ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ատրճանակ, հրացաններ, նռնակ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
13:00 06.11.2019

Ատրճանակ, հրացաններ, նռնակ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բնակչության շրջանում կատարած բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։

Ոստիկանության Թալինի բաժին եկած 54-ամյա տղամարդը, որը Կանչ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնել է դետոնացիոն քուղով նռնակ ու ինքնաձիգի 120-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զինամթերքը գտել է իրենց հացատնից։

Ոստիկանության Վարդենիսի բաժնում օրերս արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Գեղաքար գյուղի 61-ամյա բնակիչը կամավոր հանձնել է ակոսափող հրազեն ու փամփուշտներ։ Նրա հայտնածով՝ «ՏՕԶ»-ը պատկանել է հանգուցյալ որդուն։

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում ապրող 20-ամյա մի երիտասարդ էլ Վարդենիսի բաժին բերեց գործարանային համարով «ԻԺ» հրացան ու տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Սիսիանի բաժնում։ Սիսիանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ բաժին է բերել ինքնաշեն ատրճանակ՝ նախատեսված 9 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նրա հայտնածով՝ հրազենը գտել է տան տանիքը վերանորոգելիս։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Աղբյուր՝ armdaily.am

13:00 06.11.2019

Ամենաշատ ընթերցվածները