ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գովազդը՝ ներգործության հզոր զենք
15:00 10.11.2019

Գովազդը՝ ներգործության հզոր զենք

Մեզնից յուրաքանչյուրը Coca-Cola հյութերը ասոցացնում է ամանորի հետ, քանի որ դրանք ունեն ամենահեքիաթային գովազդային հոլովակը: Սա խոսում է այն մասին, որ գովազդը ոչ միայն ապրանքի ներկայացումն է սպառողին, այլև տրամադրություն և զգացմունքներ ձևավորող գործոն: 

Գովազդն այն հզոր զենքն է, որն օգնում է արտադրատեսակներին շուկայում վայելել մեծ պահանջարկ և վաճառվել մեծ բաժիններով: Գովազդով ընկերությունները մեզ հիշեցնում են իրենց ապրանքատեսակների մասին կամ տեղեկացնում նոր ապրանքատեսակի ստեղծման մասին: 21-րդ դարում գովազդը դարձել է ժամանակակից մարդու մշտական ուղեկիցը: Ցանկանում ենք մենք, թե ոչ, գովազդը, ներգործելով առանձին անհատների վրա, մեծ դեր է խաղում հասարակության կյանքում, ունի հզոր հոգեբանական ուժ, որն ազդում է մեր գիտակցության վրա և ստիպում գնել այս կամ այն ապրանքը:

Գովազդներ կարելի է տեսնել ամենուր՝ մեքենաների վրա, ավտոբուսներում ու մետրոյի գնացքների մեջ, գովազդային վահանակների վրա, հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերում  և զանգվածային այլ լրատվամիջոցներով: Գործածվող հնարքները շատ-շատ են, բայց դրանց հիմնական նպատակը մարդու վրա հոգեբանական գրոհն է: Ներխուժելով հասարակության բոլոր հատվածների առօրյա (երիտասարդ և մեծահասակ, հարուստ և աղքատ, գրագետ և տգետ)՝ գովազդը ազդում և ներգործում է, ազդեցությունը երկարաժամկետ է և անուղղակի։ Այնպիսի հատկություններ, ինչպես սպառողական հոգեբանությունը, ձևավորվում են գովազդի՝ տարիներ տևող մշտական, կայուն ազդեցության ներքո։ 

«Պետք է հիշել, որ գովազդը ստեղծվում է կոնկրետ միջավայրում՝ որևէ հասարակության վրա ներգործելու նպատակով: Գովազդը չի կարող արդյունավետ լինել, եթե հաշվի չառնի այդ հասարակության բազմաթիվ առանձնահատկությունները, լինեն դրանք մշակութային կամ անհատական: Մանիպուլյացիան գովազդի հիմնական բաղադրիչներից է, որի շնորհիվ է գովազդը թողնում այն ազդեցությունը, որի համար նախատեսված է: Կարծում եք՝ կարո՞ղ եք չընկնել դրա ազդեցության տակ: Դա այդքան էլ հեշտ չէ, քանի որ այդ գովազդներն այնքան անսպասելի  ձևով են մեզ մատուցվում, որ չենք էլ հասցնում գիտակցել, որ մեզ վրա ազդեցություն գործեցին, առավել ևս, որ այդ ազդեցությունը գովազդային բնույթի է», - ասում է հոգեբան Հասմիկ Սիմոնյանը: 

Գովազդը պետք է համապատասխանի այն ապրանքին կամ ծառայությանը, որը ներկայացնում է, ունենա տրամաբանական կապ ապրանքի և ցուցադրվող պատկերների, ներկայացվող պատմության, հնչող երաժշտության և ձայների միջև: Հակառակ դեպքում սպառողը կկորցնի իր հետաքրքրությունը դրա նկատմամբ կամ ուղղակի կնյարդայնանա:

Հոգեբանները պնդում են, որ շատ հաճախ գովազդները վատ ազդեցություն են ունենում մարդկանց, հատկապես երեխաների և տարեցների վրա, քանի որ նրանք համարվում են խոցելի խումբ, և հիմնականում հենց նրանք էլ հավատում են գովազդում տրվող տեղեկատվությանը: Մանկական ապրանքների գովազդը հիմնվում է այսպես կոչված «nag factor»-ի վրա: Դրանք ոգեշնչում են երեխաներին որոշ ապրանքների ձեռքբերմանը, քանի որ, ըստ ընդունված կարծիքի, դրանք նրանց դարձնում են ավելի զիլ և պահանջված հասակակիցների շրջանում: 

«Գովազդատուները շահույթ ստանալու նպատակով ծախսում են տարեկան ավելի քան 12 միլիոն դոլար` առանց գիտակցելու կամ հաշվի առնելու, թե ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ հատկապես երեխաների համար: Այսօրվա  գովազդները լի են գունագեղ ու շարժողական օբյեկտներով և հերոսներով, սակայն ծնողները չեն հասկանում, որ շատ հեռուստացույց դիտելը երեխաների մեջ կարող է բերել գիրության, իսկ բռնության տարրերով տեսաշարերը` ագրեսիվ վարքագծի զարգացման, կարծրատիպերի առաջացման, անձի ինքնագնահատականի խաթարման և հոգեբանական այլ լուրջ փոփոխությունների: Այս հարցում մայրերը ևս պետք է ղեկը վերցնեն իրենց ձեռքը` ուղղորդելով իրենց երեխաների բնականոն աճը», - ասում է հոգեբանը:

Մի շարք հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ ամերիկյան դեղագործական ընկերությունները գովազդի վրա ծախսում են երկու անգամ ավելի շատ գումար, քան դրանց հայտնագործման և մշակման: 

Ճիշտ մշակված մարքեթինգային և գովազդային քաղաքականությունը բիզնեսի զարգացման կարևորագույն քայլերից մեկն է: Գովազդը, մարդկանց ներկայացնելով ցանկալի տեսանկյունից, կապահովի աներևակայելի բարձր ցուցանիշներ: Այնուամենայնիվ, գովազդատուները պետք է հիշեն, որ գովազդի համար կան սահմանված օրենքներ, և դրանց խախտման դեպքում նախատեսվում է պատիժ։

Սոնա Օհանջանյան

 

15:00 10.11.2019

Ամենաշատ ընթերցվածները