ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը լավատես է Հայաստանի հարցում
13:00 13.11.2019

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը լավատես է Հայաստանի հարցում

Հայաստանը կարող է ապահովել միլիարդավոր դոլարների համարժեք արտահանում առաջիկա 10-20 տարիների ընթացքում մի քանի ոլորտներում, որտեղ, եթե պատշաճ կերպով ներդրումներ արվեն, ապա հնարավոր է իրականացնել երկրի իշխանությունների կողմից խոստացված տնտեսական հեղափոխությունը: Սա երկրի վերաբերյալ այն հիմնական եզրահանգումներից է, որն արել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Հայաստանի մասին «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Հայաստանի վերաբերյալ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի քննարկումը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի 11-րդ նստաշրջանում, որի ընթացքում ընդգծվեցին երկրի զարգացման ներուժ ունեցող մի շարք ոլորտներ, ներառյալ բարձրագույն տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գինեգործությունը, գյուղատնտեսությունն ու դեղագործությունը:

Այն նաև ուսումնասիրել է հավանական ներուժ ունեցող մի շարք ոլորտների զարգացման հեռանկարը: Դրանք ներառում են բիզնեսի աութսորսինգը, տարածաշրջանային լոգիստիկան, սննդի անվտանգությունը, օդանավերի վերանորոգումը և սպասարկումը, տարածաշրջանային ֆինանսական ծառայությունները և բարձրագույն կրթությունը:

Բացառություն չի կազմում օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) հարցը: Փորձ է արվում վերականգնել ներդրումային հոսքերը նախաճգնաժամային մակարդակի: Հաշվի առնելով երկրի քաղաքական վերջին զարգացումները՝ ներդրողներն այժմ զբաղեցրել են սպասողական դիրք:

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը կոչ է անում բարելավել ներդրումային միջավայրը բարեփոխումների միջոցով: Ներդրումային քաղաքականության ուսումնասիրությունը» առանձնացնում է ներառական աճի ու կայուն զարգացման միտումները, որոնք կօգնեն կարգավորել մի շարք կարևոր սոցիալական ոլորտի հիմնախնդիրներ:

Աղբյուր` Panorama.am

13:00 13.11.2019

Ամենաշատ ընթերցվածները