ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

ՀՀ պոտենցիալ աճը կարող է էականորեն խթանվել, բայց առաջընթացի արագությունը մինչ այժմ դանդաղ է․ հետազոտություն
16:00 11.11.2019

ՀՀ պոտենցիալ աճը կարող է էականորեն խթանվել, բայց առաջընթացի արագությունը մինչ այժմ դանդաղ է․ հետազոտություն

Հայաստանի կառավարությունը վճռականորեն շարժվում է դեպի շատ անհրաժեշտ կառուցվածքային քայլերով, և մնում է տեսնել, թե արդյոք կա քաղաքական կամք՝  Հայաստանի տնտեսությունը վերջնականապես վերափոխելու համար։ Որոշ բարելավումներ արդեն նկատելի են։ Այս մասին ասվում է Barclays-ի հետազոտության մեջ։

Նշվում է, որ առավել ուշագրավ է ֆիսկալ՝ հարկաբյուջետային, կանոնների իրականացումը, որն օգնել է իջեցնել բյուջեի դեֆիցիտն ու պետական պարտքի մակարդակը: Ավելին, մայիսին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ-IMF) hետ կնքված համաձայնագիրը  (IMF Stand-By Arrangement) կարևոր խարիսխ է բարեփոխումների համար և աջակցություն Հայաստանի արտաքին մնացած խոցելի կողմերի համար: Ասվում է, որ Fitch-ի հավանական վարկանիշային նորացումը նոյեմբերի 22-ին իր հաջորդ վերանայման ամսաթվին (Moody's-ի կողմից օգոստոսին նմանատիպ վարկանշավորումից հետո) կարող է դրական կատալիզատոր հանդիսանալ Հայաստանի համար:

Անդրադառնալով հարկաբյուջետային ճշգրտումներին՝ այն համարվում է ողջունելի, նշելով, որ Հայաստանի տնտեսությունը լավ զարգացել է, որին նպաստել է սպառողական ծախսերի աճը: 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՆԱ-ն ընդլայնվել է 6.9%-ով, որը բարձր է 2018թ․-ի միջին 5.2%-ից: Կան նաև նախանշաններ, որ արտահանման աճը վերականգնվում է  2018-ից հետո։

Չնայած առևտրի դեֆիցիտը փոքր-ինչ նվազել է, այլ հաշիվների վատթարացումը պատճառ է դարձել, որ ընթացիկ հաշվի դեֆիցիտն ավելի ընդլայնվի, հասնելով ՀՆԱ-ի շուրջ 9,5%-ի, ինչը Հայաստանին խոցելի է դարձնում արտաքին ցնցումների դեպքում: Լավ նորությունն այն է, որ ԱՄՀ-ի (Stand-By Arrangement-SBA) 3 տարում 248 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիրը  նման սցենարի դեպքում շատ անհրաժեշտ աջակցություն է: SBA-ը նախազգուշական է, ինչը նշանակում է, որ իշխանություններն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել՝ օգտագործելու վարկային գծի մի մասը: Բացի այդ, Հայաստանը համաձայնեցրել է Համաշխարհային բանկի հետ երկրի գործընկերության նոր շրջանակը, որը կարող է բացել 300-400մլն դոլարի ֆինանսավորումը մինչև 2023 թվականը:

Բացի արտակարգ իրավիճակներում արտաքին ֆինանսավորում տրամադրելուց, ԱՄՀ ծրագիրը նաև կարևոր խթան է բարեփոխումների համար: Հիմնադրամի տեխնիկական օգնությամբ Հայաստանը 2017 թվականի վերջին որոշ փոփոխություններ մտցրեց իր հարկաբյուջետային օրենքներում, որի արդյունքներն արդեն նկատելի են: Կառավարության պարտքի մակարդակի բարձրացման մի ժամանակահատվածից հետո այս կանոններով կառավարությանը խստացրեց հարկաբյուջետային քաղաքականությունը: Հայաստանի հարկային օրենսգիրքը սահմանում է, որ պետական պարտքի մակարդակը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60% -ը և ներառում է ավտոմատ շտկող մեխանիզմ, երբ պարտքերի մակարդակը մոտենում է այդ սահմանին: Ֆիսկալ կանոնների ուժի մեջ մտնելու արդյունքում անցած տարվա ընթացքում բյուջեի դեֆիցիտը կտրուկ նվազել է և այժմ տեղափոխվել է դեպի ավելցուկ (Նկար 2): Սա օգնել է իջեցնել պարտքի մակարդակը ՀՆԱ-ի մոտ  53%-ի մակարդակի, որը նվազել է 59% գագաթնակետից: Հատկանշական է, որ ծախսերի անկման մեծ մասը եկել է բյուջեի կապիտալ ծախսերի կտրուկ անկման գնով, ինչը վատ արդյունք է տալիս աճի համար:

Նշվում է, որ ՀՀ նոր կառավարության ռեֆորմիստական օրակարգը խթանում է Moody’s-ի վարկանիշային աղյուսակում բարձրացումը, որը օգոստոսին դրականից կայուն էր գնահատել արտոնյալ պարտքի հեռանկարը (B1-ից Ba3): Սրան կարող է հետևել Fitch-ի վարկանշավորումը, որը կհրապարակվի նոյեմբերի 22-ին, որտեղ Հայաստանը ներկայումս B+ մակարդակում է։

Այլ բարեփոխումների հարցում առաջընթացը որոշ չափով դանդաղ է եղել։ Ասվում է, որ նոր կառավարությունն այս տարվա սկզբին ընդունեց բարեփոխումների հավակնոտ ծրագիր, ինչը, անշուշտ, թվում է, որ կարող է զգալիորեն խթանել ՀՆԱ-ի հավանական աճը, եթե այն իրականացվի: Սակայն ասվում է, որ ծրագիրը բավականին մշուշոտ է՝ ճշգրիտ քայլերի մանրամասների հետ կապված, և մինչ այժմ առաջընթացը դանդաղ է եղել։

Կառավարության ծրագրի հիմնական ոլորտների առումով այն կենտրոնանում է Հայաստանում ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական համակարգի վերափոխման վրա․  երկրում ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդում, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավում և տնտեսական աճի խթանում:

Ասվում է, որոշակի բարդություններ են առաջացել բարեփոխումների իրականացման առումով, օրինակ, վարչապետ Փաշինյանը դանդաղել է Ստամբուլի կոնվենցիան վավերացնելու կամ Ամուլսարի ոսկու հանքավայրում խնդիրը լուծելու գործում, ինչը մասամբ կապվում է կառավարության կողմից ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու դժկամության հետ։ Նշվում է, որ Հայաստանի հասարակության պահպանողական մասը դեմ է Ստամբուլի կոնվենցիային, իսկ Ամուլսարի հանքավայրում աշխատանքները դադարել են՝ կապված բնապահպանական բողոքների պատճառով:

Ամուլսարի խնդրի հետ կապված ասվում է, որ, չնայած, վարչապետը հանդես է եկել  Լիդիանի (Ամուլսարի սեփականատիրոջ) պաշտպանությամբ, սակայն ոչինչ չի արվել բողոքի ցույցերը դադարեցնելու համար, այսինքն հանքը մնում է փակ: Նշվում է, որ սա առանցքային դեպք է, որը կարող է կարևոր հետևանքներ ունենալ Հայաստանում ներդրումներ կատարելու ընկերությունների պատրաստակամության վրա, և, հետևաբար, վարչապետ Փաշինյանի երկմտությունը գուցե ճիշտ ազդանշան չուղարկի:

Միևնույն ժամանակ, մինչդեռ անցած տարի բյուջեի դեֆիցիտի կրճատումը հուսադրող է, սակայն այն անհամաչափորեն պայմանավորված է եղել կապիտալ ծախսերի անկմամբ, ինչը հակասում է նրան, ինչ պետք է անի կառավարությունը, եթե ցանկանում է խթանել ներդրումները: Խոստումնալից է համարվում 2020 թվականի բյուջեի նախագիծը, քանի որ նախատեսվում է մեծացնել ենթակառուցվածքների և կապիտալ այլ ծախսերը, իսկ պաշտպանական ծախսերը նախատեսվում է նվազեցնել: Բայց մինչ այժմ հանրային ծրագրերի իրականացման արդյունքները չնչին են:

Ընդհանուր առմամբ, ասվում է, որ եթե քաղաքականությունն իրականացի, ապա Հայաստանի պոտենցիալ  աճը կարող է էականորեն խթանվել, բայց առաջընթացի արագությունը մինչ այժմ դանդաղ է եղել, քան սպասվում էր՝ հաշվի առնելով 2018 թվականի հեղափոխությունից հետո արագ վերափոխման մեծ հույսերը:

Աղբյուր` Panorama.am

16:00 11.11.2019

Ամենաշատ ընթերցվածները