ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ֆ․Կաֆկա․ «Կերպարանափոխություն»
14:00 03.11.2019

Ֆ․Կաֆկա․ «Կերպարանափոխություն»

Աբսուրդը Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունների մշտական բնակիչն է։ Բայց նա միայնակ չէ։ Հարևանություն է անում անսովորի ու սովորականի, ողբերգականի ու առօրեականի հետ։ Ավստրիացի գրողի «Կերպարանափոխություն» վիպակում էլ աբսուրդը բնավ երկրորդական դերում չէ։

Առևտրական գործակալ Գրեգոր Զամզան մի օր արթանանում է և տեսնում, որ սարսափելի ուտիճ է դարձել։ Նրա մարմնին ոտիկներ ու շոշափուկներ են աճում, մեջքը կորանում է, փորի վրա սպիտակ կետեր են հայտնվում։ Ճիշտ է, զարմանում է, որ զզվելի միջատ է դարձել, բայց նրան ավելի շատ ուրիշ բան է մտահոգում․ հանկարծ իր բացակայությամբ տնօրենին չզայրացնի։ Ընկերության հավատարմատարն էր եկել՝ իմանալու Գրեգորի ուշանալու պատճառը, և ամեն ինչ տեսնելուց հետո ուզում էր հեռանալ․ «Հավատարմատարին անհրաժեշտ էր ետ պահել, հանգստացնել, համոզել ու, ի վերջո, իր կողմը գրավել․ դրանից էր կախված Գրեգորի ու ողջ ընտանիքի ապագան»։ Բայց ջանքերն ապարդյուն են անցնում։ Հավատարմատարը գրեթե փախուստի է դիմում։

Միայն քույրը՝ Գրետան էր կերակրում սենյակում փակված Գրեգորին։ Նա երաժշտություն էր սիրում և կարողանում էր ջութակի նվագով հուզել ունկնդիրներին։ Եղբայրը որոշել էր առանց վարձին ուշադրություն դարձնելու նրան կոնսերվատորիա ուղարկել։ Խոսել չկարողանալու պատճառով ի վիճակի չէր քրոջը շնորհակալություն հայտնել և տառապում էր։

Ծնողները չէին կարողանում իրենց ստիպել նրա սենյակը մտնել։ Իսկ մի անգամ, երբ մայրը վերջապես մտավ, ուշաթափվեց։ Հոր արձագանքը ցավոտ էր․ «Թեթևակի նետված խնձորներից մեկը երիզեց Գրեգորի մեջքը և առանց վնասելու սահեց-ընկավ, մինչդեռ դրան հաջորդած խնձորն ուղղակի խրվեց նրա թիկունքը»։ Ոչ ոք չէր համարձակվում հեռացնել, և մոտ մեկ ամիս խնձորն այդպես էլ մնաց՝ տառապանք պատճառելով Գրեգորին։ Նա կարծում էր, թե դա թերևս հիշեցնի հորը, որ չնայած իր տհաճ ու զզվելի տեսքին՝ ինքը ևս ընտանիքի անդամ է, պարզապես պետք է կուլ տալ զզվանքն ու համբերել։

Ընտանիքի անդամներն արդեն ստիպված էին աշխատել։ Նրանք վարձով էին տվել սենյակներից մեկը։ Քույրն ավելի ու ավելի հազվադեպ էր երևում Գրեգորի մոտ։ Երբեմն նվագում էր։ Օրերից մի օր նրա ջութակի հնչյունները գրավեցին երեք կենվորներին։ Գրեգորին էլ էր հետաքրքրում այդ ամենը, և նա սողալով աննկատ սենյակ մտավ։ Սակայն կենվորները նկատեցին նրան, խիստ զայրացան և պահանջեցին հեռացնել տհաճ հարևանին, հակառակ դեպքում իրենք կլքեն բնակարանը և վարձը չեն վճարի։

Ի վերջո, հայրը կենվորներից պահանջում է հեռանալ։ Իսկ ահա քրոջ պահանջն ավելի խիստ էր․ այդ կենդանին պետք է հեռանա, չէ՞ որ նա հալածում է իրենց, քշում կենվորներին, ցանկանում գրավել ամբողջ բնակարանը․ «Եթե սա Գրեգորը լիներ, վաղուց կհասկանար, որ մարդկանց և նման մի անասունի համատեղ կյանքն անհնար է, և կամովին կհեռանար»։

Գրեգորը լսում է այս ամենը և հեռանում իր սենյակը։ Նրա կարծիքն արդեն շատ որոշակի էր․ ինքը պետք է չքվի․ «Երբ դրսում՝ պատուհանի դիմաց, լուսավորվել սկսվեց, նա դեռ ողջ էր։ Հետո նրա գլուխը կամքից անկախ կախվեց, և վերջին շունչը թույլ դուրս եկավ պինչերից»։

Ընտանիքում մթնոլորտը խաղաղվեց։ Որոշեցին այդ օրը աշխատանքի չգնալ, հանգստանալ ու զբոսնել։ Ներողություն հայցող երեք նամակ գրեցին․հայրը՝ բանկի տնօրենությանը, մայրը՝ պատվիրատուին, քույրը՝ խանութի տիրոջը։ Երեքով էլեկտրագնացքով մեկնեցին քաղաքից դուրս։ Նրանց խաղաղ զրույցը շարունակվեց գնացքում։ Երեքի գործերն էլ չափից դուրս խոստումնալից էին։ Վիճակը լավացնելու համար հայրը ցանկանում էր Գրեգորի վարձածից ավելի փոքր, հարմար դիրք ունեցող ու էժան բնակարան տեղափոխվել։ Հենց զրուցելու ընթացքում էլ Զամզա ամուսինները գրեթե միաժամանակ նկատեցին, թե ինչպես է իրենց աղջիկը վերագտել աշխուժությունը, գեղեցիկ ու փարթամ դարձել․ «Աստիճանաբար դադարեցնելով խոսելը և համարյա բնազդաբար հայացքներով համաձայնության գալով՝ նրանք մտածեցին, որ դստեր համար մի կարգին ամուսին փնտրելու ժամանակն է արդեն, և նրանց թվաց, թե աղջիկը հաստատեց իրենց նոր բարի մտադրություններն ու երազանքները, երբ տեղ հասնելուն մոտ առաջինը բարձրացավ տեղից ու ձգեց իր ջահել մարմինը»։

Կրքերը հանդարտվել են։ Հայրը, մայրն ու քույրը այնքան անվրդով են զրուցում, ասես ոչինչ չի պատահել։ Մինչդեռ անդարձ հեռացել է ընտանիքի անդամը՝ Գրեգորը։ Թվում է նույնիսկ, թե նրանք վերջապես թեթևացած շունչ են քաշում։ Կաֆկայի արձակի յուրահատկությունն է սա․ առօրեական մանրամասների ու տեսարանների միջոցով ընդգծել ողբերգության ահագնությունը։

Արթուր Իսրայելյան    

14:00 03.11.2019

Ամենաշատ ընթերցվածները