ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Նորոգվում է քարուքանդ հատվածը
18:00 07.11.2019

Նորոգվում է քարուքանդ հատվածը

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հիմնանորոգվում է  Երևան - Մեղրի մայրուղու Նոր Առաջաձորից դեպի Կարմրաքար ընկած ճանապարհահատվածը։ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ նախագծային ընկերությունը կատարել է երկրաբանական ուսումնասիրություն, և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մրցույթ է հայտարարել։ Հաղթող է ճանաչվել «Կապանի ճանապարհների շինարարություն և շահագործում» ՍՊԸ-ն, որի հետ էլ սեպտեմբերի 12-ին կնքվել է պայմանագիր։

Թեև յուրաքանչյուր տարի իրականացվել է նորոգման աշխատանք, այնուամենայնիվ, մեծ բեռնատարողությամբ մեքենաների շահագործման հետևանքով առաջացել էին բազմաթիվ փոսեր։ «Ճանապարհային ծածկի միջին նորոգում իրականացվել է գրեթե 12-18 տարի առաջ։ Ներկա պահին ճանապարհային ծածկը ունի ոչ համասեռ կառուցվածք», - ասաց Կապանի ՃՇՇ գլխավոր ճարտարագետ Սերգեյ Առուստամյանը։

Այժմ իրականացնում են վերին շերտի ասֆալտապատում․ «Ճանապարհի երկու հատվածում տեղադրված են  երթևեկության նշաններ, բացի դրանից՝ մեր աշխատակիցները կարգավորում են երթևեկությունը», - ասաց Կապանի ՃՇՇ աշխղեկ Ժորա Մուսայելյանը։

Հիմնանորոգման համար նախատեսվել է 154  միլիոն դրամ։  Աշխատանքների որակը վերահսկում է «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ընկերությունը։  Աշխղեկ Ժորա Մուսայելյանի խոսքով՝ ձգտում են  հիմնանորոգումը  հնարավորինս  արագ ավարտել, քանի որ առջևում ձմեռ է․ «Արդեն ճանապարհի մի մասը ավարտել ենք,  մնացել է մոտավորապես 700 գծամետր հատված։ Դրանից բացի՝ տեղադրվում են 596 գծամետր արգելափակոցներ, ինչպես նաև կատարվում են ջրահեռացման համակարգի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ»։

Գործը նախատեսվում է ավարտել նոյեմբերի 12-ին։

Նարե Խաչատրյան

18:00 07.11.2019

Ամենաշատ ընթերցվածները