ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ինչ անել չհիվանդանալու համար
20:00 08.11.2019

Ինչ անել չհիվանդանալու համար

Աշնանը սուր շնչառական վարակները ակտիվանում են: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընթացիկ տարվա 40-րդ շաբաթից սկսվել է սուր շնչառական վարակների սեզոնը, որը կձգվի մինչև գալիք տարվա 20-րդ շաբաթը, այսինքն՝ մայիս։ «Ըստ մեր տվյալների՝ այն, ինչ որ դիտարկվում է Սյունիքի մարզում, հիվանդացությանը բնորոշ է և օրինաչափ այս սեզոնի համար։ Եթե ինտենսիվության չափանիշներով գնահատենք, ապա մարզում ինտենսիվություն չի դիտվում, այլ դիտվում է տարեշրջանի տվյալ ժամանակահատվածին համահունչ հիվանդացության մակարդակ», - ասաց  մասնագետը։

Լիանա Թորոսյանը նաև հայտնեց, որ հանրապետությունում դեռ գրիպի հարուցիչներ չեն շրջանառվում, գրիպով հիվանդներ չկան, և ընդգծեց, որ գրիպն ու սուր շնչառական վարակները տարբեր են։ «Շնչառական վարակները ավելի շատ ասոցացվում են հարբուխների  արտահայտվածությամբ, ցածր ջերմությամբ և որպես կանոն թեթև են անցնում, գրիպի դեպքում հիվանդությունը արդեն ընթանում է բավականին ծանր, մասնավորապես խոցելի խմբերի շրջանում ուղեկցվում է բարձր ջերմությամբ, մկանային ցավերով, հոդացավերով, կարող է նաև քթից արյունահոսություն լինել»։

Շնչառական վարակների նկատմամբ երեխաները ավելի խոցելի են։ Նրանք ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների հանդեպ նվազ դիմադրողականություն ունեն։ 

Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում դիմելիության աճ չի գրանցվել։ Բաժանմունքի վարիչ Արարատ Հարությունյանը տեղեկացրեց, որ իրավիճակը վերահսկելի է, նոր վիրուսներ չեն հայտնաբերվել։ Մանկաբույժի խոսքով՝ օրական 5-6 հիվանդ է դիմում բուժկենտրոն, թիվը, ըստ Արարատ Հարությունյանի, քիչ է նաև այն պատճառով, որ պոլիկլինիկայի մանկական կոնսուլտացիան բավականին լավ է աշխատում, և հիվանդների հիմնական հոսքը այնտեղ է լինում։

Բժիշկ Արարատ Հարությունյանը մատնանշեց սուր շնչառական վարակները կանխարգելելու գլխավոր  նախապայմանը՝ սահմանափակել հիվանդ երեխաների հաճախումը կրթական հաստատություններ, օդափոխել տարածքը, երեխաներին ավելի հաճախ հանել մաքուր օդում զբոսնելու, կատարել որոշակի հակավիրուսային միջոցառումներ։ Ինչպես նաև կարևոր է ակտիվացած վիրուսային վարակների դեմն առնելու համար ժամանակին դիմել բժշկի և տնային պայմաններում ինքնաբուժությամբ չզբաղվել։

Գրիպով չհիվանդանալու համար անհրաժեշտ է՝ եղանակին համահունչ հագնվել, օգտագործել շատ հեղուկ, հեռու մնալ հիվանդ մարդկանցից, դիմակներ կրել։

Նելլի Միրզախանյան

20:00 08.11.2019

Ամենաշատ ընթերցվածները