ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սանիտարահիգիենիկ պայմանները սպասարկման ոլորտում
19:00 09.11.2019

Սանիտարահիգիենիկ պայմանները սպասարկման ոլորտում

Վերջերս մթերային խանութներից մեկում վաճառողին խնդրեցի երշիկ կտրատել, երշիկը մաքրելու ընթացքում վաճառողի ձեռքից դանակը ընկավ, բայց նա առանց մտածելու գետնից վերցրեց և շարունակեց գործը: Եվ սա միակ դեպքը չէ: Առօրյայում կարելի է նույն իրավիճակին հանդիպել տարբեր խանութներում, երբ վաճառողը նույն դանակով կտրում է պանիր, երշիկ, հաց, և այդ դանակը ամբողջ օրվա ընթացքում մնում է ոչ հիգիենիկ տարածքում: Սա ևս սպառողի՝ տարիներ շարունակ լռելու հետևանքն է:  

Բազմիցս է բարձրաձայնվել սպառողների իրավունքների ոտնահարման, հատկապես հացի և հացաբուլկեղենի շուկայում տիրող հակասանիտարական վիճակի մասին: Հացի շուկայում լուրջ խնդիր էր հացի ոչ հիգիենիկ առաքումը: Նախկինում արտադրամասից խանութ հացը առաքիչները տեղափոխում էին ոչ հիգիենիկ պայմաններում՝ ավտոմեքենաների կեղտոտ թափքերում, բաց արկղերով, առանց ձեռնոցների, և ոչ բոլոր հացերն էին առաքվում ու վաճառվում համապատասխան փաթեթավորմամբ: Սակայն 2017թ․ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած որոշման համաձայն՝ հացը տեղափոխվում է միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով, ինչը որոշ չափով լուծել է այդ հարցը։ Սակայն իրավիճակը նույն կերպ շարունակվում է խանութում, և վաճառողը առանց ձեռնոցի հացը տալիս է գնորդին, երբեմն նույնիսկ առանց փաթեթավորման:

Փոփոխությունների սպասելիս

Բայց ակնհայտ է, որ ոլորտում էական փոփոխություններ նկատելի չեն: Գյուղական բնակավայրում լինի թե քաղաքում՝ պետք է յուրաքանչյուր վաճառակետ համապատասխանի սանիտարական նորմերին։ Ըստ ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների  սահմանած նորմերի՝ վաճառողը պարտավոր է՝ օբյեկտը պահել մաքուր վիճակում, խստորեն պահպանել սննդամթերքի պահպանման պայմանները, իրացման ժամկետները, մթերքի թույլատրելի հարևանությունը և իրացման կանոնները, պահպանել մթերքը աղտոտումից, անձնական հիգիենայի կանոնները, աշխատել մաքուր սանիտարական հագուստով: Այն, որ նշված կետերից գրեթե ոչ մեկը ամբողջապես չի իրականացվում, մենք ամեն օր կարող ենք համոզվել խանութ մտնելիս: Պարենահումքը և սննդամթերքը պետք է փոխադրվեն հատուկ փոխադրամիջոցներով՝ տեղափոխվող մթերքին համապատասխան մակնշմամբ («Միս-մսամթերք», «Կաթ-կաթնամթերք», «Թռչնի միս», «Հավկիթ», «Հաց-հացամթերք» և այլն): Փոխադրամիջոցների ներսի մակերեսը պետք է պատված լինի սննդամթերքի հետ շփման համար նախատեսված, հեշտությամբ լվացվող ու ախտահանվող նյութերով: Վարորդ-առաքողը պարտավոր է ունենալ մաքուր սանիտարական հագուստ և պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Պահանջատեր լինելու համար անհրաժեշտ է նախ գիտակցել բոլոր հնարավոր ռիսկերը նշված նորմերը խախտվելու պարագայում: Սա կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների, վարակների տարածման համար և էլ ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ: 

Կարևոր է նաև

Իրավիճակը էլ ավելի լուրջ է գեղեցկության սրահներում, հատկապես մատնահարդարման սրահում: Այստեղ սանիտարահիգիենիկ պայմանների նույնիսկ աննշան խախտման դեպքում հետևանքը կարող է անդառնալի լինել: Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելիս մասնագետը պետք է աշխատի մեկանգամյա օգտագործման պարագաներով, պարտադիր օգտագործի ձեռնոց և դիմակ, իսկ հիմնական գործիքները ախտահանի համապատասխան միջոցներով: Աշխատանքը պետք է իրականացվի հիգիենիկ պայմաններում, իսկ սկսելուց առաջ մասնագետը պետք է ախտահանի իր ձեռքերը և հաճախորդի ձեռքերը/ոտքերը:

Գեղեցկության սրահ այցելելիս մի՛ ամաչեք հարցնել՝ արդյոք ախտահանված են գործիքները, կամ որևէ ոչ հիգիենիկ բան նկատելիս անմիջապես հայտնե՛ք ձեր մտահոգությունը: Քիչ չեն դեպքերը, որ ոչ ախտահանված գործիքների պատճառով ինչ-ինչ հիվանդություն է տարածվել մի շարք հաճախորդների շրջանում: Երբեմն այդ հիվանդությունները համատեղելի չեն լինում կյանքի հետ: Այնպես որ, այս կարևոր դետալներից է կախված ձեր առողջական վիճակը: 

Նրանք, ովքեր պատրաստվում են հաճախել դաջվածքի սրահ կամ դաջվածք անել, ևս պետք է համոզված լինեն, որ սրահը համապատասխանում է բոլոր սանիտարահիգիենիկ նորմերին: Դաջվածքի համար անհրաժեշտ են հիգիենիկ պայմաններ և ճիշտ խնամք: Մասնագետներն ասում են, որ դաջվածք պետք է անել մեկանգամյա օգտագործման համար նախատեսված գործիքներով, որպեսզի վարակ չանցնի: Դաջվածք անողը պետք է աշխատի ձեռնոցներով, մաքուր սենյակում, իսկ վերջում հաճախորդին անպայման տեղեկացնի, թե ինչպես խնամի դաջվածքը:

Սոնա Օհանջանյան

19:00 09.11.2019

Ամենաշատ ընթերցվածները