ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եվրոպական ներդրումային բանկի 2,4 մլն եվրոյի դրամաշնորհով ՀՀ ճանապարհները կդառնան ավելի անվտանգ
17:00 07.11.2019

Եվրոպական ներդրումային բանկի 2,4 մլն եվրոյի դրամաշնորհով ՀՀ ճանապարհները կդառնան ավելի անվտանգ

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարեւանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի» նախագծի կնքմանը:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղական Վաչե Տերտերյանը: Նա նշեց, որ խոսքը 2,4 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրի մասին է, որի նպատակը պետք է լինի ՀՀ-ում լայնածաված ճանապարհաշինությանը զուգահեռ անվտանգության ապահովման խնդիրը, հատկապես Մ-6 ճանապարհի հատվածում եւ դեպի հարավ իրականացված ճանապրհների մասով:

«Մեզ համար էական թիրախ է նվազեցնել վթարայնությունը եւ վթարների հետեւանքով ծանր դեպքերի տեսակարար կշիռը: Նախ պետք է վեր հանվեն այն հատվածները, որտեղ ավելի մեծ վթարայնություն կա: Պետք է կազմվեն նոր կառուցվածքային նախագծեր, միգուցե նաեւ քարաթափումներին դա կվերաբերի, մասնավորապես, շրջադարձերի վրա եւ այլն»,-ասաց Տերտերյանը:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում ճանապարհային անվտանգությունը բարելավելու համար առկա է հստակ եւ բարձր մակարդակի քաղաքական աջակցություն՝ ճանապարհային անվտանգության եվրոպական չափանիշներին հասնելու ձգտումով։

Մահվան ելքով ճանապարհային պատահարների ցուցանիշն է մոտավորապես 18 այդպիսի պատահար յուրաքանչյուր 100 000 բնակչի հաշվով (2013), որը երեք անգամ բարձր է ԵՄ միջին ցուցանիշից, այն է՝ 5 այդպիսի պատահար յուրաքանչյուր 100 000 բնակչի հաշվով (2015)։

Հայաստանի միջպետական, հանրապետականեւ տեղական նշանակության ճանապարհների մեծ մասի անվտանգության կառավարումը եւ չափանիշները դեռեւս բարելավման կարիք ունեն, քանի որ դրանք ցածր են գնահատվում միջազգային չափանիշներով եւ շարունակում են է՛լ ավելի վատթարանալ։

Հաշվի առնելով պատահարների սոցիալական եւ տնտեսական ծանր հետեւանքները՝ կառավարությունը մշակել է Համաշխարհային բանկի (ՀԲ) աջակցությամբ խնդիրը լուծելու ռազմավարություն։ Կառավարությունը 2009 թվականի օգոստոսին ընդունել է Հայաստանի Հանրապետության եւ Երեւան քաղաքի ճանապարհային անվտանգության ազգային առաջին ռազմավարությունը եւ հինգ տարվա գործողությունների ծրագիրը (այսուհետ՝ Գործողությունների ծրագիր)՝ մահվան ելքով ճանապարհային պատահարների թիվը 5 տարվա ընթացքում 10 տոկոսով նվազեցնելու նպատակով։

Գործողությունների ծրագիրը նախատեսում էր ստեղծել Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ, քարտուղարություն, աշխատանքային խմբեր, ապահովել ճանապարհային անվտանգության համար հատուկ ֆինանսավորում, մշակել ճանապարհային անվտանգության վերաբերյալ տվյալների ազգային ինտեգրված բազա, ամրապնդել ճանապարհային ոստիկանության կարողությունները, խթանել ճանապարհային անվտանգության տեխնիկական որակը, բարելավել ճանապարհային անվտանգության մշակույթը, խթանել ամրագոտիների օգտագործումը, բարձրացնել արագության գերազանցման վերահսկման մակարդակը, ինչպես նաեւ ապահովել ալկոհոլին առնչվող նորմերի կատարումը։

Դրամաշնորհի միջոցներն ուղղվելու են ՝

Մ-2 (Երեւան-Մեղրի), Մ-4 (Երեւան-Իջեւան), Մ-5 (Երեւան-Արմավիր-Թուրքիայի սահման), Մ-12 (Գորիս-Արցախ), Մ-17 (Կապան-Ծավ-Մ2), Հ-8 (Երեւան-Արտաշատ Այգեվան) ավտոճանապարհների վրա արդեն ընտրված թվով 24, ինչպես նաեւ ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը.

Հայաստանի միջպետական եւ հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացմանը՝ այլ վտանգավոր կետերի հայտնաբերման, գնահատման եւ ներդրումների առաջնահերթության սահմանման նպատակով.

Վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողությանը.

Ճանապարհային անվտանգության իրազեկմանը եւ ուսուցմանը.

Ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստմանը.

Ճանապարհների նախագման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայմանը՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական Միության եւ միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։

Ծրագրից հիմնական ակնկալիքներն են՝

Առնվազն 30 վտանգավոր կետերի բարելավում

Մահվան ելքով ճանապարհային վթարների նվազում 20% -ով

Ճանապարհային ավտանգության առնվազն 40 աուդիտորների ուսուցում եւ հավաստագրում։

Աղբյուր՝ news.am

17:00 07.11.2019

Ամենաշատ ընթերցվածները