Մամուլ
Ու․Ֆոլքներ․ «Շառաչ և Ցասում»
Ամերիկյան մի ընտանիքի կործանման պատմությունն է սա։ Ասում են՝ Ուիլյամ Ֆոլքները հաճախ էր հիշեցնում, որ «Շառաչ և Ցասում»-ում չորս անգամ փորձել է պատմել իրեն հուզած պատմությունը և չորս անգամ էլ պարտություն է կրել։ Այդ փառահեղ «պարտությունը», անկասկած, հարստացրել է համաշխարհային գրականությունը։ Իսկ ինչի՞ հետ է կապված չորս թիվը։ Նույն պատմությունը շարադրում են չորս անձինք, որոնք լրացնում են միմյանց։
Քոմփսընների ընտանիքի մասին պատմող այս վեպը հասկանալու համար ընթերցողը նախ և առաջ պատրաստված պետք է լինի։ Առաջին պատումը շարադրում է ընտանիքի հիվանդ անդամը՝ Բենջին, որին նաև կոչում են «ի ծնե ապուշ»։ Նրա շարադրանքը մտքի հոսք է, որը տարբերվում է ավելի բարձր մակարդակի վրա գտնվող գիտակցության հոսքից։ Մտքի հոսքը համեմատվում է նաև ջրի հոսքի հետ, որը, բացի ջրից, կարող է բերել տիղմ, ցեխ, տերև․․․ Եթե ընթերցողը հաղթահարի այս գլուխը, կարող է հույս ունենալ, որ մյուսներն էլ կհաղթահարի։
Բենջին ավելի շատ լալիս է, և ընտանիքի մյուս անդամներն ու սևամորթ ծառաները մտահոգված են նրան զբաղեցնելով կամ լացը կտրելով։ Բենջին խոսել չի կարող։ Միայն լսում է։ Լսում է նաև քրոջ՝ Քեդիի ձայնը, որ ասում է, թե ատում է անձրևը, ամեն ինչ ատում է․ «Հետո նրա գլուխը իջավ ծնկներիս, ու ինձ գրկած՝ լաց էր լինում, ես լաց եղա։ Հետո նորից կրակին նայեցի, ու վառ, սահուն ստվերները նորից շարժվեցին։ Լսում էի ժամացույցի, կտուրի ու Քեդիի ձայնը»։ Ակնհայտ է, որ ինչ-որ բան է կատարվել քրոջ հետ։ Բայց ի՞նչ։
Եղբոր՝ Քվենթինի պատումն էլ կռահումների որոշակի տեղ թողնում է։ Խոսում է ինչ-որ բանի մասին, նախադասությունը կիսատ թողնում, անցնում մի ուրիշ մտքի։ Սա դարձյալ մտքի հոսքն է, որ գրավոր խոսքում արտահայտվում է տառատեսակի փոփոխությամբ և կետադրության բացակայությամբ․ «Հարվարդ եմ գնում։ Մենք վաճառել ենք Բենջիի Պառկել էր գետնին պատուհանի տակ գոռում էր։ Մենք վաճառել ենք Բենջիի արոտը, որպեսզի Քվենթինը Հարվարդ գնա քո եղբայրը։ Քո փոքր եղբայրը»։ Մյուս գլուխներն էլ կարդալով՝ ընթերցողը հասկանում է, որ տանը այդպես են որոշել․ վաճառել են Բենջիին պատկանող արոտը, որ Քվենթինը Հարվարդ գնա։ Քվենթինը մեկ տարի սովորում է Հարվարդում։ Բայց նրա ներսում ամեն ինչ խառնվել էր իրար։ Կատարվածը թերևս չի կարող շարքային դեպք լինել և, անկասկած, կապված է քրոջ՝ Քեդիի հետ։ Այդպես էլ կա․ «Եթե մենք կարողանայինք այնպիսի սոսկալի բան անել, որ բոլորը գլխապատառ փախչեին փախչեին դժոխքից, ու միայն մենք մնայինք։ Հայրիկ ես արյունապղծություն եմ գործել ասացի»։
Խայտառակությունը իր կնիքն էր դրել Քվենթինի խոհերի ու արարքների վրա։ Նա սառնասրտորեն գնում է դեպի ինքնասպանություն։
Արոտի վաճառքից գոյացած գումարով լուծվում է նաև Քեդիի պսակադրության հարցը։ Ճիշտ է, հետո Քեդին, ամուսնուց լքված, նորածին դստերը՝ Քվենթինային, տուն է բերում և հեռանում, որ այլևս չվերադառնա։ Նրա անունը տալն անգամ արգելված էր։ Այս և մյուս դեպքերին ընթերցողը տեղեկանում է հաջորդ գլուխներից և հավելվածից։
Կրտսեր եղբոր՝ Ջեյսընի պատումը ավելի դյուրամարս է, նույնիսկ՝ գետնաքարշ։ Նրա էությունն է այդպիսին։ Անզավակ այդ ամուրին պատեհ-անպատեհ հիշեցնում էր, որ ինքը հոր նման չի հարբել, գերեզման մտել, Քվենթինի նման Հարվարդ չի գնացել։ Ստիպված էր տունը պահել, կերակրել վեց նեգրի ու հետևել քրոջ աղջկան՝ Քվենթինային, որ դասերից չփախչի ու անառակությամբ չզբաղվի։
Ջեյսընի ուշքն ու միտքը դրամ կուտակելն է․ «Փողն էն մարդունն է, որ կարողանում է ձեռք բերել ու պահել»։ Եվ նա ամեն գնով ձեռք է բերում։ Քույրը փող է տալիս Ջեյսընին, որ կարողանա գոնե մի անգամ տեսնել դստերը։ Ջեյսընը խնայողություններ է անում, դրանց գումարում նաև յուրացրածը՝ քրոջ՝ դստեր համար ուղարկածը։ Բայց փողը դրամատանը չէր պահում։ Իր մահճակալի տակ թաքցրած արկղի մեջ էր տեղավորել․ «Նրա համար ամբողջ քաղաքը, աշխարհն ու մարդկային ցեղը, բացի իրենից, Քոմփսըն էին՝ անբացատրելի, բայց և այնպես միանգամայն կանխատեսելի այն իմաստով, որ ոչ մի դեպքում նրանց վստահել չէր կարելի»։
Ամեն ինչ ավարտվում է նրանով, որ Քվենթինան կողոպտում է Ջեյսընին ու փախչում։ Ոստիկանություն դիմել Ջեյսընը չէր կարող, քանի որ խնայողությունների հետ մեկտեղ պահում էր նաև գողացած փողը։
«Մարդիկ հրեշավոր են։ Պետք է չափազանց հավատալ մարդուն նրա հիմարությունը, վայրագությունն ու անմարդկայնությունը հաղթահարելու համար»․ ֆոլքներյան անողոք միտքը կարելի է ընդունել կամ չընդունել։ Կարելի է նաև երկար-բարակ խոսել՝ այդպես էլ գրեթե ոչինչ չասելով «քոմփսընական եսասիրության ու կեղծ հպարտության» մասին։ Ի վերջո, Քոմփսընները պարտվել չգիտեին, դրա համար էլ, ի տարբերություն այդ տանը ծառայող սևամորթների, չկարողացան դիմանալ։ Եթե ընթերցողը խիզախի և կարդա վեպը, ինքն իրեն անպայման հարց կուղղի․մեր կյանքը միայն Շառաչ և Ցասու՞մ է, թե՞ ավելին է։
Արթուր Իսրայելյան