ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Երբ սպառվում է պետպատվերի թիվը
17:00 09.11.2019

Երբ սպառվում է պետպատվերի թիվը

Հայաստանում մի շարք քաղաքացիներ, ովքեր ընդգրկված են հատուկ խմբերի մեջ, ըստ ՀՀ կառավարության ընդունած որոշման՝ բժշկական ծառայություններից անվճար օգտվելու իրավունք ունեն: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն 30-ից բարձր  անապահովության միավոր ունեցող նպաստառուները, 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 18 տարեկանները, զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, ծերանոցներում և մանկատներում խնամվողները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն ու նրանց հավասարեցված անձինք և այլն:
Իսկ երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը սահմանվում է կառավարության 2004թ․ մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման 4-րդ հավելվածով: 

Սակայն երբեմն անվճար բուժօգնության համար հատկացվող ֆինանսական միջոցները սպառվում են կամ չեն հերիքում, ինչն էլ դժգոհության պատճառ է դառնում: Նրանք, ովքեր անվճար բուժսպասարկում ստանալու իրավունք ունեն, հաճախ չեն կարողանում օգտվել այդ հնարավորությունից և ստիպված դիմում են վճարովի ծառայությունների: Անվճար բուժօգնությունից օգտվելու համար քաղաքացին ամիսներ շարունակ ստիպված է լինում սպասել: Ոմանք սպասում են, իսկ ոմանք էլ գնում են գումար փնտրելու:

Պետպատվերից օգտվելու իրավունք եմ ունեցել, բայց միշտ գումար եմ վճարել 

Տիկին Մարինեն, ով պետպատվերից օգտվելու իրավունք է ունեցել, միշտ ամեն տեղ գումար է վճարել:

«Որպես զինվորի մայր և 3-րդ կարգի հաշմանդամ՝ բժշկական ծառայություններից անվճար օգտվելու իրավունք եմ ունեցել, սակայն մինչ օրս միայն վճարովի ծառայություններից եմ օգտվել», - նշում է տիկին Մարինեն:

Նրա խոսքով՝ հիվանդանոցներում տարբեր պատճառաբանումներ էին առաջ քաշում՝ ասելով՝ կամ հիվանդանոցը պետպատվերի համար պայմանագիր դեռ չի կնքել, կամ էլ պետպատվերի թիվն է սպառվել:

«Ինձ շտապ պետք է վիրահատեին, բայց հիվանդանոցում ասացին՝ տարեվերջ է, և պետք է սպասել: Պետք է գրանցվեի և տարեսկզբին վիրահատվեի, բայց քանի որ հարցը հրատապ էր, իմ միջոցներով գնացի վիրահատության», - նշում է զրուցակիցս:

Նշում է նաև, որ ոչինչ հաշվի չեն առնում ՝ ո՛չ հրատապություն, ո՛չ էլ՝ ծանր վիճակ: Նույն իրավիճակում հայտնվել է երկրորդ անգամ՝ այդ դեպքից 3 ամիս անց:

«Գնացի հույսով, որ տարին նոր է սկսվել, հետևաբար պետպատվերի թիվը դեռ չի վերջացել: Սակայն այդ անգամ էլ ասացին՝ տարին նոր է սկսվել ու մեր հիվանդանոցի հետ դեռ պատպատվերի պայմանագիր չեն կապել, իսկ երբ պետպատվեր լինի, կզանգենք: Բայց քանի որ կրկին սպասել չէի կարող, նորից իմ միջոցներով վիրահատվեցի», - նշում է տիկին Մարինեն:

Նրա կարծիքով՝ հիվանդանոցներում վճարովի ծառայությունները միանգամից են իրականացնում, բայց երբ հերթը հասնում է անվճար բուժվելուն, նոր խնդիրներ են առաջ գալիս. «Վիրահատության համար 3 միլիոն դրամ եմ վճարել, բայց իրավունք ունեի ամենը անվճար անել: Ինչի՞ համար է ստեղծված անվճար բուժում ստանալու համակարգը, եթե մարդիկ, միևնույն է, գումար են վճարելու»:

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է

Ըստ 2004թ․ մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը կարող են կազմակերպվել բժշկական կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման և ապահովագրության պայմանագրերի ձեռքբերման միջոցով, այդ շրջանակում բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը:
Առողջապահության նախարարությունը նշում է, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող  բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված  անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում  ծառայություններն իրականացվում են տվյալ կազմակերպության տարեկան պայմանագրային գումարի սահմաններում՝ ամսական կտրվածքով հաստատված տվյալ ծրագրի համամասնությունների չափով: 

Եթե ամսական համամասնությունները սպառվել են, ապա բուժօգնությունը տրամադրվում է հերթագրման սկզբունքով: Այսինքն, եթե հիվանդը դիմում է հիվանդանոց, բայց պետպատվերի թիվը սպառվել է, ապա պետք է հերթագրվի և սպասի իր հերթին:

Սակայն նշված խմբերից ոչ բոլորն են հերթագրման ենթակա: Կառավարության 2004թ․ մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման համաձայն՝ հերթագրման ենթակա չեն անհետաձգելի բժշկական օգնությունը, կառավարության կողմից հաստատված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, հոգեկան և նարկոլոգիական հիվանդների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը, ծննդօգնությունը և արտահիվանդանոցային բժշկական օգնությունը (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների):

Միևնույն ժամանակ  հերթագրվածները  մինչ սպասարկում ստանալու ժամկետը կարող են դիմել նաև այլ կազմակերպությունների: Այդ դեպքում ավելի վաղ պատասխան ստանալու հնարավորություն կա:
«Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակում հերթագրված հիվանդը, մինչև հերթագրմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ժամկետը, բժշկական օգնություն ստանալու համար կարող է դիմել նաև պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ բժշկական կազմակերպություններ», - նշում է առողջապահության նախարարությունը: Իսկ հերթագրումների և առկա տեղերի մասին նախապես կարելի է տեղեկանալ առողջապահության նախարարության պաշտոնական moh.am  կայքէջի «Պետական պատվեր, հերթագրում» դարանից:

Հերթերի և ոչ լիարժեք բուժման համար լուրջ պատճառ են սուղ ֆինանսական միջոցները:

Նախարարությունը տեղեկացնում է. «2019թ․ տարեսկզբին պետական բյուջեից Առողջապահության նախարարությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համար տրամադրվել է մոտ 43,42 միլիարդ դրամ գումար, իսկ արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համար մոտ 32,97 միլիարդ դրամ»:

Սակայն նախարարության իրականացրած հաշվարկներով՝ բնակչությանը բժշկական օգնության տրամադրման պահանջների բավարարման համար նշված գումարները պակաս են մոտ 4 անգամ:

Մանե Բաբայան

17:00 09.11.2019

Ամենաշատ ընթերցվածները