Մամուլ
Խոսքի ատելություն
Վարչապետը անցած օրերին ուղիղ եթերների շարք հեռարձակեց, որով կրկին անդրադարձավ միկրոմենեջերական հարցերին: Հայ եկեղեցու պատմության առարկայի վերանայում, մշակութային ինկվիզիցիայի և Ղարաբաղի գեներալիտետի պարգևատրումները և նախագահական առանձնատան ծախսերը դրանց շարքում էին:
Ինչու Նիկոլ Փաշինյանը ստիպված էր այս ոճով հակադարձել ինտերնետային չարախոսներին, մինչև վերջ պարզ չէ, չնայած երևի թե պարզ է այնքանով, որ դրա կարիքը իսկապես զգացվում էր, քանի որ եթե չեն աշխատում աշխատակիցները, ապա դու ստիպված ես սեփական ուսերի վրա վերցնել հակազդեցության գործոնը և կրակել հակառակորդի վրա համացանցային տեսաձայնագրություններով:
Պարզից պարզ է, որ համացանցը ողողված է ոչ միայն ապատեղեկատվությամբ, այլև այդ ապատեղեկատվությունը, որպես կանոն, համեմված է ատելությամբ: Խոսքի ատելությունը վաղ թե ուշ փոխվում է գործի ատելության: Ինչպես եղավ հոկտեմբերի 27-ին կամ մարտի 1-ին:
Քանի դեռ թնդանոթները կրակում են միայն համացանցի տիրույթում, հարկ է նշել, որ օր առաջ այս իրավիճակից ելք է պետք փնտրել: Չեն կարող մութ ուժերը սև քարոզչություն տարածել ամբողջ օրը, իսկ վարչապետը, գործերը թողած, դրանց հակադարձի տեսաուղերձներով, և մինչ միջին վիճակագրական քաղաքացին փորձում է պարզել ճշմարտությունը, նրան ծածկում է ատելության և ապատեղեկատվության հոսքի նոր ալիքը:
Այս ամենի հետևանքով մի շատ պարզ, պարզունակ հարց է ծագում, թե ով է ավելի հայրենասեր՝ նախկիննե՞րը, թե՞ ներկաները: Միանգամից ասեմ, որ այս հարցադրումը ո՛չ իմաստ ունի, ո՛չ վերջ: Աշխարհում չկան հայրենասիրության չափորոշիչներ: Սակայն կան մասնագետ լինելու-չլինելու չափորոշիչներ, որոնք անտեսվում են հեղափոխության առաջին օրվանից: Ուրեմն լինե՛նք հայրենասեր, բայց ոչ երբեք մասնագե՞տ: Մենք հո հիմար չենք, որ չափելի տիրույթում մրցակցենք:
«Զանգեզուր պրես»