ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Շներին պաշտպանե՞լ, թե՞ շներից պաշտպանվել
16:00 09.11.2019

Շներին պաշտպանե՞լ, թե՞ շներից պաշտպանվել

Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Այսուհետ օրենքով արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի որևէ դրսևորում: Սահմանված տույժերը սկսվում են 100 հազար դրամից, ընդհուպ մինչև ազատազրկում:

Իհարկե, ընդունված օրենքը հումանիստական տեսանկյունից ճիշտ է, սակայն կենդանիներին պաշտպանելուց բացի՝ հարկավոր է ապահովել նաև քաղաքացիների անվտանգությունը: Օրինակը բերենք թափառող շների վրա, որոնց թիվը վերջին շրջանում աճել է: Պարբերաբար ագրեսիվ վարք դրսևորած կենդանիները հարձակվում են մարդկանց վրա: Անասնաբույժ, համաճարակաբան Ռիմա Հարությունյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ լեշմանիոզը և ճճվակրությունը շնից մարդուն ամենահեշտ փոխանցվող հիվանդություններից են՝ չհաշված տհաճ հիվանդությունների մի այլ փունջ:

Մասնագետի կարծիքով՝ ամենաճիշտ տարբերակը մեկուսարանի հիմնումն է, որտեղ կբերվեն կենդանիները, այնուհետ կստերջացվեն: 

Նախկինի պես չի ստացվի

Կապանից բացի՝ նույն խնդիրը նկատվում է նաև Սիսիանում: Թափառող շների ոհմակները հասնում են բնակելի շենքերի մուտքեր, ցաքուցրիվ անում բակերի աղբամանների պարունակությունը: Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանը իր խոսքում նշեց. «‎Բողոքողների քանակը օրեցօր ավելանում է, իսկ օրենք ընդունողները խնդրի լուծման ոչ մի տարբերակ չեն առաջարկել, մինչև մի որոշման սպասենք, քաղաքը կլցվի շներով: Նախկինում մենք որսորդի հետ կնքած պայմանագիր ունեինք, շները սպանվում էին և թաղվում քաղաքից հեռու մի տեղ: Բա հիմա ի՞նչ անենք, համապատասխան որոշմանը ինչքա՞ն սպասենք»:

Կապանի համայնքապետարանից նույնպես տեղեկացանք, որ օրենքի ընդունումից հետո կսպասեն հետագա հրահանգավորումների: Իսկ ահա Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը վստահեցրեց, որ համայնքում տևական ժամանակ է, ինչ սպանդ չի իրականացվում, շներն էլ անհանգստություն չեն պատճառում, հարձակման դեպքեր չեն արձանագրվել: Կարծում է՝ պատճառը աղբահանության ռեժիմի կարգավորումն է և աղբավայրի՝ քաղաքից հեռու գտնվելը:

Իսկ ի՞նչ կլինի հետո

Մեզ հետ ունեցած զրույցում Նաիրա Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել, թե ինչպես վարվել վտանգ ներկայացնող կենդանիների հետ:  «Սա նախագծերի փաթեթ է, և առաջին փուլում ընդունել ենք կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնելու նախագիծը, հիմա արդեն  պատրաստում ենք կենդանիների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի նախագիծ»: Պատգամավորի խոսքից հասկացանք, որ հենց այդ նախագծի մեջ էլ լինելու է մեզ հուզող հարցերի պատասխանը: Նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել նախագիծը: «Բայց դա չի նշանակում, որ հենց հունվարից շների համար նախատեսված ապաստարանները կսկսեն գործել, օրենքը պետք է ունենանք, որ սկսենք կյանքի կոչել դրույթները», - ասաց պատգամավորը։

Իսկ ինչպե՞ս է ուրիշների մոտ

Գերմանիան աշխարհի առաջին երկիրն է, որտեղ կենդանիների պաշտպանության մասին կետ է ներառված սահմանադրությունում: Այս երկրում պաշտոնապես ընդունված է կենդանիների պաշտպան մասնագիտությունը:

Չինաստանում էլ է գործում հետաքրքիր օրենք, ըստ որի՝ մեկ բնակարանում թույլատրվում է պահել մեկ շուն: Օրենքի կիրառումը նպատակ ունի հնարավորինս նվազեցնել կենդանու՝ փողոցում հայտնվելու հավանականությունը:

Իսկ Ֆրանսիայում յուրաքանչյուր ընտանի շուն ունի տեղադրված չիպ, որում նշված է տիրոջ և կենդանու մասին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը, ինչը նվազեցնում է շան՝ առանց հսկողության դրսում հայտնվելու հավանականությունը: Պահանջի որևէ կետ անտեսելու դեպքում տերը կտուգանվի 450 եվրոյով:

Անի Գրիգորյան

16:00 09.11.2019

Ամենաշատ ընթերցվածները