ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սենատն էլ կընդունի՞ բանաձևը
19:00 05.11.2019

Սենատն էլ կընդունի՞ բանաձևը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ՝405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց ընդունված բանաձևը վերջ է դնում Ամերիկայի պատմության մեջ ամենաերկարատև օտար վետոյին: Թուրքիան դատապարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ կապ տեսնելով դրա և Սիրիայի հյուսիսում թուրքական ուժերի անցկացրած «Խաղաղության ակունք» օպերացիայի միջև։ Թվիթերյան միկրոբլոգում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն գրել է․ «Նրանք, որոնց ծրագրերը ձախողվել են, դիմում են հնացած բանաձևերին։ Շրջանակները, որոնք հավատում են, թե այս կերպ կարող են վրեժխնդիր լինել, սխալվում են: Քաղաքական նպատակներով պատմությունն օգտագործելու այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»։

Թեմայի շուրջ զրուցել ենք թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։

- Պարոն Չաքրյան, արդյո՞ք ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության գործոնը չի օգտագործում Թուրքիային ճնշելու համար։

- Դե, հավանաբար։ Պետք  է ասեմ, որ կոնգրեսի այդ օրինագծի ընդունումը չի կարելի վերագրել ամբողջ կոնգրեսին, որովհետև ներկայացուցիչների պալատն է ընդունել, այսինքն՝ ստորին պալատը, հետո պետք է սենատը ընդունի, ընդ որում՝ ներկայացուցիչների պալատը մինչ այդ նման օրինագծեր օրակարգ մտցնելիս ուղարկում էր արտաքին հարաբերությունների հանձնաժողով, որտեղ հաստատվում է, հետո բերվում ներկայացուցիչների պալատի օրակարգ։ Այս անգամ առանց ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի հաստատման դրվեց քվեարկության և ձայների բացարձակ մեծամասնությամբ անցավ։

- Իսկ ինչո՞ւ օրինագիծը նախապես չդրվեց քննարկման արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

- Նենսի Փելոսին է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակը, ով իրավունք ունի օրինագիծը ուղղակի վերցնել և մտցնել օրակարգ։ Նա արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաստատմանը ներկայացնելու անհրաժեշտությունը չզգաց։

- Որո՞նք պետք է լինեն հաջորդ քայլերը։

- Հիմա օրինագիծը պիտի քվեարկության դրվի նաև սենատում, եթե սենատում էլ նույնքան ձայներ հավաքեց, բացարձակ մեծամասնությամբ անցավ, ապա այդ դեպքում պարտադիր չէ, որ նախագահ Թրամփը վավերացնի սենատի որոշումը։ Այսինքն՝ առանց ԱՄՆ նախագահ Թրամփի վավերացման՝ օրինագիծը օրենքի ուժ է ստանում։ Այս դեպքում արդեն բացառվում է, որ  նախագահ Թրամփի միջոցով թուրքերը չեզոքացնեն օրինագծի ընդունումը։

- Աշխարհասփյուռ հայությունս պատմական հաղթանական ենք համարում այս որոշումը, իսկ արժե՞ ոգևորվել․ չէ՞ որ դեռ սենատի հավանությունը չկա։

- Թուրք քաղաքական գործիչները, քաղաքական մեկնաբանները միանգամայն հավանական են համարում, որ սենատն էլ, հավանաբար, ձայների բացարձակ մեծամասնությամբ կընդունի այդ օրինագիծը։ Դե, իհարկե, ավելորդ ոգևորություն պետք չէ։ Անկեղծ ասած, ցեղասպանությունը դատապարտելը համամարդկային խնդիր է։ Յուրաքանչյուր երկիր, որը ստորագրել է ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման և պատժման կոնվենցիայի տակ, պարտավոր է ընդունել այն առումով, որ կանխարգելման լավագույն ձևը մինչ այդ տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումն է։ Փաստորեն, եթե անգամ ընդունի Միացյալ նահանգները դրանով կկատարի այդ կոնվենցիայի տակ դրած իր իսկ ստորագրությունից բխող պարտականությունը։

- Պարոն Չաքրյան, իսկ արտաքին քաղաքականության մեջ օրինագծի ընդունումը ինչպիսի՞  հաղթանակ կարող ենք համարել։

- Հաղթանակ է այն առումով, որ մի ամբողջ Թուրքիա, որ ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրամիության հետ անդամակցության բանակցություններ է վարում, պայքարում է կասեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, և նրան չի հաջողվում, ընդ որում դրա համար հսկայական գումարներ է ծախսում։ Օրինակ՝ անցած տարիներին մեկ տարվա համար 120 միլիոն դոլար էին տվել ԱՄՆ լոբբիստական  ընկերություններից մեկին, որ պայքարի ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ։ Բացի դրանից՝ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի միջազգային հեղինակությունն է աճում, ինչը սահմանափակում է ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի ճնշում գործադրելու հնարավորությունները, միաժամանակ սահմանափակում է Ղարաբաղյան հարցին միջամտելու Թուրքիայի հնարավորությունները նույնպես։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին թիվ 296 բանաձևը սահմանում է՝

1Հայոց ցեղասպանության ժխտումը մերժելը։

2․ ԱՄՆ-ի պաշտոնական կառավարության կողմից այս հանցագործության ճանաչումն ու ոգեկոչումը։

3․ Աջակցության տրամադրումը Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերի համար՝ ժամանակակից վայրագությունները կանխելու նպատակով։

Զրույցը վարեց Նելլի Միրզախանյանը

19:00 05.11.2019

Ամենաշատ ընթերցվածները