ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կապանում անցկացվեց բասկետբոլի մրցաշար
19:00 11.11.2019

Կապանում անցկացվեց բասկետբոլի մրցաշար

Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը տարիներ առաջ նախաձեռնեց և կազմակերպեց թաղամասային ֆուտզալի, մինի ֆուտբոլի մրցաշար։ Այս տարի ամռանը անցկացվեց վոլեյբոլի, իսկ վերջերս Կապանում առաջին անգամ կազմակերպվեց նաև բասկետբոլի մրցաշար։

Երիտասարդական խորհրդի նախագահ Վրույր Հարությունյանի խոսքով՝ բասկետբոլի կարիք Կապանում զգացվում էր․«Մեզ դիմեցին բազմաթիվ կապանցի երիտասարդներ, որ անցկացվի նաև բասկետբոլի մրցաշար։ Սկզբից թերահավատորեն էինք վերաբերվում, մտածում էինք, որ այն լայն շրջանակ չի ունենա, բայց մրցաշարը պատկերը հստակ փոխեց։ Հաշվի առնելով կապանցիների մեծ հետաքրքրությունը՝ կդարձնենք ամենամյա մրցաշար։ Եվ քանի որ մրցաշարը սիրողական բնույթ ունի, ուստի նպատակը իդեալական խաղ ունենալը չէր։ Այդ պատճառով մասնակիցների մարզավիճակին ուշադրություն չէինք դարձնում», - ասաց Վրույր Հարությունյանը։

Մրցաշարի նպատակը համայնքի երիտասարդների շրջանում մարզական կյանքը ակտիվացնելն է, ինչն էլ իր հերթին Կապանում կբերի ինչպես մարզաձևի, այնպես էլ թիմային մտածելակերպի զարգացում․«Հետաքրքրվածությունը, որպես առաջին անգամ, գնահատում ենք միջինից բարձր, ընդհանուր առմամբ մեր այս նախաձեռնությամբ հետաքրքրված էր մոտ 300-400 կապանցի, իհարկե, հաշվի առնելով նաև սոցիալական ցանցերում արձագանքը»։

Մրցաշարին մասնակցեց Կապանի տարբեր թաղամասերից վեց թիմ։ «Ամեն թիմում ընդգրկված էր 10-12 մարզիկ։ Հաղթեց Թումանյան թաղամասի թիմը, իսկ Ռ․Մինասյան և Ա․Մանուկյան թաղամասերը համապատասխանաբար զբաղեցրին երկրորդ և երրորդ տեղերը։ Համայնքապետն էլ մրցանակային ֆոնդ էր հատկացրել․առաջին տեղի համար՝ 500․000 դրամ, երկրորդին՝ 200․000, իսկ երրորդին՝ 100․000 հազար դրամ», - ասաց Վրույր Հարությունյանը՝ հավելելով, որ լավագույն մարզիկ անվանակարգին էլ արժանացավ Ռ․Մինասյան թաղամասից Արտյոմ Հարությունյանը։ 

Նախաձեռնության հեղինակները նշում են, որ Կապանում անցկացված բասկետբոլի մրցաշարը շարունակական է լինելու՝ հույս ունենալով, որ կգա ժամանակ, երբ հնարավորություն կունենան  Կապանում բասկետբոլի ակումբ ունենալ․ «Արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ ենք, հաշվի առնելով, որ կազմակերպվում է առաջին անգամ։ Կային որոշակի տեխնիկական հարցեր, որոնք ծագում էին մրցաշարի ընթացքում, բայց վստահ եմ՝ տարեցտարի այն ավելի լավ, կազմակերպված կլինի։ Հատկապես վիճելի պահեր էին ստեղծվում մրցավարական աշխատանքում, քանի որ մարզաձևը իր կանոններն ունի, որոնք դժվարություններ էին ստեղծում մրցավարական կազմի համար։ Բայց, այնուամենայիվ, կարևորն այն է, որ ամեն ինչ արդար անցավ»։

Նարե Խաչատրյան

19:00 11.11.2019

Ամենաշատ ընթերցվածները