Մամուլ
Գնահատական չտալը առկախ է թողնում խնդիրը
2018թ․ սեպտեմբերի 9-ին Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի 7-րդ փողոցում բռնկած հրդեհը չորս բնակելի տուն էր վնասել։ Հոգեկան առողջության խնդիր ունեցող քաղաքացի Սեդան էր հրկիզել իր և հարևանների տները։ Մեկ տարի է անցել, սակայն տուժողները դեռևս մնացել են առանց տանիքի։ Պետությունը չունի համապատասխան միջոցներ նմանատիպ իրավիճակներում փոխհատուցում տրամադրելու համար, բնակիչների հնարավորություններն էլ սուղ են։ Իսկ այլընտրանքային տարբերակները դեռևս շոշափելի արդյունք չեն տալիս։
Կապ հաստատեցինք տանտերերից մեկի՝ Անդրանիկ Առաքելյանի հետ։ Նրա խոսքով՝ ոչինչ չի փոխվել, տներն ավերված են, ինքն էլ ապրում է հարևանի տանը։ Ասում է՝ անցած տարի ընդամենը 100 հազար դրամով համայնքն է օգնել, նույնքան էլ՝ մարզպետարանը, ուրիշ ոչ մի բան։ Մեր հիշեցումը, որ պետությունը մեծ հաշվով որևէ պարտավորություն չունի, Անդրանիկ Առաքելյանն ընդհատում է․ «Մարզպետն ասում է, որ պետությունը պարտավոր չէ, բայց պարգևավճար է ստանում։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ իրեն պարգևավճար է հասնում, իսկ մեզ օգնություն՝ ոչ»։ Անդրանիկ Առաքելյանը որոշակի պահանջ է ներկայացնում․ «Իմ պահանջն այն է, որ մեր տները վերանորոգեն կամ փոխհատուցեն։ Իմ տան նորոգումը 20-22 միլիոն է արժենում։ Գոնե սրա կեսը տան, չորս սենյակի փոխարեն երկուսը կնորոգեմ, դա էլ չեն տալիս»։
Իսկ հարևան տան բնակիչ Վարդան Բաղդասարյանը հույսը միայն իր վրա է դնում․ սեփական ուժերով նորոգում է սկսել։ «Իսկ ի՞նչ անեմ, եթե օգնող չունեմ, ստիպված իմ ուժերով եմ անում։ Այժմ մի անկյունի հատվածն եմ նորոգում, որ ընտանիքս մի տեղ լինի։ Մեկ միլիոնի ծախս եմ արել։ Մնացածի համար պատրաստվում եմ վարկ վերցնել»։
Լսեցինք նաև համայնքապետ Ներսես Շադունցին, ով, սակայն, դժվարացավ ելքի այլընտրանքային տարբերակներ առաջարկել։ «Գյուղում վաճառքի հանված տներ կան, մարզպետն առաջարկեց այդ տներից գնել ու տալ տուժողներին»։ Այս առթիվ տուժողներից Անդանիկ Առաքելյանն ասում է․ «Վաճառքի հանված տները գրեթե չեն տարբերվում այրված տներից։ Այսինքն՝ էլի մեծ ծախս պետք է անեմ։ Տունը 3․5 միլիոն է, տալի՞ս են, չեն տալիս»։
Կառավարության դիրքորոշումը հայտնի է․ չկա ապահովագրություն, չկա պարտավորություն։ Ելքերից մեկն է այլընտրանքային օգնությունը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հանդես էր եկել այլընտրանքային լուծման առաջարկով․ դիմել էր բարեգործների օգնությանը։ Մեկը խոստացել էր աջակցել շինանյութով, բայց առ այսօր արտերկրից չի վերադարձել Հայաստան։
Վերջաբանի փոխարեն որոշակի դիտարկումներ անենք։ Համաձայն մեր երկրի որդեգրած քաղաքականության՝ մենք գնահատական չենք տալիս կատարվածին։ Տուժողներից Լազր Առաքելյանի դուստրը՝ Թերեզա Առաքելյանը, նախկինում մեզ հետ ունեցած հարցազրույցի ժամանակ նշել էր, որ դեպքից առաջ Սեդան լույս չուներ, դիմել էր էլեկտրիկին, սակայն նա ոչ մի օգնություն չէր ցուցաբերել։ Տներից մեկը վերանորոգում էին, դեպքից առաջ Սեդան վարպետներին ասել էր, որ իզուր չչարչարվեն, քանի որ մեկ է՝ այդ տները վառելու է։ Որ նա հոգեպես անառողջ էր, գիտեին համագյուղացիները, սակայն շարունակ լռում էին՝ այդպիսով ցուցաբերելով անտարբերություն։ Վառ օրինակը էլեկտրիկն է, վարպետները, բարեկամները, իհարկե, պետական և համայնքային կառույցները։ Եթե մտահոգ լինեին քաղաքացու ճակատագրով, Սեդան վաղուց նյարդահոգեբուժական դիսպանսերում կլիներ։
Կարծում եմ, հասկանալի է, որ տուժած Անդրանիկ Առաքելյանի և Վարդան Բաղդասարյանի մտածելակերպերի միջև տարբերություն կա։
Անդրանիկ Առաքելյանը այն մարդկանց թվին է պատկանում, ովքեր մշտապես խնդրի լուծումներ ու աջակցություն ակնկալում են ուրիշից։ Եվ նրանք գրեթե պարտավորություն չեն զգում այս կամ այն հարցում, անգամ երբ դա իրենց է վերաբերում։ Արդարացի չէ, որ որևէ բան ինքդ չես ձեռնարկում, չապահովագրված տան համար պետությունից մեծ գումար ես պահանջում։
Իսկ Վարդան Բաղդասարյանը եղածի համար «սեփական կոշիկներին» մեղադրողներից չէ։ Ոչ թե գոռում-գոչում է, այլ՝ գործ անում։ Բայց այս պարագայում այլ մտավախություն կա։ Հնարավոր է, որ Վ․ Բաղդասարյանի օրինակը հանգիստ մնալու ուղերձ է ուրիշներին։ Ինչո՞ւ բարեգործը դեռևս չի կատարել իր խոստումը․ գուցե պատգամավոր Արմեն Խաչատրյանը համոզի՞չ չի խնդրել աջակցել։ Հարկավոր է, որ պետությունը, որի բյուջեն գոյանում է մեր հարկերից, օր առաջ մտածի նմանատիպ իրավիճակների դեպքում քաղաքացիներին աջակցելու օրենք ընդունելու մասին։
Անուշ Միրզոյան