ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վաստակաշատ գիտնականը Լեռնաձորից
18:00 03.11.2019

Վաստակաշատ գիտնականը Լեռնաձորից

Թադևոս Հակոբյան․ անուն, որ իր պատվավոր տեղն է զբաղեցրել հայկական գիտության ներկայացուցիչների, վաստակավոր գործիչների ցանկում: 

Մեր համերկրացին է, պատմաբան, աշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:

Թողել է հսկայական գիտական ժառանգություն, իսկ նրա հեղինակած՝ «Հայաստանի և հարակից շրջանների  տեղանունների  բառարանը» իրավամբ  մեզ «վերադարձրեց» մեր կորցրած շատ քաղաքներ, եկեղեցիներ, մատուռներ… Մեծ է նաև Թադևոս Հակոբյանի գրական ժառանգությունը․

  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան
  • «Երևանի պատմությունը»  քառահատոր աշխատություն
  • Սյունիքի թագավորությունը
  • Աշխարհագրության համառոտ պատմություն / հնագույն ժամանակներից մինչև 1917թ./
  • Անիի  պատմությունը
  • Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը
  • Պատմական Հայաստանի քաղաքները ….

Ծնվել է 1917թ. հուլիսի 15-ին Ղափանի շրջանի Քրդիկանց (Լեռնաձոր) գյուղում, գյուղացու ընտանիքում:

«Ծնողներս, -  գրել է ինքնակենսագրականում գիտնականը, - մինչ հեղափոխությունը զբաղվել են երկրագործությամբ: Հեղափոխությունից հետո՝ մինչ 1931թ., հայրս զբաղվել է նաև սեզոնային բանվորությամբ»:

1924-1930թթ. սովորել է Ղափանի յոթնամյա դպրոցում, որն ավարտելով՝ անցել է աշխատանքի Զանգեզուրի հանքվարչության մեխանիկական ցեխում՝ փականագործ:

1935թընդունվել և 1940-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհաերկրաբանական ֆակուլտետը՝ ստանալով աշխարհագրագետի որակավորում: 1940-1942թթ. ծառայել է խորհրդային բանակում, զորացրվելուց հետո վերադարձել հայրենի գյուղ:

1942-1944թթ աշխատել է Ղափանի շրջանի Օխչիի միջնակարգ դպրոցում՝ աշխարհագրության, պատմության և ռազմագիտության ուսուցիչ:

1945-1948թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Հայաստանի պատմական աշխարհագրություն» մասնագիտացմամբ: 1946-1951թթ. աշխատել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտում որպես ավագ դասախոս, 1947-ից Երևանի պետական համալսարանում՝ ավագ դասախոս, դոցենտ, իսկ 1963-ից՝ պրոֆեսոր: 1949թ պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1961թ.՝ դոկտորական: 1955-57թթ. և  1965-68թթ. եղել է  մայր բուհի աշխարհագրության ֆակուլտետի դեկան, իսկ 1961-ից ղեկավարել տնտեսական աշխարհագրության ամբիոնը: 1968թ արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր գործչի կոչման:

2015թ Երևանի ավագանու որոշմամբ պատմաաշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Թադևոս Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը փակցվել է Աբովյան փողոց 39 հասցեում։

Թադևոս Հակոբյանն այսօր էլ համագյուղացիների հպարտությունն է, ու շատերն անգամ, նրան անձամբ չճանաչելով, ուղղակի լսելով, գիտեն մանրամասներ անվանի լեռնաձորցու մասին: 

Հասմիկ Հակոբյանը՝ հոր մասին

«Հորս մասին հիշողությունները ջերմ են: Առօրյա կյանքում նա շատ հասարակ ու հասանելի էր: Ուներ հումորի նուրբ զգացում: Միջոցառումներին սրամիտ պատմություններով ու արժեքավոր խորհուրդներով  ուշադրություն էր  գրավում: Լինելով գիտության նվիրյալ, մեր ընտանիքի  հոգսը հիմնականում ընկած էր մորս ուսերին։ Զբաղվածությունը չխանգարեց նրան անմնացորդ սիրել  ու նվիրվել իր զավակներին (3 տղա և 1 աղջիկ, 8 թոռ): Մեր ընտանիքի ավանդական  արարողություններից էր խաշի պատրաստումը: Յուրահատուկ էին նաև հյուրերը՝ Պարույր Սևակ, Համո Սահյան, Վահագն Դավթյան…: Այդ հանդիպումները հայ հանճարների հետ հաճախ վերածվում էին շատերին հուզող հարցերի լուրջ քննարկումների: Մինաս Ավետիսյանի՝ հորս ճեպանկարը խաշի հերթական հավաքույթի շնորհիվ է ստեղծվել», - հիշում է դուստրը՝ Հասմիկ Հակոբյանը:

Տիկին Հասմիկը պատմում է նաև.  «Հայրս սիրում էր երեկոյան ժամերին քայլել Երևանի փողոցներով ընկերների հետ: Երեխայի նման ուրախանում էր երկրի թեկուզ և փոքր հաջողություններով»:

«Ավանդաբար ամեն տարի ԵՊՀ աշխարհագրական ֆակուլտետի ավարտական կուրսի ուսումնական պրակտիկան անցնում էր նրա հարազատ Զանգեզուրում: Ճանապարհին պարտադիր այցելում էր Պարույր Սևակին՝ Չանախչի (Զանգակատուն) գյուղ: Երբեմն Սևակն  ընկերակցում էր նրան պրակտիկայի ընթացքում», - ասում է դուստրը։

Թադևոս Հակոբյանը մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ էր ուսանողներին ներկայացնում «իր Զանգեզուրը», փորձում նրանց վարակել այս զարմանահրաշ երկրամասի նկատմամբ մեծ սիրով:

Հասմիկ Հակոբյանը սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում, եղել հոր ուսանողը:

Պատմեց նաև, որ, մտավորից բացի, Թ. Հակոբյանը սիրում էր ֆիզիկական աշխատանք կատարել, ամառանոցում հողագործությամբ էր զբաղվում: Ուրախանում էր իր պտղատու ծառերով ու տխրում այդպես էլ չստացած մեղրի բերքի համար:

«Հազվադեպ է լինում մեկ մարդու մեջ այսքան դրականը. մեծ հայ, հայրենասեր, հողի մարդ, անզուգական  հայր, պապիկ և ամուսին, անվանի գիտնական», - ասում է  դուստրը:

ՀՀ վաստակավոր մանկավարժ, Կապանի թիվ 2 ավագ դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ, աշխարհագրության ուսուցիչ Հայկ Հակոբյանը Թադևոս Հակոբյանի ուսանողն է եղել:

«Տպավորիչ ու հագեցած էին նրա դասախոսությունները աշխարհագրության, պատմության և Հայաստանի պատմական աշխարհագրության դասընթացներից: Ուրախությամբ էինք լսում դասախոսներից, որ համալսարանի վերջին տասնամյակում հրատարակված 10 լավագույն աշխատությունից 3-ը Թադևոս Հակոբյանի գրչին են պատկանում: Եզակի գիտնական-դասախոսներից էր, ով վայելում էր թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների հարգանքը: Ուներ լայն մտահորիզոն, սիրում էր հաղորդակցվել տարբեր մարդկանց հետ։ Ժամանցի պահին ուսանողների հետ քննարկելիք սիրած թեման ֆուտբոլն էր: Առանձնակի հպարտությամբ էր նշում Պելեի, Գարինչայի, Նիկիտա Սիմոնյանի մասնակցությամբ Մոսկվայում դիտած խաղը: Երբ խոսք էր լինում մերոնց մասին, ոգևորված պատմում էր Արարատ-73-ից:

Դաշտային պարապմունքներին ուսանողներին կեսկատակ, կեսլուրջ խորհուրդ էր տալիս՝ ինչպես խմել թեյը… Չլսելով նախընտրելի պատասխանը՝ ծիծաղախառն բացատրում էր. «Փռթացնելով, այնպես, որ չվառի կոկորդը, բայց տաքացնի որովայնը»:

Որպես համալսարանի երիտասարդ, խոստումնալից դասախոս՝ Հրաչյա Աճառյանին են ներկայացնում Թադևոս Հակոբյանին.

- Երիտասա՛րդ, ի՞նչ ես դասախոսում:

- Աշխարհագրության պատմություն և Պատմական աշխարհագրություն։

- Էդ ո՞նց, առաջին ժամին աջի՞ց ձախ, երկրորդին՝ ձախի՞ց աջ, - կատակել է վաստակաշատ գիտնականը, լեզվաբանը…

Լիլիթ Իսրայելյան

18:00 03.11.2019