ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Մենք կորցրել ենք մեր մշակույթը»․ Ռ․Հախվերդյան
21:00 09.11.2019

«Մենք կորցրել ենք մեր մշակույթը»․ Ռ․Հախվերդյան

Ձյունը գալիս է դանդաղ,

Ձյունը իր երգն է երգում,

Ձյունը իջնում է թեթև,

Ձյունն իր հեքիաթն է պատմում․․․

Սրանք Ռուբեն Հախվերդյանի երգերից մեկի տողերն են։ Նրա երգերը միշտ երիտասարդ են ու սիրված։ Դրանք մարդուն վայրկենապես տեղափոխում են մանկության հուշեր ու շոյում հոգու նուրբ լարերը։ Երգահանը վերջերս համերգային ծրագրով Կապանում էր։ Առիթը բաց չթողնելով՝ նրա հետ զրուցել ենք մի շարք հարցերի շուրջ։ 

Կենսագրական 

Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950թ․ թատերագետներ Լևոն Հախվերդյանի  և Սոնա Այունցի ընտանիքում։ 1968-1969թթ․ սովորել և ավարտել է Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը։ Նույն տարիներին ուսմանը զուգընթաց աշխատել է հեռուստատեսությունում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1971թ․ երկամսյա պրակտիկա է անցել Մոսկվայի Սատիրայի թատրոնում՝ Մարկ Զախարովի մոտ։ Բեմադրություններ է արել ու խաղացել   Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» ու «Անվերջ վերադարձ» ֆիլմերում։ Արժանացել է Մովսես Խորենացի և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների։ Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Մշակույթը կորցրել ենք

Ռուբեն Հախվերդյանն ասում է՝ ինչպես քարտաշն է աշխատում քարի վրա կամ հյուսնը՝ փայտի, այնպես էլ ինքը՝ երգի։ Նրա երգերը պարզ են ու անկեղծ, երգում է այն ամենի մասին, ինչ տեսնում է և ինչ շատերը չեն տեսնում։ «Նրանք չեն տեսնում հատկապես ձմռանը կիսաքաղցած թոշակառուներին, դժբախտներին։ Տեսնում են բախտավորներին, չնայած ես չակերտների մեջ կվերցնեմ այդ բառը, նման մարդիկ, ինչպես սուրբ գիրքն է ասում, որտեղ ոսկին է, այնտեղ իրենց սիրտն է»։

Հարցին, թե արդյո՞ք մեր կառավարությունը հստակ ձևակերպել է, թե ինչպիսի մշակույթ ենք մենք ուզում ունենալ, Ռ․Հախվերդյանը պատասխանում է․ «Մենք մեր մշակույթը կորցրել ենք։ Մեր մշակույթը մեր հայերենն է, շատերն են հայերեն բառեր ասում, բայց շարահյուսական սխալներով։ Խոսքը օտար բառեր օգտագործելու մասին չէ, այլ հայերեն մտածելու։ Մեզ վրա բացասական ազդեցություն ունեցան ռուսական դպրոցները։ Քանի որ մայրենի լեզվի հետ համահավասար նաև ուսուցանվում էր ռուսերենը։ Ես ռուսերեն խոսում եմ մայրենի լեզվի նման, եթե չգիտես քո լեզուն, մնացածին էլ կիսատ-պռատ կտիրապետես։ Մեզ մոտ, ինչպես ֆրանսերենում, շեշտը դնում են վերջին վանկի վրա։  Սակայն այժմ շատերը դնում են առաջին վանկի վրա, ինչը անընդունելի է։ Նրանք շարահյուսության և շեշտադրման առումով գրագետ չեն։ Այսօր մեզ խեղդում է ագրեսիվ տգիտությունը»։ Արվեստագետը նշում է, որ այսօր վեհ արժեքներին փոխարինելու եկան կեղծ արժեքները։ «Օրինակ բերեմ․ Անդրանիկ Մարգարյանը, չնայած խմող տղա էր (կեսկատակ-կեսլուրջ), բայց չեմ հասկանում, թե ինչու նրան թաղեցին պանթեոնում՝ Կոմիտասի կողքին։ Կամ Գոհար Գասպարյանը մահացավ, նրա թաղմանը ավելի քիչ մարդ եկավ, քան ավտովթարից մահացած մի աղջկա, ում երգերից ոչ մեկը չեմ հիշում»։

Ժամանակակից երգիչների մի մասը գրականություն չի կարդացել, ասում է՝ արդեն ուշ է նրանց համար։ «Մարդիկ, ովքեր չեն կարդացել «Պույ-պույ մկնիկը», «Գանձերի կղզին», դժբախտ մարդիկ են։ Նրանք թուրքական մեղեդիներ են վերցնում ու հայերեն բառեր դնում։ Ցավոք, տարբերություն չեմ դնում նման կերպ երգողների ու այդ երգերը լսողների միջև։ Նրանք չգիտեն՝ ինչ է հայեցի երգելը և որ երգը լեզվամտածողություն է։ Ցավոք սրտի, Հենրիկ Հովհաննիսյանից ու իր որոշ աշակերտներից բացի՝ այլ արվեստագետներ չունենք, - նշում է Ռ․Հախվերդյանը և հավելում, - զտարյուն արվեստագետ է Դանիել Երաժիշտը։ Ցավոք սրտի, չունենք նաև արվեստը վերլուծողներ»։

Հեղափոխություն չի եղել

«Մեր երկրում տեղի ունեցածը հեղափոխություն չէր։ Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին պատրաստում էին թագադրության։ Այն, ինչ արվում է, արվում է ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ Ցավոք սրտի, մենք դեռևս դրանց ազդեցության տակ ենք։ Մի առիթով էլ ասացի՝ ԱԱԾ-ն փակենք, քանի որ դա ազգային վտանգավորություն է»։

Երգիչը նշում է, որ մենք առայժմ ապրում ենք մի կայսրության մեջ, որը մեզ ստիպում և թելադրում է ապրել իր օրենքներով։ Բայց պետք է գա ժամանակ, երբ ասենք, որ ստրուկ չենք։ Մենք ենք մեր երկրի ապագան։ Ապրել են մեր նախահայրերը և որոշ բաներ մեզ փոխանցել, վտանգավոր կլինի, երբ փորձեն կտրել դա։

Ռուբեն Հախվերդյանը մեծ ժողովրդականություն վայելող արվեստագետներից է, ում երգերում միտք կա։

Անուշ Միրզոյան

21:00 09.11.2019

Ամենաշատ ընթերցվածները