Մամուլ
20 միլիոնանոց կրքեր
Կառավարությունը 20 միլիոն դրամ է հատկացրել սեռափոխված ծանրորդ Մելինե (Մել) Դալուզյանի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումների համար։ Այս փաստը բուռն քննարկումների առիթ է դարձել հանրության շրջանում և համացանցում։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նշում է, որ այս ամենը նպատակ ունի մեր աչքերը և մեր ականջները սովորեցնել պղծությանը, որպեսզի հետագայում արագ կազմաքանդվի հայկական ավանդական ընտանիքի մոդելը և առհասարակ հայկական ավանդականը։
«Ցավն այն է, որ հիմա, խոսելով սրա դեմ, ես ևս դառնում եմ այդ նախաձեռնության մասնակից, քանի որ խոսելով այդ երևույթի դեմ ևս՝ ձեր աչքերը և ականջները սովորեցնում եմ դրան։ Սակայն այլ ելք չունենք․ անհրաժեշտ է արթնացնել ազգային ինքնագիտակցությունը։ Գործող իշխանությունն ունի պատվեր կինոյի, մուլտֆիլմի, գովազդի, հաղորդումների միջոցով մեր հասարակություն ներմուծել պոռնոինդուստրիան, բռնությունը, ԼԳԲՏ-ի նկատմամբ լոյալությունը և այլն։ Կարող է թվալ, թե սա սոսկ հայկական խնդիր է, սակայն գաղափարը հայկականը գլոբալի վերածելուց հետո այդ «արժեքները» Իրան արտահանելն է։ Այս դինամիկայի մեջ մենք պետք է կարողանանք պայքարել «գլոբալիզացման նվաճումների» դեմ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հարցազրույցներից մեկում ի պատասխան բողոքի ալիքի՝ ասել է․ «Իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու։ Եթե գեղագիտական խորհուրդները, որում ներգրավված են անվանի մասնագետներ, որոշել են, որ որևէ գործ, դա կլինի թատերական ներկայացում, քանդակ, ֆիլմ, արժանի է, որ պետությունը ուշադրություն դարձնի, այդ որոշումները ի կատար են ածվելու։ Սատանիզմի հիմքերով համերգներ չեղարկել չի լինելու։ Արվեստը լինելու է ազատ։ Նրանք, ովքեր փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել, հետադիմության առաջամարտիկներ են»։
Նախարարության արվեստի վարչության կինոյի փորձագետ Լուսինե Սարգսյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ ֆիլմի սցենարը քննարկել է անկախ հանձնաժողովը, որից հետո է որոշվել հատկացնել այդ 20 միլիոն դրամը։ «Հայաստանի ազգային կինոկենտրոնն ունի կանոնակարգ։ Գոյություն ունեն տոկոսային դրույթներ և ֆինանսավորման առավելագույն չափ տարբեր ժանրերի ֆիլմերի համար։ Շարժվելով այդ կանոնակարգի դրույթներով՝ հանձնաժողովը հաշվարկել է ընդհանուր բյուջեի և արտադրական հայտի չափը։ Այդպիսով որոշվել է ֆինանսավորման չափը։ 20 միլիոնը կազմում է ֆիլմի ֆինանսավորման 14%-ը»։ Արդյո՞ք մշակույթի ոլորտում, մասնավորապես կինոարտադրության մեջ, չկան առավել հրատապ խնդիրներ, որոնց վրա կարելի է այդ 20 միլիոն դրամը ծախսել։ «Բազմակի կարևոր հարցեր կան, և այս ֆիլմը, կարծում եմ, այդ կարևորներից մեկն է։ Պետական քաղաքականության տեսանկյունից ՀՀ-ում ստեղծագործողի ազատությունը պետք է պաշտպանված լինի», - ասում է Լուսինե Սարգսյանը։
Ո՞րն է ֆիլմի հիմնական ասելիքը, այն արդյո՞ք ունի քարոզչական դրվագներ։ Ռեժիսոր, սցենարիստ Իննա Սահակյանը հրաժարվեց հարցազրույց տալ՝ նշելով, որ միայն ֆիլմի նկարահանումների ավարտից հետո կխոսի։ Փորձեցինք լսել նաև հանձնաժողովի անդամ, արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի տեսակետը, թե ինչ սկզբունքով է ընտրվել ֆիլմը։ Նա նույնպես չցանկացավ մեր հարցազրույց տալ, միայն տեղեկացրեց, որ ինքը գնահատական է տվել հայտին, ներկայացված սցենարին։ Հարցերին պատասխանելը անիմաստ համարեց՝ նշելով, որ շահարկողը կշահարկի, իսկ հասկացողը կսպասի։
Այնուհանդերձ, կինոյի փորձագետ Լուսինե Սարգսյանը բացեց որոշ փակագծեր․ «Ֆիլմը մարդու ճակատագրի մասին է, ինչպես շատ այլ վավերագրական ֆիլմեր։ Հիմքում ծանրամարտի բազմակի չեմպիոն Մելինե Դալուզյանի կյանքի արտասովոր շերտերն են, ապրումներն ու երազանքները։ Այն չունի այլ շերտավորում, քան իրականությունը»։
Հավելենք, որ ֆիլմի նկարահանումները շարունակվում են, այն պատրաստ կլինի 2020 թվականի սկզբին։
Անուշ Միրզոյան