեխաների լողի «վերապատրաստման» դասընթացների շնորհիվ պետք է պահպանվի այդ ռեֆլեքսը և աստիճանաբար զարգանա այդ կայուն հմտությունը: Այդ պատճառով դասընթացները սկսելու համար օպտիմալ ժամանակը 10-14 օրականից մինչև 3 ամսական հասակն է:

Մայրիկի օգնությամբ 

Ջրային վարժություններին մասնակցում են նաև մայրիկները, որը օգնում է նրանց կյանքը ավելի հետաքրքիր դարձնել, սովորեցնում են նրանց ավելի լավ հասկանալ երեխային: Ջուրը նվիրում է մայրիկին և փոքրիկին շփման ևս մի հնարավորություն, ամրացնում է մոր և փոքրիկի միջև կապը, ինչը հանգեցնում է վստահության։ Միևնույն ժամանակ երեխաների հետ դասընթացները մեծ ջանքեր են պահանջում մայրիկից: Մայրիկի հանգստությունից և համոզվածությունից է կախված երեխայի հետագա հաջողությունը այս մարզաձևում։ Մայրիկը պետք է գիտակցի, որ ջուրը վտանգ չէ, որից պետք է վախենալ, այլ բնական և առողջ միջավայր է: Քանի դեռ դուք վախենում եք ջրից, քանի դեռ ջուրը լարվածություն է առաջացնում ձեզ մոտ, դուք չեք կարող վստահ և հանգիստ զբաղվել ձեր երեխայի հետ: Եվ դա նշանակում է, որ դասընթացները օգուտ չեն տա ո՛չ ձեզ, ո՛չ էլ փոքրիկին:

Նորածնային հասակի լողը Հայաստանում

Լողի մարզիչ Արտյոմ Հակոբյանը նշում է, որ երեխաներին դեռ նորածնային շրջանից անհրաժեշտ են ջրային վարժություններ, սակայն հայաստանյան լողավազաններն այդ տարիքի համար գրեթե ընդունելություն չունեն: «Լողի համար տարիքային սահմանափակում չկա: Ինչքան շուտ սկսեն հաճախել լողավազան, այնքան լավ։ Փոքրիկներին դրանից վնաս չկա, մանավանդ, եթե ջուրը մաքրվում է օզոնով, ոչ թե քլորով:

Մի շարք լողավազանների ցուցանիշով ընդունելության ամենափոքր տարիքը Հայաստանում համարվում է 3.5 տարեկանը։ Անձամբ աշխատում եմ 5 տարեկանից սկսած երեխաների հետ։ Այդ տարիքից երեխայի մոտ կարելի է տեխնիկա զարգացնել, որ նա կարողանա երկար տարածություններ լողալ: Այս սպորտաձևը Հայաստանում դեռ սիրողական բնույթ է կրում և հնարավոր է՝ սա է պատճառներից մեկը, որ այս մարզաձևում չկան մասնագետներ, ովքեր կաշխատեն մի քանի շաբաթական երեխաների հետ, քանի որ այն ունի իր յուրահատուկ տեխնիկան և մոտեցումը։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ մեր երկրում չկան հատուկ նորածինների համար նախատեսված լողավազաններ», - նշում է մարզիչը։ 

Ջրային միջավայրում ադապտացիան հարստացնում է փորձը, նոր տպավորություններ է տալիս, ինչը շատ կարևոր է փոքրիկ երեխաների զարգացման համար: Ջրային վարժությունները առողջարար են և կոփում են երեխային: Ջուրը կարգավորում է մկանային տոնուսը, հանգստացնում, ամրացնում է մկանները, կոփում, զարգացնում է հավասարակշռության զգացումը, շարժողական համակարգը: Այսպիսով, ջրային վարժությունները խթանում են փոքրիկի մտավոր և ֆիզիկական զարգացումը: 

Արտյոմ Հակոբյանը հավելեց նաև, որ դասընթացներից առաջ անհրաժեշտ է խոհրդակցել մանկաբույժի և նյարդաբանի հետ: «Նրանք կզննեն ձեր երեխային և կասեն՝ կարելի է երեխային լողալ, թե՝ ոչ: Լողը ցուցված է գրեթե բոլոր երեխաներին, և շատ դեպքերում բժիշկները նույնիսկ խորհուրդ են տալիս թերապիայի և վերականգնման համար, սակայն կան նաև բացառություններ: Լողը հակացուցված է հիվանդությունների սուր շրջանում, մաշկային վարակների դեպքում, սրտի արատի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում», - հավելեց մարզիչը:

Սոնա Օհանջանյան

20:00 02.11.2019

Ամենաշատ ընթերցվածները